Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով. «Ապրելու երկիր» կուսակցություն

Երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով. «Ապրելու երկիր» կուսակցություն
221
Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 12:30

«Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Երևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունից հետո տեղի ունեցած քաղաքապետի երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով, ինչի արդյունքում ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետը չի կարող ստանձնել իր լիազորությունները։
«Երևան քաղաքում տեղական ինքակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո՝ երրորդ օրացուցային օրը, ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի հրավիրված նիստի ժամանակ քվորում չի եղել՝ քանի որ երեք խմբակցությունները չեն մասնակցել նիստին։
Արդյունքում, նիստը տեղի չի ունեցել և Երևանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները։ Այս պարագայում Երևանի քաղաքապետը չի կարող հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։
Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաև Թալին և Սիսիան համայնքերում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին Կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու և հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաև երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։
Կոչ ենք անում, ընդդիմադիր խմբակցություններին չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։
Կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով»: