Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի տասը պահանջները
![]() 271 Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 17:12 Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը․ 1․ Ադրբեջանը պետք է չձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ։ 2․ Ադրբեջանը չպետք կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող հայազգի անձանց, կամ կանխել վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձը իրենց տներ, այդ թվում՝ նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ երկրներ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է առանց խոչընդոտի թույլատրի նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ 3․ Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։ 4․ Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը չպետք է որևէ կերպ միջամտի նրանց գործունեությանը։ 5․ Ադրբեջանը պետք է օգնի և որևէ կերպ չխոչընդոտի, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն կարողանա օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել «Կարմիր խաչի» հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները։ 6․ Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և պետք է ապագայում դրանք չխաթարի։ 7․ Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։ 8․ Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին կամ որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որ դեռ կա Լեռնային Ղարաբաղում։ 9․ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի նկատմամբ իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։ 10․ Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի դատարանին հաշվետվություններ ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի տվյալ կարգադրությունն իրագործելու ուղղությամբ, որոշման կայացումից մեկ ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև որ դատարանն այս գործով կայացնի վերջնական որոշում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
