Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի ռեալական ուսումնարանը

Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի ռեալական ուսումնարանը
915
Շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ., 21:54

2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է, գրում է monumentwatch.org-ը:

«Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի պետական քաղաքականությունն անմիջապես լծվեց Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը: Նշենք, որ այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին, երբ սկսվեց «խմբագրվել» Շուշի քաղաքի պատմությունը, ինչի հետևանքով քաղաքին նվիրված գիտական և հանրամատչելի գրականության մեջ այն սկսեց ներկայացվել որպես զուտ ադրբեջանական քաղաք՝ աստիճանաբար նվազեցնելով հայկական մշակութային և պատմական ժառանգության մասին հիշատակումները, իսկ հետո նաև առհասարակ լռելով դրանց մասին:

2022 թվականին Ադրբեջանի կառավարությունը գումարներ հատկացրեց օկուպացված Շուշի քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի շենքի վերականգնման համար: 2023 թվականի մայիսին Շուշի այցելած Իլհամ Ալիևը տեղում ծանոթացավ շենքի վերականգնման նախագծին (https://www.youtube.com/watch?v=BnXyPzCj3rU): Դատելով վերջին լուսանկարներից՝ շինությունը ներառվել է երկաթե ծածկի տակ (նկ. 1):

Ռեալական ուսումնարանի ներկայիս շենքը (նկ. 2) կառուցվել է 1901-1908 թվականներին շուշեցի մեծահարուստ նավթարդյունաբերող Գրիգոր Մարտինի Առաքելյանի (Առաքելով) միջոցներով, ինչի մասին է վկայում գլխավոր ճակատի վրայի ռուսերեն արձանագրությունը. «Зданiе построено в 1901-1908 гг. на капиталь, пожертвованный почетнымь гражданиномь Григорiемь Мартиновичемь Арафеловымь» (նկ. 3): Շենքի մուտքի անմիջապես վերևը ռուսերեն գրված է. «Реальное училище» (Բալայան 2017, 226-229): Սա ակնառու է նաև շենքի 20-րդ դարասկզբին արված լուսանկարներում (նկ. 4):

Խորհրդային տարիներին այս շենքում տեղակայվել է քաղաքի դպրոցներից մեկը: 1992 թվականին շենքը տուժել է քաղաքի ազատագրման համար մղվող ռազմական գործողությունների ժամանակ: Ցավոք, երկար տարիներ Արցախի իշխանությունները հնարավորություն չեն ունեցել վերականգնելու շենքը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կանգնեցրեց այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մեկնարկը:

Ադրբեջանական կողմը, խոսելով այս շենքի մասին, լռում է ոչ միայն շենքի իրական պատվիրատուի մասին, այլ նաև ռեալական ուսումնարանում ուսանած աշակերտների իրական թվաքանակի և ազգային կազմի մասին:

Շուշիի ռեալական ուսումնարանում աշակերտների թիվը տարբեր էր: Այսպես, 1896 թվականին սովորում էր 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը թաթարներ և ռուսներ, 1911-1912 ուսումնական տարում ուսանում էր 370 աշակերտ, որից 252 հայեր էին, 95-ը թաթարներ, 16-ը ռուսներ, 3 հույն և 2 հրեա: Դիտարկելով ըստ տարիների՝ կարող ենք տեսնել, որ հայ աշակերտները կազմել են սովորողների 68-80 տոկոսը, երկորդ տեղում թաթարներն էին: Ուսուցչական կազմի անդամների մեծ մասը ևս հայեր էին (Գրիգորյան, Հարությունյան 2001, 24):

Շուշիի ռեալական ուսումնարանում դասավանդել են Սեդրակ Մանդինյանը, Սիմոն Հախումյանը, Համբարձում Առաքելյանը, Հակոբ Խոջամիրյանը, Սամվել Գյուլզադյանը, Ռուբեն Տեր-Գասպարյանը և այլք: Ուսումնարանի սաներից էին հայտնի մշակութային գործիչներ, գիտնականներ, պետական գործիչներ Հովհան Գաբրիելյանը, Անդրեաս Արզումանյանը, Արշակ Հակոբյանը, Հայկ Միրզաբեկյանը, Իվան Կնունյանցը, Վաչե Իսագուլյանցը, Անդրանիկ Իոսիֆյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ստեփան Աղաջանյանը, Սամվել Սաֆարյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը և այլք (Բալայան 2017, 226-229):

Շուշիի ուսումնարանում դասավանդել են և սովորել նաև հայտնի թաթար գործիչներ, ինչը անհերքելի է: Թաթար ուսանողների և դասավանդողների թվաքանակի մասին ևս կան ստույգ տվյալներ: Հարկ է նկատել, որ թաթար աշակերտներ սովորել են անգամ հայկական թեմական դպրոցում, իսկ հայկական տպարանում, թատրոնում տպագրվել և բեմադրվել են նաև թաթարական մշակութային գործիչների աշխատանքները (Բալայան 2017, 332-338):

Մտավախություն կա, որ վերականգնման աշխատանքների ժամանակ կարող է միտումնավոր ջնջվել գլխավոր ճակատի վրա շենքը կառուցող Գրիգոր Առաքելյանի մասին արձանագրությունը: Մտավախությունը հիմնվում է այն իրողության վրա, որ պաշտոնական Ադրբեջանն աշխատում է վերջնականապես ջնջել Շուշիի հայկականության բոլոր հետքերը, ինչի վառ ապացույցն է քաղաքի խորհրդանիշ երկու եկեղեցիների՝ Ղազանչեցոց տաճարի և Կանաչ ժամի «ռեստավրացիան», հայկական պատմական գերեզմանոցների վերջնական ավերումը և այլն:

Նշենք նաև, որ Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը հիմնադրվել է 1881 թվականին: Ռեալական ուսումնարանները գործում էին Ռուսական կայսրության ամբողջ տարածքում և տալիս էին ընդհանրական կրթություն: Այս դպրոցների սաները ուսումն ավարտելուց հետո կարող էին ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սրանք պետական կարգավիճակ ունեցող դպրոցներ էին, որտեղ ուսուցումը տարվում էր ռուսերենով:

Սկզբնական շրջանում ուսումնարանի գործունեությունը կազմակերպվել է շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը, այնուհետև՝ Կովկասի փոխարքայի որոշմամբ՝ հայակական թաղամասում կառուցված մի փոքր շենքում»,- գրում է աղբյուրը: