«Հայաստանի և Հնդկաստանի գործակցությունը խափանելը ձեռնտու է Ադրբեջանին և Ռուսաստանին». Ռ. Անանյան
254
Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 09:30
Լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի և Հնդկաստանի գործակցությունը խափանելը ձեռնտու է Ադրբեջանին և Ռուսաստանին։ Ադրբեջանը կուզենա, որպեսզի Հնդկաստանն այլևս զենք չվաճառի Հայաստանին, որ ինքը անխոչընդոտ շարունակի ռազմական հարձակումների մարտավարությունը։ Եվ կան հիմքեր պնդելու, որ հանուն այդ նպատակի՝ Ադրբեջանը և իր դաշնակից Ռուսաստանը հնդիկների դեմ ատելություն են գեներացնում։ Դա անում են ՀՀ-ի՝ ռուսական ծառայության մեջ գտնվող ուժերի միջոցով։ Մի «հայասեր ռուս» արդեն բացահայտվեց և բռնվեց գործի վրա։ Կան հիմքեր պնդելու, որ սա լավ ծրագրված արշավ է՝ խոցելու հայ-հնդկական գործակցությունը։ Կարող եք ինձ մեղադրել՝ գույները խտացնելու մեջ, բայց ինչո՞ւ են այսքան փաստեր հեշտորեն համադրվում։ Ադրբեջանը և Ռուսաստանը կուզենան, որ Հայաստանում այնքան մեծ ատելություն գեներացվի հնդիկների դեմ, որ սկսեն սպանել և հալածել նրանց։ Այդ դեպքում՝ Հնդկաստանը կվերանայի Երևանի հետ գործակցությունը, և որպես հետևանք՝ կդադարեցնի ՀՀ-ին զենքի վաճառքը, չեղարկվի Հնդկաստան-Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունը։ Առջևում կա Հյուսիս-Հարավ, Սև ծով-Պարսից ծոց միջանցքային նախագիծը, որի տապալումը ևս ռուս-ադրբեջանական նպատակ կարող է լինել։ Ի վերջո, Հնդկաստանի հետ Հայաստանի գործակցության նպատակ է նաև Արևմուտքի հետ գործակցության ճանապարհը հեշտացնել՝ նվազեցնելով Ռուսաստանից կախվածությունը։ Հասկանո՞ւմ եք, պետությունների հարաբերությունները փչացնելը չի արվում պարզագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ գործի են դրվում հատուկ մշակված գործիքներ։ Ուսումնասիրում են տվյալ հասարակությանը՝ նրա թույլ և ուժեղ կողմերը գրանցում, վախերը և խոցելի դարձնող էմոցիաները հաշվառում։ Հետո դրանք կկիրառվեն արդեն կոնկրետ դրվագներում՝ միջադեպերի հրահրմամբ։ Ռուսաստանը, օրինակ, 1905-1906 թվականներին հակացարական տրամադրությունները մեր ռեգիոնում ճնշելու, աղճտելու նպատակով՝ հրահրում էր հայ-թաթարական բախումներ։ Ցարիզմի դեմ պայքարի փոխարեն՝ հայերն ու թաթարները սպանում էին իրար։ Հայաստանին ո՞նց խոցելի դարձնել։ Իհարկե, շահարկել օտարի կողմից օկուպացվելու վախը։ Հնդիկների կողմից օկուպացվելու վախ էր ակնարկել «հայասեր ռուսը», ում գրառումը մտահոգված դեմքով կիսել էին նաև ինձ ծանոթ, ենթադրաբար՝ ադեկվատ մարդիկ։ Միանգամից հո չեն հասնի հնդիկների սպանությունների փուլին, նախ՝ սկսում են թեթև թույն ներարկել, որը հետո կուժեղացնեն և կդարձնեն մահացու, և կխայթեն։ Դա կբերի Հայաստանում ներքին անկայունության, բախումների։ Դե, ռասիստական խմբավորում էլ արդեն ստեղծվել է, Նժդեհին էլ կկարգեն «հայկական ֆաշիզմի հիմնադիր»։ Չի բացառվում, հայտնի ռասիստական նորահայտ խմբավորումը շուտով «Հայաստանը միայն հայերին» կարգախոսով սկսի «մաքրել սուրբ հայրենիքը» հնդիկներից։ Դերակատարները կան՝ թեման կսկսեն տաքացնել այնքան, որ ՀՀ-Հնդկաստան շփմանը հարված հասցնեն։ Ռուս-ադրբեջանական քարոզչագործիքներին անհրաժեշտ են արյունոտ սթորիներ՝ լուսանկարիչը կա, լրագրողները ծփում են, լայվերն ու փողոցային շոուները կլինեն։ Կարճ ասած՝ 2022-ի հունվարյան Ղազախստան են ուզում ստանալ Հայաստանից։ Ռուսաստանը կուզենա, որպեսզի հայ-հնդկական հարաբերությունները փչանան, որպեսզի Հայաստանը զրկվի զենքի լավ շուկայից, չբալանսավորի անվտանգային համակարգը, չթուլացնի անվտանգային կախվածությունը իրենից։ Այդ դեպքում՝ Ռուսաստանը չի կորցնի վճարունակ զենքի շուկա՝ ի դեմս ՀՀ-ի։ Հնդիկների դեմ ազգային ատելության հիմքով հարձակումները, սպանություններ, ֆիզիկական հալածանքներ կազմակերպելը՝ կդառնան Երևան-Դելի սրացման առիթ։ Մի դեպքում՝ նախ զինվորական հագուստ կրելու համար կհալածեն հնդիկներին, հետո՝ Երևանի կենտրոնում ուրախանալու, հետո՝ կսկսեն կեղծ մեղադրանքներ հորինել՝ բռնաբարությունների, գողությունների, ադրբեջանցիներին ծառայելու և նրանց օգտին լրտեսելու և հազարավոր այլ մեղքերի վերաբերյալ։ Հավատացեք, նրանց ֆանտազիան կհերիքի՝ հնդիկներին դեմոնացնելու։ Ընդ որում, եթե Հայաստանում իրանցիներ, վրացիներ լինեին, այս տեխնոլոգիան նաև նրանց դեմ կգործարկվեր։ Երբ Եվրոմիության դիտորդները եկել էին Հայաստան, սկսեցին կեղծիք տարածել տեղի ռուսասեր անձինք, թե նրանք շրջում են Հայաստանի գյուղերով, հավաքում են տվյալներ, թե ադրբեջանցիները որ տներում են ապրել, և ինֆորմացիան փոխանցում են Բաքվին։ ԵՄ առաքելության դեմ ևս մեկ կեղծիք կար, որ ՀՀ զորամասերի կոորդինատները փոխանցում են Բաքվին։ Հետո Մարիա Զախարովան չդիմացավ, և հրապարակային «մտահոգվեց», որ ԵՄ դիտորդները լրտեսում են ռուս զինծառայողներին ՀՀ-ում։ Այսինքն, կեղծ լուրերի այս մեթոդը մի անգամ ԵՄ-ի դեմ կիրառել է Ռուսաստանը՝ ՀՀ-ում իր գործակալների միջոցով։ Ինչո՞ւ մեթոդը չկիրառել հնդիկների դեմ։ Եվ պատահական չէ, որ գտնվում է մի «հայասեր» ռուս, որը կապված է կրեմլյան քարոզչագործիքների հետ, որը որոշում է ահազանգել հայերին, որ «հնդիկները եկել-լցվել են ձեր սուրբ երկիր՝ ձեր փոխարեն քեֆ են անում», ու մեկ էլ «պատահաբար» այս ազնվազարմ «հայասեր» ռուսը հնչեցնում է Հայաստանը Հնդկաստանին միացնելու «ահազանգ»։ Դե էլ ո՞նց հայերի շրջանում ատելություն սերմանել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, եթե ոչ՝ «երկիր կորցնելու» սոուսով։ Հայաստանին հատուկ չեն եղել միջէթնիկական կոնֆլիկտները ներսում։ Ազգային փոքրամասնությունները ՀՀ-ում ապրել են՝ ինչպես հայերը, և ազգային խտրականության հիմքով բախումները, կոնֆլիկտները խորթ են մեզ։ Հիմա ուզում են այն դարձնել մեր առօրյայի մասը և գործիք՝ մեր պետությունը թուլացնելու։ Բոլոր այն հայերը, որոնք մասնակցում են ՀՀ-ում ապրող հնդիկների դեմ արշավներին, կամա թե ակամա՝ աջակցում են Հայաստանի դեմ թշնամական օրակարգի առաջմղմանը։ Դուք աջակցում եք մեր պետության թուլացմանը։ Ձեզ օգտագործում են՝ ուռա-հայրենասիրական լոզունգների կիրառմամբ, կեղտոտ ձևով օգտագործում են ձեր ամենանուրբ հայրենասիրական զգացումները։ Եթե չեք հասկացել, թե ինչի մեջ են ձեզ ներքաշում, մտածեք ևս մեկ անգամ։ Ձեզ դարձնում են գործիք՝ ձեր պետության դեմ, մեր պետությունը ապակայունացնելու, մեկուսացնելու, խոցելի դարձնելու նպատակով։ Եթե Հայաստանը համարում եք ձեր պետությունը և իրոք սիրում եք, մտածեք ձեր ուղեղով և այլևս մի ներքաշվեք օտարների կեղտոտ խաղերի մեջ։ Եթե նույնիսկ՝ իմ գրառման մեջ արտահայտված մտահոգությունս չափազանցված է, միևնույնն է՝ մենք պետք է խելացի գտնվենք, և թույլ չտանք օգտագործել մեր թույլ կետերը՝ մեր դեմ։ Միգրացիոն հոսքերը կառավարելու համար կան պետական կառույցներ, իրավակարգը պահպանելու համար կան ԱԱԾ, Ոստիկանություն և դատաիրավական համակարգի այլ մարմիններ։ Եթե իրավախախտումներ եք տեսնում որևէ աշխատանքային միգրանտի, զբոսաշրջիկի կողմից, ահազանգեք պետությանը։ Եթե ձեր ահազանգին չեն արձագանքի պատշաճ, խոսեք այդ մասին հրապարակային դաշտում։ Հավատացեք՝ հանրային հնչեղություն կլինի։ Միայն թե՝ մի՛ տրվեք ձեր պետության դեմ սադրանքին։ Հետաքրքիր կլինի, թե 2024-ի համար դեռ ի՞նչ սցենարներ են պատրաստել՝ Հայաստան-Հնդկաստան համագործակցության դեմ։ Կարծում եմ՝ հաջորդ պատմությունը չի ուշանալու»: