Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են
2342 Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 22:18 Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազում է, գրում է «Հետք»-ը: Աղբյուրը գրում է. «Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը նշում է, որ Հայաստանի դեղագործական շուկան բավականին փոքր է, գրանցված և գրանցվող դեղերի քանակը նվազել է, չգրանցված դեղերի և դրանց ներկրման խնդիր կա։ Հարությունյանը շեշտում է՝ նախարարությունը չգրանցված դեղերի վերահսկողության գործառույթ չունի։ «Եթե առանձին պացիենտներ ունեն որևէ դեղի խնդիր, և այդ դեղը Հայաստանի Հանրապետությունում չունի օրինական գրանցում, կամ պաշտոնական ներկրում տեղի չի ունենում, դիմում է Առողջապահության նախարարությանը՝ ներկայացնելով համապատասխան բժշկական փաստաթղթերի փաթեթը։ Նախարարությունը, ուսումնասիրելով դրանք, թույլատրում է տվյալ դեղի ներկրումը։ Պացիենտն այս թույլտվությամբ կարող է դիմել դեղագործական մեծածախ գործունեությամբ զբաղվող կազմակերպության, որն էլ կարող է տվյալ անձի համար անհրաժեշտ քանակով ներկրել»,- ասում է վարչության պետը։ Չնայած գործող այս ընթացակարգին՝ բուժառուները չգրանցված դեղեր գնելու համար այլ ճանապարհ են ընտրում, քանի որ նախարարության միջոցով դեղ ներմուծելու գործընթացը բավականին բարդ է։ «Հետքը» դիմել է դեղորայք ներմուծող մի քանի ընկերությունների, որոնք հայտնել են, որ երբևէ նման դիմում չեն ստացել բուժառուներից։ Բացի այդ, դեղորայք ներմուծող խոշոր ընկերությունները խուսափում են քիչ քանակությամբ՝ մեկ բուժառուի համար նախատեսված քանակով դեղ ներկրել, քանի որ դեղերի համար սահմանված հարկերը բարձր են։ Սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն «Եթե այդ դեղը իրենց հասանելի չէ կամ Հայաստանում պարզապես չկա, պացիենտները հիմնականում կա՛մ փորձում են հարևան երկրներից, Եվրոպայից բերել, կա՛մ Հայաստանում գտնում են անհատ դեղատներ, որոնք մասնագիտացած են և բերում են նման դեղամիջոցներ»,- բացատրում է ուռուցքաբանը։ «Երբ այդ դեղը անօրինական ճանապարհով է ներմուծվում Հայաստան, ոչ մի ձև մենք կամ հիվանդը չի կարող ստուգել՝ արդյոք այն մարդը, այն անհատը, որը դեղը բերել է, բարեխղճորե՞ն է բերել՝ պահպանելով բոլոր պայմանները»,- ասում է Լևոն Բադալյանը։ «Կարծում եմ՝ մեծ հանցագործություն է, որ նման դեղեր վաճառվում են Հայաստանում։ Հավատացե՛ք, վաճառվում են ու քիչ չեն։ Մարդ կարող է դեղի մեկ սրվակի համար վճարել շատ մեծ գումար՝ 1000-2000 դոլարին համարժեք, և մեջը պարզապես ջուր լինի։ Մենք կեղծ դեղերի դեպքեր ամսական առնվազն մեկ անգամ բացահայտում ենք ու չենք թողնում, որ հիվանդը դա ստանա»,- ասում է Բադալյանը։ «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանն ասում է՝ Հայաստանում և Եվրոպայում բուժման սխեմաները նույնն են, բայց այստեղ շատ հաճախ բախվում ենք անորակ դեղերի խնդրին։ Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ բուժումները երբեմն անարդյունք են լինում։ Դեղագործական խոշոր ընկերությունները հայաստանյան շուկան մրցունակ չեն համարում Ուռուցքաբան Լևոն Բադալյանը նշում է, որ երբ Հայաստանում չգրանցված դեղի պահանջարկ է լինում, բժիշկները չեն իմանում՝ ում դիմել։ Գրանցված դեղերի թիվն էլ փոքր է, գինը՝ թանկ։ Քանի որ Հայաստանի շուկան փոքր է, որոշ խոշոր դեղ արտադրող ընկերություններ հետքրքրված չեն ու մեր երկրում իրենց դեղամիջոցները գրանցելու ցանկություն չունեն․ այս գործընթացը մեծ ծախսեր է ենթադրում, իսկ Հայաստանում նոր սերնդի թանկարժեք դեղերը մեծ սպառում չունեն: Լևոն Բադալյանի խոսքով՝ բուժառուները դեղերը հիմնականում բերում են հարևան երկրներից՝ Թուրքիայից և Վրաստանից, որտեղ գներն ավելի մատչելի են։ «Հայաստանում դեղորայքի հարկը համեմատաբար բարձր է։ Եթե կարողանային գոնե շատ թանկարժեք, կյանքի համար այդքան անհրաժեշտ դեղերից պետական մակարդակով հարկերը հանել, դեղերի գինը զգալիորեն կնվազեր, ու դա էլ կլիներ մեխանիզմ՝ պայքարելու անօրինական դեղերի շուկայի դեմ»,- ասում է Բադալյանը։ Դեղատներում վաճառվում է ամեն ինչ «Սաս-գրուպ» ՍՊԸ-ի գրեթե բոլոր սուպերմարկետներում «Ֆարմա լայք» դեղատնային ցանցը դեղատուն ունի։ Իսահակյան 35 հասցեի «Սաս» սուպերմարկետի դեղատնից գնել ենք 20 կապսուլ «Ռեդուկսին» դեղահաբը, որն օգտագործվում է ավելորդ քաշը կարգավորելու համար։ 20 դեղապատիճի համար վճարել ենք 30 հազար դրամ։ Այս դեղամիջոցը դեղերի պետական գրանցամատյանում գրանցված չէ, այսինքն՝ օրինական ճանապարհով չէր կարող ներկրվել Հայաստան, սակայն ուներ ակցիզային դրոշմապիտակ։ Ստուգելով գրանցման կոդը՝ տեսանք, որ այն գրանցված է որպես վիտամին՝ չնայած քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոց է՝ բազմաթիվ կողմնակի ազդեցություններով։ Դեղատան աշխատակցին խնդրեցինք տրամադրել կտրոնը, դրա վրա նշված չէր դեղամիջոցի անվանումը։ «Մարկ ֆարմ» ՍՊԸ-ի՝ Աբովյան 37, տուն 8 հասցեում գտնվող դեղատնից (առավել հայտնի է որպես Подъезд-ի դեղատուն) գնել ենք 2 տեսակի հակաուռուցքային դեղ՝ «Էպիրուբիցին» և «Գեմցիտաբին»՝ ընդհանուր վճարելով 48 հազար դրամ։ Դեղատան աշխատակցուհին ասաց, որ եթե ուզում ենք կտրոն ստանալ, զեղչել չի կարող․ պետք է հարկային դաշտում հաշվետվություն ներկայացնի։ Եթե առանց կտրոնի գնեինք դեղը, 9 հազար դրամով պակաս կվճարեինք։ Այս դեղերի տուփերի վրա դրոշմապիտակներ չկային։ Նշենք նաև, որ «Էպիրուբիցին» դեղամիջոցը, որը նախատեսված է քաղցկեղի բուժման համար, սառնարանային դեղ է, այսինքն՝ պետք է պահվի հատուկ ջերմաստիճանում, որի խախտման դեպքում դեղը կկորցնի իր ազդեցությունը։ «Աննա Բադեյան ԱՁ»-ի՝ Կարապետ Ուլնեցի 59/53 հասցեում գտնվող «Աբա ֆարմ» դեղատնից գնեցինք «էմենդ» հակափսխեցուցիչ դեղամիջոց, որն օգտագործում են քաղցկեղի բուժման ընթացքում։ «Էմենդի»՝ 3 դեղահաբ պարունակող 1 տուփի համար վճարեցինք 14 հազար դրամ։ Դեղատան աշխատակցուհին սկզբում ՀԴՄ կտրոն չտրամադրեց։ ոխարենը տրամադրեց դեղատան ներքին հաշվառման կտրոնը, իսկ երբ խնդրեցինք ՀԴՄ կտրոն տալ, դրա վրա «Էմենդի» արժեքը 15 հազար դրամ էր, մինչդեռ գանձման ընդհանուր արժեքի տողում նշված էր 14 հազար դրամ։ «Էմենդ» դեղը թուրքական արտադրության է։ Դեղատուփի վրա այս դեպքում էլ դրոշմապիտակ չկար։ «Նունե Եղիազարյան» ՍՊԸ-ի՝ Կարապետ Ուլնեցի 59/5 հասցեում գտնվող դեղատնից գնեցինք «Դիպրոսպան» դեղամիջոցը՝ թուրքական արտադրության, սակայն մեզ տրամադրեցին «Ֆլոստերոն» դեղամիջոցի գնման կտրոն։ Դեղատան աշխատակիցն ասաց՝ քանի որ թուրքական «Դիպրոսպանը» չունի օրինական գրանցում, չի կարող տրամադրել դրա կտրոնը, փոխարենը կարող է նույն ազդող նյութով գրանցված դեղամիջոցի կտրոն տալ։ Դեղատուփի վրա դրոշմապիտակ չկար։ Փետրվարի 23-ին կրկին այցելեցինք «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ի դեղատուն, գնեցինք շաքարային դիաբետի «Յանուվյա» և «Նովորապիդ» դեղերը։ Այս անգամ դեղամիջոցների համար մեզ կտրոն չտվեցին՝ ասելով, որ դեղը գրանցված չէ, խնդիրներ կունենան։ Մեզ առաջարկեցին մեկ այլ դեղի կտրոն տալ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող մասնաճյուղից, սակայն դեղամիջոցի անվանումը նշված չի լինելու կտրոնի վրա։ Տիգրան Մեծ 43 հասցեի «Գրին Լեյն» դեղատնից գնեցինք «Լանտուս» դեղի 3 ներարկիչ։ «Լանտուսը» թուրքական արտադրության է, մեզ տրամադրեցին գրանցված «Յանումետ» դեղի կտրոն։ «Լանտուսը» ևս ունի պահման հատուկ պայմաններ, այն ինսուլին պարունակող դեղամիջոց է՝ նախատեսված շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ «Արգոֆարմ» ՍՊԸ-ի «36.6» դեղատնային ցանցի Խորենացի 72 հասցեից ձեռք բերեցինք «Վոլտարեն», «Սիրդալուտ» և «Կլաֆորան» դեղերը։ Այս դեպքում դեղերի վրա առկա էր դրոշմավորման մակնշում, սակայն դեղերը գրանցված չեն և ներմուծողները Առողջապահության նախարարությունից ներմուծման հավաստագիր չեն ստացել։ Բացի դեղատներից, մարդիկ հակաուռուցքային դեղեր փնտրում են նաև ֆեյսբուքյան խմբերում, իսկ վաճառողներն առաջարկում են «հարմար տարբերակներ»։ Հաճախ դեղեր վաճառողներն իրենք են հայտարարություն տեղադրում, որ ունեն տարբեր չգրանցված դեղեր, թողնում հեռախոսահամար, որպեսզի ցանկացողները կապ հաստատեն։ Այդ խմբերի ակտիվ անդամներից են նաև մեր այցելած դեղատների սեփականատերերը։ «Հետքը» զանգահարել է ֆեյսբուքյան նման խմբերի հրապարակումներում նշված հեռախոսահամարներով։ Գրեթե բոլոր զանգերին պատասխանած մարդիկ նշել են, որ ունեն մեզ անհրաժեշտ դեղերը կամ կարող են պատվերով բերել։ Պետական մարմինների վերահսկողական մեխանիզմները թույլ են Նախարարությունը պատասխանել է, որ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է։ «Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իսկ դեղի գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը և ուժը կորցրած ճանաչելը փորձագիտական եզրակացության հիման վրա իրականացնում է առողջապահության նախարարությունը՝ Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 162-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է նախարարության պատասխանում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տրամադրել էինք դեղատներից արված մեր գնումների դրամարկղային կտրոնների պատճեները եւ խնդրել հայտնել, թե ինչպես է վերահսկում չգրանցված դեղերի շուկան։ «Ձեռնարկվել են համապատասխան գործողություններ, որի արդյունքների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք». սա էր Տեսչական մարմնի արձագանքը։ Պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել էինք, թե ինչպես են դեղատները առանց դրոշմապիտակի և հաշվիչ դրամարկղային կտրոնների դեղորայք վաճառում։ «Ձեր կողմից մատնաշված խախտումներն արձանագրվում են հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման, թեմատիկ հարկային ստուգումների կամ հսկիչ գնման ուսումնասիրության ժամանակ՝ օրենսգրքով սահանված կարգով»,-հայտնել է Պետական եկամուտների կոմիտեն։ Ստուգումներն իրականացվում են նաև 3-րդ անձանցից ստացված տեղեկատվության հիման վրա»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Առողջապահության ապահովագրությանը պատրաստ կլինենք, երբ դեմներս տեսադաշտ լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
220Երեկ, 00:48«Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում»․ Ծաղիկ Վարդանյան
26222.11.2024, 20:48«Դեղատները բողոքում են՝ բժիշկներն էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրում». Նարինե Ղալեչյան
26422.11.2024, 13:54«Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից». ՀՀ ԱՆ
44020.11.2024, 13:12«Առողջության պարտադիր ապահովագրությունը տապալվե՞ց, թե՞ հետաձգվեց»․ Ծաղիկ Վարդանյան
49618.11.2024, 16:00«ՀՀ-ում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք»․ ԱՆ
102806.11.2024, 13:06Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
110804.11.2024, 14:54«ՔՊ-ն հերթական անգամ խաբեց՝ չներդնելով ապահովագրության համակարգը»․ Ոսկան Սարգսյան
110704.11.2024, 12:12