Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ոչ մի գերտերություն Արցախում տեղի ունեցածը չի որակել էթնիկ զտում». Հակոբ Բադալյան

«Ոչ մի գերտերություն Արցախում տեղի ունեցածը չի որակել էթնիկ զտում». Հակոբ Բադալյան
254
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 23:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նկատենք, ոչ մի գերտերություն Արցախում տեղի ունեցածը չի որակել, չի գնահատել էթնիկ զտում: Առավելագույնն ասել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը՝ «նման է էթնիկ զտման»: Ոչ թե էթնիկ զտում է, այլ՝ «նման» է:
Միացյալ Նահանգները այդ հարցին պատասխանում էր, որ՝ դեռ պարզ չէ, դեռ պետք է ուսումնասիրեն: Սա ըստ էության այնպիսի պատասխան է, ինչպիսին օրերս տվել էր տխրահռչակ Զախարովան, որն ասել էր, թե «ուր են էթնիկ զտման ապացույցներ», եւ որը իհարկե մարգարիտսիմոնյանների եւ այլոց հետ հիանալի կատարում է հայկական հանրությանը անհրաժեշտ թեմաներով «զբաղեցնելու» իր դերը:
Եվ ահա, ինչ որ մեկը, իբրեւ թե, կամ գուցե իրականում զայրացած վեր է կենում եւ գնում ինչ որ բան անում Երեւանում՝ Լենինգրադի բլոկադայի ժամանակ զոհված երեխաների հուշարձանին, իբրեւ թե հատուցելով Արցախի երեխաների, արցախցիների կրած տառապանքը:
Դե, նորություն չէ, որ վաղուց ապրում ենք սոցցանցային հերոսության դարաշրջանում, որտեք լայքերի ծարավը իր արագությամբ վաղուց է գերազանցել մտածելուն: Հիմա մտածողության շարժիչը ֆեյսբուքյան կամ յություբյան հաշվիչն է, գրեթե համատարած՝ ես այսինչ բանը որ ասում, կամ անում եմ, դա ինձ թիվ բերելու է՞, թե ոչ:
Իսկ, թե այդ ամենից ինչ է գալիս պետությանը, որեւէ մեկին չի էլ հետաքրքրում:
Հիմա քննենք, ո՞վ շահեց այդ «սոցցանցային հերոսությունից»՝ Արցա՞խը, արցախցի՞ն, Հայաստանը՞, թե միջին վիճակագրական «դամքյաշ» ֆեյսբուքչին ու Ռուսաստանը: Մեկը ստացավ հրճվանքի հերթական բաժինը, մյուսը՝ Հայաստանի իրավապահներին պահանջ ներկայացնելու առիթ: Ընդ որում, նկատենք, լեգիտիմ առիթ, որովհետեւ, եթե օրինակ որեւէ մեկը Ռուսաստանում որեւէ նմանօրինակ վարք դրսեւորի հայկական սակրալ օբյեկտի նկատմամբ, ապա ռուսաստանյան իրավապահներին նույն պահանջը պետք է ներկայացնի Երեւանը:
Այ, եթե օրինակ մարդը գնար հասներ Մոսկվա, կարողանար «բռնացնել» Մարիա Զախարովային եւ որեւէ «պատասխան» տար նրան, ոչ թե Երեւանում՝ լենինգրադյան բլոկադայի զոհ դարձած անմեղ երեխաների հուշարձանին, ապա նրան կարելի էր շնորհել իհարկե կրկնակի կամ քառակի հերոսի կոչում:
Այլապես, ահա մի օրինակ, թե ինչպես են ծավալվում հիբրիդային պատերազմները հասարակությունների դեմ, եւ պարպվում որեւէ հասարակական էներգիա, որը կարող է հանկարծ կուտակվել մի լուրջ օրակարգի շուրջ ու խառնել շատերի խաղաքարտերը, որոնք երեւի թե ներդաշնակ դասավորվել էին Արցախում էթնիկ զտման ագրեսիայի մեկնարկից երկու օր առաջ՝ Լուիս Լ Բոնոյի, Տոյվո Կլաարի եւ Իգոր Խովաեւի Ստամբուլում կայացած հանդիպմանը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան