«Քաղաքական փոփոխությունների ակնկալիքները դառնում են հաստատակամ»․ Դավիթ Անանյան
171
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 09:30
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը զարգացման ճիշտ ուղով է գնում: Այդպես է կարծում վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալներով հարցված մեր հայրենակիցների շուրջ 26 տոկոսը։ Հասարակական կարծիքի նման տեսակարար կշիռը ոչ միայն անհասկանալիորեն բարձր է թվում, այլև տարակուսանք է առաջացնում՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական ընթացիկ իրադարձությունների ֆոնին, մանավանդ, երբ մենք զբաղված ենք ոչնչով (օրինակ, թվացյալ կրթական բարեփոխումների համատեքստում «Հայոց պատմության» դասագիրքը վերանվանում ենք «Հայաստանի պատմություն»՝ ներկայացնելով այն որպես դարակազմիկ և նշանակալից իրադարձություն)։ Միևնույն ժամանակ, Հայաստանի որդեգրած նման «բարեփոխումներով» առաջ գնալու և «զարգանալու» անգույն հեռանկարին հակադրվում է հարևան երկրի ակտիվ արտաքին քաղաքականությունը, որն իրական և զգալի առաջընթաց է գրանցում բազմաչափ հարաբերությունների խորացման գործում։ Օրինակ՝ հարևան երկրի ղեկավարը, ներգրավված է միջազգային համագործակցության ամրապնդմանն ուղղված տարբեր գործընթացներում. Չինաստանի հետ համագործակցության հռչակագրի ստորագրում, BRICS-ին անդամակցելուն ուղղված քայլեր, Պակիստանի հետ ռազմաքաղաքական կապերի զարգացում և այլն (ենթադրվում է, որ Ռուսաստանը կարող է դյուրացնել Ադրբեջանի մուտքը BRICS, օրինակ՝ պետական այցով Ռուսաստան այցելած Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի BRICS-ին անդակացելուն չխոչընդոտելու խնդրանքով)։ Վերոհիշյալն ընդգծում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր և բովանդակալից բնույթը, որի համատեքստում Հայաստանի գործունեությունը թվում է ավելի քան սահմանափակ։ Այս մտորումները մեր երկրի ազգային շահերի իրագործմանը միտված համահունչ ռազմավարության ձևավորման և իրականացման համար Հայաստանի հասարակական և քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտությունն ընդգծելու հերթական փորձն են։ Այս առումով կարևոր է ընդգծել, որ ըստ նույն սոցիալական հարցումների, հարցված մեր հայրենակիցների շուրջ 34 տոկոսը դեռ պաշտպանում և դրական է գնահատում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ազգային-ազատագրական շարժումը։ Չնայած, արդարության համար պետք է նկատել, որ մայիսի համեմատ նվազել է շարժմանը դրական վերաբերմունք ունեցողների թիվը, ինչը ակնհայտորեն արդյունք է այն բանի, որ շարժումը՝ գտնվելով վերաիմաստավորման ու ինստիտուցիոնալացման փուլում, ըստ էության, մի փոքր պասիվացել է՝ հանրային ակտիվ գործողությունների գիտակցական սահմանափակման պատճառով։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է արձանագրել, որ հասարակության մի զգալի մասի մոտ քաղաքական փոփոխությունների ակնկալիքները ոչ միայն շարունակական բնույթ են կրում, այլև՝ դառնում են հաստատակամ»։