Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվին». իրանագետ

«Պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվին». իրանագետ
258
Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 01:00

Հնդկաստանն արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական խմբավորմանը հարվածներին.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Հնդկաստանը պաշտոնապես արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով հասցված իրանական հարվածներին, քանի որ պետք է զրո հանդուրժողականություն դրսևորվի ահաբեկիչների նկատմամբ։

Պատկերը, սակայն, ավելի լայն է և ավելի հետաքրքիր, որովհետև հարվածներին նախորդել էր Հնդկաստանի արտգործնախարարի այցն Իրան, իսկ դրա ընթացքում նաև քննարկվել էր հնդկական Հյուսիս-հարավ տրանսպորտային հանգույցի կարևոր բաղադրիչ իրանական Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնման հարցը։

Այն պայմաններում, երբ իրանամետ եմենյան հութիները փաստացիորեն սահմանափակել են Կարմիր ծովով բեռների տեղաշարժը, հնդկական Հյուսիս-հարավն էլ ավելի հրապուրիչ և արդիական է դարձել աշխարհի համար։ Իսկ իրանական Չաբահարի մրցակիցը պակիստանյան Գվադարն է, ուստի իրանական հարվածը կրկին բազմակողմ է աշխարհաքաղաքական առումով։

Ուղերձը շատ հստակ է և խորը՝ Կարմիր ծովն անվտանգ չէ, Պակիստանն անկայուն և ահաբեկիչներին իր տարածքում պատսպարող պետություն է, իսկ Թեհրանը հաշվի չի նստում նույնիսկ դրա միջուկային կարգավիճակի հետ, ուստի Հնդկաստանից սկսվող և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-հարավն է դառնալու Հնդկական թերակղզին Եվրոպային կապող ամենակարճ և անվտանգ միջազգային ուղին։

Թուրանական «Միջին միջանցք» կոչեցյալն էլ այս ծրագրի հակոտնյան է, և Հայաստանի տարածքով դրա անցկացումը ուղղակիորեն հակասում է թե՛ հնդկական, թե՛ իրանական շահերին, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվի բարբարոսական վարչախմբին և զգուշացնում Թուրքիային։

Հետևաբար, Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները և քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ՝ դառնալու հենց Հյուսիս-Հարավի մասնակից և այս հարցում լրջագույն աշխարհաքաղաքական այլընտրանք արհեստածին Ադրբեջանին, որը դաշնակցում է Հնդկաստանի ախոյան Պակիստանի և Իրանի թշնամի Իսրայելի հետ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան