Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Չի կարելի հիմք տալ, որ կասկածի տակ դրվի Հայաստանի կողմից խաղաղության ձգտումը». Դանիել Իոաննիսյան

«Չի կարելի հիմք տալ, որ կասկածի տակ դրվի Հայաստանի կողմից խաղաղության ձգտումը». Դանիել Իոաննիսյան
287
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 00:48

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չի կարելի հիմք տալ, որ կասկածի տակ դրվի Հայաստանի կողմից խաղաղության ձգտումը
Այո, մենք ունենք հարևան, որն ուզում է մեզ ոչնչացնել, որն ունի մեզանից 4 անգամ շատ բնակչություն, որը վերջին 20 տարում մեզանից 5 անգամ շատ է բանակի վրա ծախսել, որը տասնամյակներով ստեղծել է արդյունավետ դիվանագիտություն և որը (ի տարբերություն մեզ) ունի հավատարիմ դաշնակից։ Ե՞վ։
Եվ մենք պետք է աշխատենք երկու ուղղությամբ՝ 1. կառուցենք բանակը, 2. անենք այնպես, որ աշխարհը զսպի ադրբեջանական ագրեսիան։
1. Բանակի մասով շատ չգրեմ, առանձին թեմա է։ Այո, բանակի բյուջեն շեշտակի աճել է, այո, 3 միլիարդի զենք ենք առել, բայց բանակի համար պետք է ժամանակ ու ռազմատեխնիկական գործընկերներ, որը ևս կապված է հաջորդ կետի հետ։
2. Բայց աշխարհի կողմից Ադրբեջանին զսպելու ու Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար սիրուն աչքերը քիչ են։
Եվրոպական ոչ մի երկիր էական ռազմատեխնիկական համագործակցություն չի ծավալի քո հետ, եթե կասկածի, որ դու կարող է մի օր պատերազմ նախաձեռնես կամ որևէ մեկի վրա հարձակվես։
Արևմտյան ոչ մի լուրջ երկիր քո դեմ ռազմական ագրեսիան չի դատապարտի, դրան կոշտ չի արձագանքի, եթե Ադրբեջանը կարողանա համոզի, որ դու էիր ուզում նախահարձակ լինեիր։
Հետևապես արևմուտքի աջակցության, արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման կամ արևմուտքի կողմից Ադրբեջանի հնարավոր լայնածավալ հարձակումը չներելու համար պետք է, որ դու երկաթբետոնյա փաստարկներ ունենաս այն մասին, որ դու խաղաղություն ես ուզում, որևէ մեկի վրա նախահարձակ չես լինելու։
Քո այդ փաստարկները պետք է լինեն այնքան պինդ ու անվիճելի, որ ադրբեջանական դիվանագիտական մեծ մեքենան ու «առած» լոբիստները խոսելու տեղ չունենան։
Այդ ամենը, ցավոք, չի երաշխավորում պետության կամ Սյունիքի պահպանում, միայն առավել հավանական է դարձնում այն։ Բայց եթե այդ ճանապարհով չգնացինք, բանակ չկառուցեցինք կամ առաջադեմ աշխարհի զսպող աջակցություն կորցրեցինք՝ երաշխավորված է, որ խաղաղություն չենք ունենա, անվտանգություն չենք ունենա, առնվազն Սյունիք չենք ունենա։
Աշխարհում բոլորը պետք է տեսնեն, որ մենք խաղաղություն ենք ուզում և որ բանակը կառուցում ենք բացառապես միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար։ Որևէ մեկը չպիտի դա կասկածի տակ դնելու հիմք ունենա։
Հ.Գ. «Իրանը մեզ կպաշտպանի», «Ռուսաստանը մեզ կփրկի», «Արևմուտքում բոլորն ամեն ինչ լավ էլ հասկանում են» և նման այլ պնդումները հեքիաթների բաժնում»: