«Հանրապետության պահպանման բանալին». Սուրեն Սուրենյանց
235
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 15:54
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու առաջարկություններ արվեցին՝ այսօրվա աղետը կանխելու նպատակով: Առաջինը՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էր, որը միտված էր երեք նախկին նախագահների կոնսոլիդացված մասնակցությանը՝ նրանց վարչապետական հավակնությունների բացառմամբ, որը երաշխավորելու էր Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Երկրորդը՝ 2022-ի սեպտեմբերին էր, որը միտված էր նրան, որ Հայաստանի գործող և նախկին ղեկավարների կոնսենսուսով միասնական պատասխանատվություն ստանձնվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում՝ զգայուն հարցը ներքաղաքական շահարկումներից ու Հայաստանն արտաքին ճնշումներից ձերբազատելու նպատակով: Երկու առաջարկությունների հեղինակն էլ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ու, ցավոք, դրանք մերժվեցին հիմնական դերակատարների կողմից՝ չարժանանլով նաև հասարակության աջակցությանը: Դեժավյուի տպավորություն առաջացավ: 1997-ին, երբ Առաջին նախագահը՝ հայտնի հոդվածով, ձևակերպում էր Հայաստանի զարգացման տեսլականը, «Հայկական Թերմիդորը» նույն անփաստարկ հետևողականությամբ մերժեց պետականության կայուն ընթացք երաշխավորող այդ կոնցեպցիան: Ինչևէ, վերադառնանք մեր օրեր: Ուրեմն, Տեր-Պետրոսյանի զույգ առաջարկությունների ընդունումը կարող էր թուլացնել, կասեցնել այն պետականակործան ընթացքը, որը թելադրված էր հետպատերազմյան ստատուս-քվոյով: Չընդուցինք, հիմա «դեղարաբաղիզացված» հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացը հասել է մի հանգրվանի, որի ցանկացած լուծում շոշափելու է Երրորդ հանրապետության հիմքերի վերանայման հարցը, ինչն իր հետ կարող է բերել տարածքային կորուստներ կամ ֆունկցիոնալ իմաստով՝ պետականության ճգնաժամ: Սրա համար՝ «պարտական» ենք Նիկոլ Փաշինյանին ու պետք է անիծենք ոչ թե արտաքին դերակատարներին, այլ մեր քաղաքական մտածողությանը, որը չկարողացավ հետպատերազմյան փուլում ազգային- պետական նոր ռեալիստական նախագիծ հեղինակել՝ որպես այլընտրանք Փաշինյանի ազգակործան ընթացքին: Հիմա կանգնած ենք բարդ լուծումների առջև: Արդյո՞ք Հայաստանի ընդդիմադիր ուժերը գիտակցում են, որ մեր պետականության լինելիությունն առաջին հերթին պայմանավորված է հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների որակով ու այդ հարթության վրա մեզ դարձյալ սպասվում են բարդ լուծումներ: Եթե այս գիտակցումը կա, իրական խաղաղության հաստատման և Հանրապետության պահպանման հնարավորություն գոյություն ունի: Սա է բանալին, որի միջոցով կարող ենք Հայաստանում հասնել ներքին փոփոխությունների ու ճկուն դիվանագիտության շնորհիվ՝ նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից»: