Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ադրբեջանում լավ են հասկացել, որ մեզ իրապես հաղթելու համար պետք է ազդել մեր ուղեղների վրա». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանում լավ են հասկացել, որ մեզ իրապես հաղթելու համար պետք է ազդել մեր ուղեղների վրա». Տաթևիկ Հայրապետյան
322
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 00:00

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում։ Դրանցից մեկը «իրական» և «պատմական» Հայաստանի «հակասության» ու «անհամատեղելիության» թեզն է։ Այդ համատեքստում Փաշինյանը հանդես է գալիս որպես «իրական» Հայաստանի ջատագով։ Դա մի քանի նպատակ հետապնդող գործողություն է։
Նախ, Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի հրահանգավորմամբ կոչված է հարցականի տակ դնելու, հարցեր առաջացնելու հայոց պատմության, մեր՝ տարածաշրջանում ունեցած դարավոր ներկայության, Հայոց Ցեղասպանության, Արցախի՝ հայկականության և մեր ինքնության այլ հիմնասյուների հանդեպ։ Կարճ ասած՝ Ադրբեջանում լավ են հասկացել, որ մեզ իրապես հաղթելու համար պետք է ազդել մեր ուղեղների վրա, փոխել մեր մտածելակերպն այնպես, որ մենք հավատանք իրենց խոսույթներին՝ դրանով իսկ տուրք տալով և օգնելով հասնել իրենց նպատակներին։ Կտրել մեզ արմատից կամ առնվազն քանդել այդ արմատը՝ մեզ վերջնական ձախողման տանելու համար։ Սա նպատակներից մեկն է։
Միևնույն ժամանակ, Փաշինյանն այս արհեստական ու վտանգավոր օրակարգով դրդում է իր ընդդիմադիրներին հանդես գալ ազգայնական կամ անգամ ազգայնամոլական դիրքերից, հնչեցնել հայտարարություններ, որոնք անընկալելի կլինեն հատկապես արտաքին աշխարհի համար։ Պատահական չէ, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչում են «ռևանշիստներ»։ Սա հստակ քարոզչական ծուղակ է, որի մեջ բազմաթիվ գործիչներ ընկնում են՝ սկսելով արձագանքել Փաշինյանին։ Մինչդեռ պատմական Հայաստանի մասին խոսույթով միակ ղեկավարը, որը հանդես է եկել (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին, 10.08.2020) հրապարակային հենց ինքը Փաշինյանն է եղել, բայց «հին» Փաշինյանը՝ 2018-2020 թվերի Փաշինյանը։ Նրանից բացի, Հայաստանի այլ ղեկավար նման խոսույթով երբեք չի խոսել՝ ակնհայտ պատճառներով։
Գործում է նույն տրամաբանությունը, երբ Նիկոլ Փաշինյանի կեղծ «խաղաղությանը» հակադրվողները համարվում են պատերազմի աջակիցներ։ Իր առաջարկած «խաղաղությունը» դա ագրեսիան ընդունելու, դրա հետ հաշտվելու, դրա հիման վրա կենսական իրավունքներ ու անվտանգություն զիջելու, ինչպես նաև էթնիկ հենքի վրա ատելությունն ու դրա քարոզը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը արդարացնելու կոնցեպտ է։ Այսինքն՝ անում են այն ամենը, ինչը հակասում է խաղաղության էությանն առհասարակ։ Դա նույնն է, որ բռնությունն ու բռնարարին արդարացնողը իրեն ներկայացնի որպես բռնության դեմ պայքարի առաջամարտիկ։
Հիմա գանք «իրական» Հայաստանի մասին կեղծ թեզին։ Փաշինյանն այն մարդն է, որը առաջին անգամ վտանգել է ՀՀ գոյությունը, նա առաջինն է, ում քաղաքականության արդյունքում ունեցել ենք տարածքային կորուստներ նրա իսկ հռչակած 29,800 քառակուսի կիլոմետրից, նրա քայլերի արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել մեր միջպետական ճանապարհները, մենք չենք կարող մեր իսկ տարածքում գտնվող Երասխում գործարան կառուցել, ուստի Փաշինյանին պետք է ասել՝ ու՞ր է այդ «իրական» Հայաստանը, ինչու՞ ես կադաստրի թղթեր փնտրում Ալիևի դարակներում, ինչու՞ ես վտանգում մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քո քայլերով։ Նրա հետ պետք է խոսել իր իսկ կեղծ «փաստարկներով», այլ ոչ թե պատմական Հայաստանի խոսույթով։
Ի վերջո, պետք է տալ մի պարզ հարց՝ այդ ինչպիսի՞ «իրական» Հայաստան ու «խաղաղություն» ես կառուցում, որ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ինչպե՞ս է, որ մեր ռազմագերիներն ու ապօրինաբար պատանդ պահվող անձիք մինչև հիմա Բաքվի բանտում են, ինչպիսի՞ խաղաղություն է դա, որ Ալիևն ամեն ելույթում հայերին կոչում է թշնամի, էլ չեմ ասում տասնյակ զորավարժությունների ու զենքի գնումների մասին։ Հենց այս թեզերով պետք է հակադարձել Փաշինյանի վտանգավոր խոսույթներին ու թույլ չտալ թելադրել օրակարգ, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից»։