«Fly Arna-ի» միակ օդանավը թռել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից

«Հետք»-ը գրել է․ ««Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության (հայտնի է որպես «Ֆլայ Արնա») միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոցում», փետրվարի 26-ին թռել է Շարժա: Իսկ Քաղավիացիայի կոմիտեի՝ այսօր հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից:
Հիշեցնենք, որ մինչև 2023 թ. նոյեմբեր «Ֆլայ Արնան» ուներ 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-YRB եւ EK-YRC: Նոյեմբերի 9-ին EK-YRC-ն Երևանից մեկնել էր Շարժա, իսկ նույն ամսվա վերջին ապագրանցվել էր հայկական ռեգիստրից ու հետո մտցվել ԱՄԷ օդանավերի ռեգիստր՝ «Air Arabia»-ի ավիապարկ (արաբական գրանցումը՝ A6-AQH): Ներկայում A6-AQH-ն թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում:
Փաստորեն, փետրվարի 26-ին EK-YRB-ն ևս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն ևս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում:
«Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» և դրա հայկական հիմնադիր ԱՆԻՖ-ի գլխին սև ամպեր են կուտակվել նախորդ տարեվերջից: Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահ դարձավ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը: Կարճ ժամանակ անց Իսպիրյանը պաշտոնանկ արվեց և դարձավ մեղադրյալ մի քրեական վարույթով, որը, սակայն, կապ չունի ԱՆԻՖ-ի հետ: Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի մասով ևս քրեական վարույթ կա, որը նախաձեռնվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նախաքննությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
ԱՆԻՖ-ի նորակազմ խորհուրդը հունվարին ֆոնդի գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:
2023-ի տարեվերջին «Ֆլայ Արնայի» հիմնադիրները ավիաընկերության կանոնադրական կապիտալը 6 մլրդ դրամից դարձրին 8 մլրդ: Հունվարին ԱՆԻՖ-ը «Հետքին» հայտնել էր, որ սրա պատճառն ավիաընկերությունում ծագած «որոշակի ֆինանսական խնդիրներն» են: Ֆոնդը չէր պատասխանել մեր հարցին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից թռիչքներ չի կատարում: Խնդրել էինք նաև մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջև խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ, սակայն արձագանք չէր եղել: ԱՆԻՖ-ը նաև փոխանցել էր, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղևորներին հայկական փոխադրողը վերադարձրել է տոմսերի գումարները, ավելին, հավաստիացրել էր, որ որևէ ուղևոր տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել:
Ֆոնդին հարցրել էինք, թե արդյոք պետք է սպասել «Ֆլայ Արնայի» թռիչքների վերականգնման: Եթե այո, ապա ե՞րբ է դա նախատեսվում: ԱՆԻՖ-ն ընդամենը նշել էր, որ ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ ներկայում (հունվարին) աշխատանքներ են ընթանում, և հավելել, որ առաջիկայում «Ֆլայ Արնայի» գործունեության մասին առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն կտրվի: Մինչ օրս ֆոնդը պարզաբանումներ չի ներկայացրել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
7202:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
14900:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
9700:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
21600:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
147Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
222Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
145Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
85Երեկ, 21:54