«Հայ հանրությանը սուբյեկտությունից զրկել ուզում են բոլոր ուժային կենտրոնները». Հակոբ Բադալյան
292
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 02:18
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ խոսում եմ այն մասին, որ Բրիտանիան կարող է ունենալ կովկասի ապակայունացման և դրա միջոցով խնդիրներ լուծելու շահագրգռություն, շատ ընթերցողներ կամ ունկնդիրներ սա ընկալում են հետևյալ մի իմաստով՝ «Բրիտանիան ինչ չար է, վատն է, նախանձ, իսկ ռուսները՝ պուպուշ»: Ինչի՞ հետևանք է սա: Անկասկած՝ տոտալ քարոզչության, որի նպատակը հենց այն է, որպեսզի հայ հանրությունը շրջապատող աշխարհը չափի բացառապես սեւ-սպիտակ տրամաբանությամբ: Դա սուբյեկտությունից զրկող տրամաբանությունն է: Իսկ հայ հանրությանը սուբյեկտությունից զրկել ուզում են բոլոր ուժային կենտրոնները, որովհետեւ այդ մի հարցում, կամ առնվազն այդ մի հարցում նրանց միջև կա շահերի ընդհանրություն՝ երբ դու մտել ես ծանր քաշային գործընկերների և հակառակորդների հետ աշխարհը բաժանելու պայքարի մեջ, ավելորդ սուբյեկտները միայն խանգարում են: Հետևաբար նրանց պետք է պարզապես բերել պարզունակ մի բանաձևի տիրույթ՝ «կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ»: Հայաստանին այդ տիրույթ են բերել և պահում են թե Ռուսաստանը, թե Արևմուտքը: Հիմա, վերադառնալով Բրիտանիայի խնդրին, և մտահոգությանս, որ նախօօրեին արտահայտեցի Բաքվի ֆորումին Բրիտանիայի վարչապետի հղած ուղերձի և մինչեւ նոյեմբեր՝ խաղաղության պայմանագրի հույս հայտնելու ֆրազի առնչությամբ: Նախորդ տարեվերջին Հայաստան և Ադրբեջան է այցելել Բրիտանիայի Եվրոպայի հարցերի նախարար Դոգերթին, որը Բաքվում հայտարարեց, որ Միջին Միջանցքի ստեղծումը՝ Կենտրոնական Ասիայից Թուրքիա, իրենց համար ռազմավարական նպատակ է: Այստեղ ուշադրություն՝ բրիտանացի նախարարի այդ հայտարարությունից մի քանի օր անց նույնանման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը, ավելացնելով միայն, որ՝ «սակայն այդ միջանցքի ռազմական ճանապարհով ստեղծումը» իրենց համար ընդունելի չէ: Դեռ այդ ժամանակ գրառումով ուշադրություն եմ հրավիրել երկու այդ հայտարարությունների վրա, նկատելով, որ բրիտանացի նախարարի հետևից ամերիկացի դիվանագետի հայտարարությունը կարող է հուշել, որ ԱՄՆ-ն ունի մտահոգություն՝ կապված Բրիտանիայի առաջնահերթությունների հետ: Դարձյալ, գամ այն մտքին, որ մեզանում ներդրված մտածողության «ծիրում»՝ կա մի մոնոլիտ Արևմուտք, և այդ Արևմուտքում, օրինակ, որևէ կերպ չեն կարող տարբեր լինել Նահանգների և Բրիտանիայի առաջնահերթությունները և ռազմավարական նպատակները: Այդ իսկ պատճառով, շատերի համար խորթ է հնչում, թե Բրիտանիան ու ԱՄՆ կարող են իքս կամ իգրեք ռեգիոնի ու խնդրի հանդեպ ունենալ էապես տարբեր մշակումներ և սցենարներ: Մինչդեռ, Բրիտանիան, ըստ էության, տևական ժամանակ է՝ պատրաստվում է նոր աշխարհին, որտեղ ԱՄՆ հեգեմոնություն կամ չի լինելու, կամ մեղմ ասած այդ հեգեմոնությունը չի լինելու նախկինը, և արդեն իսկ նախկինը չէ: Եվ, ուշադրություն, այդ հարցում բախտորոշ է լինելու 2024 թվականի նոյեմբերը, երբ էական զարգացումներ են սպասվում Նահանգներում: Ընդ որում հարցն այն չէ՝ կհաղթի Բայդենը, թե Թրամփը: Մեծ է հավանականությունը, որ մեկի կամ մյուսի հաղթանակով ԱՄՆ ներքին ճգնաժամը կարող է դրսևորել ավելի խորացման միտումներ և անկախ, թե որ վարչակազմը կլինի Սպիտակ տանը՝ պարտադրել ավելի շատ զբաղվել ներքին ճգնաժամի կառավարումով, արտաքին դաշտից «օբյեկտիվորեն» կլանելով ուշադրության մի զգալի մաս: Այդ զարգացումները մեծ հավանականությամբ կնպաստեն Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի ամրացմանը, այդ թվում թե Մերձավոր Արեւելքում, թե Կովկասում: Հետեւաբար, չի կարող իրագործվել Բրիտանիայի ռազմավարական նպատակը՝ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա Միջին միջանցքի ստեղծումը, առնվազն այն ստատուս-քվոյով, որ պատկերացնում են բրիտանացիները: Իսկ դա՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դոմինանտությամբ ստատուս-քվոն է, որովհետեւ Բրիտանիան էլ իր հերթին դոմինանտ է նրանց հանդեպ: Ահա թե ինչով է ուշադրություն գրավում Բրիտանիայի վարչապետի ուղերձը Բաքվի ֆորումին, որում չգիտես ինչու որոշում է «հույս հայտնել, որ մինչեւ նոյեմբեր Ադրբեջանում Կլիմայի գագաթնաժողով՝ կկնքվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր»: Ի՞նչ կապ ունի այդ պայմանագիրը Կլիմայի գագաթնաժողովի հետ, ինչո՞վ է խանգարելու գագաթնաժողովին պայմանագրի չլինելը: Ըստ էության ոչնչով: Առանցքը, իմ գնահատմամբ, այստեղ Կլիմայի գագաթնաժողովը չէ, այլ՝ նոյեմբերը, վերը նկարագրածս հանգամանքի բերումով: Կարծում եմ, էականն այն չէ, թե ինչ կմտածի Ալիեւը: Էական է այն, թե ինչ կմտածի Էրդողանը: Իսկ Էրդողանը բրիտանական ռազմավարական նպատակի վերաբերյալ կմտածի Պուտինի հետ հանդիպումից հետո, ելնելով այդ հանդիպման արդյունքից: Վերադառնամ սկիզբ: Պատերազմը, ապակայունացումը բացարձակապես բոլոր ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական գործիքակազմի անքակտելի մաս է, այլ ոչ թե նրանց չարի եւ բարու բաժանելու պրիմիտիվ բանաձեւի չափորոշիչ: Եթե իքս պահին նրանցից մեկին Կովկասում ապակայունացումը կարող է լինել անհրաժեշտ, մյուսին՝ ոչ, դա բացարձակապես չի նշանակում օրինակ, որ Բրիտանիան չար է, իսկ դիցուք՝ Ռուսաստանն ու Իրանը, բարի: Պայմանական վաղը կարող է իրավիճակը հանգել մի կետի, որ ապակայունացման վրա խաղան նույն Ռուսաստանը կամ Իրանը, կամ երկուսը միասին: Եթե ուզում ենք աշխարհաքաղաքական փոթորկում լինել առավելագույնս կենսունակ եւ խուսափել ավերածություններից, ապա պետք է դուրս գանք քաղաքական գործընթացների դիտարկումը պարզունակ բաժանումներով եւ մեղավորների ու անմեղների անբեկանելի կանխավարկածներով իրականացնելու «պարադիգմից»: Ընդ որում, այս մասին ինքս պարբերաբար, տարբեր շեշտադրումներով ու դիտանկյուններով սկսել եմ գրել դեռեւս ապրիլյան քառօրյայից հետո Չկան չարեր ու բարիներ, մեղավորներ ու անմեղներ, կան աշխարհում ազդեցության համար կռիվ տվողներ, եւ մենք պարտավոր ենք աշխատել նրանց բոլորի հետ՝ իրողություններից բխող ծավալով եւ տրամաբանությամբ, այլ ոչ թե աշխատել ընդամենը նրանց միջից «ճիշտ» ընտրություն կատարելու ուղղությամբ»: