Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սա մի մտայնություն է, որն առնվազն շատ կուզի ցանկացած հակառակորդ». Հակոբ Բադալյան

«Սա մի մտայնություն է, որն առնվազն շատ կուզի ցանկացած հակառակորդ». Հակոբ Բադալյան
272
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 22:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում շարունակում է դրսեւորվել մի մտայնություն, որ խնդիրների եւ անվտանգության սպառնալիքների լուծումը Ադրբեջանի հետ ամեն գնով հաշտությունն է:
Ով փոքր ինչ կասկած է հայտնում առ այն, որ ներկայիս շոշափվող բովանդակության եւ դրան զուգահեռ նաեւ միջազգային իրադրության պայմաններում ամեն գնով հաշտությունը ոչ միայն ինքնին իրատեսական չէ, այլ նույնիսկ այդ տրամաբանությունն ինքնին վտանգի աղբյուր է, «հաշտության գինն» անընդհատ թանկացնող է, հռչակվում կամ դիտվում է իբրեւ խաղաղություն «չուզող»:
Սա մի մտայնություն է, որն առնվազն շատ կուզի ցանկացած մրցակից կամ հակառակորդ, որը քեզ հետ խոսում է ուժի դիրքից: Որովհետեւ, ինքն այդպես քո իսկ հանրության շրջանում ստանում է միջավայր, հող, որը նրան թույլ է տալիս անընդհատ ավելացնել ճնշումը: Հենց մեկը որեւէ անհամաձայնություն հայտնեց այսպես կոչված խաղաղության գործընթացի ներկայիս բովանդակությանը, որեւէ հարց տվեց դրա առնչությամբ, որեւէ կասկած հայտնեց շահեկանության վերաբերյալ, հենց ներսում հռչակվում է խաղաղության թշնամի եւ նույնիսկ դավադիր, ու դրա հիման վրա է նաեւ Ադրբեջանը «առաջ է քաշում» «ռեւանշի» իր «փաստարկը»:
Ըստ այդմ, այդօրինակ գնահատումները թերեւս ոչ թե խաղաղությանը, այլ Ադրբեջանին նպաստող գնահատումներ են: Եվ ոչ միայն Ադրբեջանին, այլ գործնականում՝ Հայաստանից բացի բոլոր խաղացողներին: Որովհետեւ, խաղաղության «բացակայության» պատասխանատվությունը այդպիսով թողնում են Հայաստանի վրա, ու դա այն դեպքում, երբ խաղաղության բացակայությունը հենց ավելի լայն առումով միջազգային իրողությունների հետեւանք է, միեւնույն ժամանակ սակայն այդ իրողությունների համար պատասխանատու դերակատարները որեւէ կերպ չունեն այդ պատասխանատվությունն ընդունելու ցանկություն:
Բացարձակ հեռու եմ այն մտքից, թե խաղաղության գործընթացի վերաբերյալ վերը նկարագրածս գնահատումներում կա համատարած դիտավորություն: Բայց կա մոտեցումները վերանայելու եւ խաղաղության գործընթացի վերաբերյալ հասարակական-քաղաքական քննարկումներն ու բանավեճերը՝ «ով մեզ հետ է՝ խաղաղություն է ուզում, ով մեր դեմ է՝ պատերազմ» տրամաբանությունից դուրս բերելու ընդհուպ կենսական անհրաժեշտություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան