«Ալիևը խաղարկում է իրանական գործոնը. Հայաստանը ռեգիոնում մնում է առանց դաշնակիցների». Սուրեն Սուրենյանց
276
Շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ., 02:18
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը խաղարկում է իրանական գործոնը. Հայաստանը ռեգիոնում մնում է առանց դաշնակիցների Ալիևը կլանեց Արցախը, սակայն որևէ էական խնդիր չունեցավ ոչ Ռուսաստանի (նրա այդ քայլն ուղղված էր Մոսկվայի տարածաշրջանային ազդեցության դեմ), ոչ Արևմուտքի (օրինակ, ԱՄՆ-ն Արցախի ժողովրդի դեմ հարձակումը համարել էր «կարմիր գիծ») հետ: Ավելին, խորապես վստահ եմ, որ ԼՂ-ի ոչնչացումը տեղի է ունեցել միջազգային լռելյայն կոնսենսուսի և իհարկե՝ Փաշինյանի վառած «կանաչ լույսի» շնորհիվ: Ավելին, ԼՂ-ի դեմ գործողությունների նախապատրաստման վերջին փուլում՝ հուլիս ամսից, Ալիևը հետևողականորեն հասավ Իրանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի վերացմանը: Այսօր Ալիևն ու Ռաիսին հանդիպել են ու քննարկել են տնտեսական մեգա ծրագրեր, իսկ Ադրբեջանի նախագահը խոսել է «արտատարաշրջանային ուժերի անհաջող ջանքերի մասին, որոնք ուղղված էին Ադրբեջանի և Իրանի բարեկամական հարաբերությունների դեմ»: Այնպիսի տպավորություն է, թե Իրանն, որ ամիսներ առաջ Բաքվի ագրեսիվ քաղաքականության հիմնական խոչընդոտն էր, հիմա վերածվում է նրա դաշնակիցներից մեկի, որի միջոցով Ալիևը փորձում է իրականացնել Հայաստանի ռեգիոնալ մեկուսացման քաղաքականությունը: Շատերը սա համարում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից հրաժարում, ես ավելի շուտ կարծում եմ՝ տեղի է ունենում, այսպես կոչված, «հաղթողների» ու Իրանի գլոբալ համաձայնություն կամ Թեհրանի վերակողմնորոշում՝ «պարտված» Հայաստանից «հաղթած» Ադրբեջանի ուղղությամբ: Իսկ դա ենթադրում է ոչ թե «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի առհավետ փակում, այլ դրա նկատմամբ իրանական բացասական հետաքրքրության թուլացում, մանավանդ, որ Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի ունեցող «Հյուսիս- Հարավ» միջանցքի հնարավոր գործարկումը և Աղբանդի կամրջի շինարարությունը ընդհանուր շահեր է ձևավորում Ադրբեջանի և Իրանի միջև: Սա է արդյունավետ քաղաքականությունը, երբ Ալիևին հաջողվում է, մի կողմից, 44-օրյա պատերազմի հաղթանակի «ճարտարապետ» դարձնել Իսրայելին, մյուս կողմից՝ վերացնել ճգնաժամը Իրանի հետ հարաբերություններում: Արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիան հենց այն է, որ Ալիևին հաջողվում է արևմտյան հարթակների միջոցով ստանալ ԼՂ «կլանումը», իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում էֆեկտիվ համագործակցել Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ՝ առնվազն խորացնելով Հայաստանի մեկուսացումը: Արտաքին քաղաքականության մեջ արդյունքն է կարևորը, ոչ թե կեղծ ակտիվիզմը, «Խաչմերուկի» մասին խոսակցությունները՝ երկիրը խցանման մեջ թողնելու հեռանկարով: Ասել եմ ու կրկնում եմ՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքը լինելու է Մոսկվայից Հայաստանի կախվածության մեծացումը»: