Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Լոնդոնում սպասվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ մակարդակի շփում»․ Հ․ Բադալյան

«Լոնդոնում սպասվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ մակարդակի շփում»․ Հ․ Բադալյան
204
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 15:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հուլիսի 18-ին՝ Լոնդոնում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության չորորդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը:

Մի փոքր տեղեկանք այդ նախաձեռնության մասին: Նախաձեռնության հեղինակը Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է, իսկ առաջին գագաթնաժողովը եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Հայ ժողովրդի հիշողության մեջ այն կմնա նրանով, որ այդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված քառակողմ՝ Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ է Հայաստանը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Նույն հանդիպման արդյունքում խոսվել է նաև Ալմա Աթիի հռչակագրով փոխադարձ ճանաչման մասին, սակայն Ադրբեջանն առ այսօր խուսափում է անել դա, և չկա որևէ ձեռք, որը պատասխանատվության կենթարկի Բաքվին:

ԵՔՀ նախաձեռնության երկրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Քիշնևում՝ 2023 թվականի հունիսին, որտեղ դարձյալ կայացավ քառակողմ հանդիպում՝ նույն մասնակիցներով: Իհարկե դրանից առաջ Վաշինգտոնում եղել էր քառօրյա ընթացքով բանակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Դրանից հետո էլ՝ հունիսի վերջին եղավ այդպիսի բանակցություն, արդեն եռօրյա: Քիշնևի հանդիպումը տեղի էր ունենում արդեն մի քանի ամիս Արցախի շրջափակման պայմաններում: Քառակողմ հանդիպումը որևէ բան չփոխեց այդ առումով և Արցախը շարունակեց մնալ շրջափակված: Իսկ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին Արցախն արդեն հայաթափված էր:

Երրորդ գագաթնաժողովը կայացավ 2023-ի հոկտեմբերին Գրանադայում, որտեղ սպասվում էր Մակրոն-Շոլց-Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպում, սակայն Ալիևը հրաժարվեց Գրանադա մեկնելուց, որովհետև ըստ էության ստացել էր այդ հարթակից ինչ ուզում էր, եւ Գրանադայում մեկ սեղանի շուրջ նստեցին պարզապես Մակրոնը, Շոլցը, Փաշինյանն ու ԵԽ նախագահող Միշելը:

Լոնդոնում սպասվող չորորդ գագաթնաժողովի առնչությամբ չկա որևէ խոսակցություն այն մասին, թե արդյո՞ք սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որևէ մակարդակի շփում: Բրիտանիան իհարկե կովկասյան ռեգիոնում հիմնականում լատենտ խաղացող է, թեեւ իհարկե առանցքային: Լոնդոնյան օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի հարցի առկայության մասին թերևս կասկածել պետք չէ: Բրիտանիայի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի նախարարը դեռ նախորդ տարի է հայտարարել, որ իրենց համար առաջնահերթություն է Կենտրոնական Ասիա- Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա միջին միջանցքի ձևավորումը: Այլ հարց է, որ այդ ուղղությամբ աշխատանքը կիրականացվի բրիտանական քաղաքականությանը զգալիորեն բնորոշ թավշյա մեթոդաբանությամբ:

Ի դեպ, այս առնչությամբ թերևս ուշադրության է արժանի այն հրապարակումը, որ եղել է հայկական մամուլում: Խոսքն այն մասին է, որ ըստ Հրապարակի հայտնած տեղեկության, Նիկոլ Փաշինյանը Բրիտանիայում կմնա ավելի երկար, քան լոնդոնյան գագաթնաժողովը: Ըստ այդ տեղեկության, Փաշինյանը ծրագրում է արձակուրդային օրեր անցկացնել Շոտլանդիայում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան