«Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են Արցախի ղեկավարներին հանձնել Բաքվին»․ Թաթուլ Հակոբյան
300
Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 09:42
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքեր և ինչ պայմաններում են Արցախի ղեկավարներին հանձնել Բաքվին, ով է Սարգիս/Սարխան Գալստյանը Արցախի ղեկավարության առևանգումը/հանձնումը 2023 թվականի ողբերգական իրադարձությունների ֆոնին, մեծ հաշվով, անուշադրության մատնվեց: Խոսքը ոչ միայն հայերի՝ Բաքվի բանտ տանելու մասին է, ինչն ինքնին պետք է լիներ օրակարգային, այլ այն մասին է, թե ինչ պայմաններում և որտեղ են նրանց ձերբակալել/առևանգել: Տպավորություն կա, թե իբր Բաքվի բանտում գտնվող հայ մարդկանց չվնասելու մտահոգությունն է, որ բոլորին ստիպում է չխոսել, ինչից օգտվում են Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողները, որոնք Արցախում իրականացրեցին հեղաշրջում՝ արագացնելով Արցախի հայաթափումն ու կորուստը: Հայտնի է, որ Դավիթ Բաբայանը հեղաշրջում իրականացնողների հորդորով է գնացել/տարվել Շուշի և ուղղակի հանձնվել Ադրբեջանին: Ու դա եղել է այսօր Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողների մաշկը փրկելու գներից մեկը: Հայտնի է, որ ապօրինաբար առևանգված և Բաքվում պահվող երկու հայեր ձերբակալվել են, երբ փորձում էին անցնել Հայաստան՝ բռնի արտագաղթի հոսքի մեջ: Հայտնի է նաև, թե որտեղից է առևանգվել Արայիկ Հարությունյանը: Բայց բացարձակապես չի խոսվում այն մասին, թե ովքեր են Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և մյուսներին հորդորել թողնել օդանավակայանի տարածքը, որտեղ նրանք ռուսների մոտ էին, մեկնել Ստեփանակերտի մի առանձնատուն, որտեղից ադրբեջանական հատուկ ծառայությունները ուղղակի եկել ու առևանգել են: Արդյոք դա չի եղել պայմանավորված հանձնում Արցախում հեղաշրջում իրականացնողների և Բաքվի իշխանությունների միջև, որով և հայերին ադրբեջանցիներին հանձնողները, ինչպես Դավիթ Բաբայանի դեպքում, ուղղակի վճարել են իրենց փրկության գինը, փրկվել են ադրբեջանական գերությունից և հարգով-պատվով Ստեփանակերտի օդանավակայանից տարվել Սիսիանի օդանավակայան: Հարցեր են, որոնց պատասխաններ պետք է տան այս անբարո գործարքի մասնակիցները, ովքեր այսօր Երևանում խոսում են Արցախ հավաքական վերադարձի մասին: Շարունակում է տաբու մնալ Սարգիս/Սարխան Գալստյանի թեման: Սերժա-քոչարյանա-ՀՀԿ-հայրենասիրական ուժերը մի այլանդակ ու թիրախավորված քարոզարշավ սկսեցին նվաստիս դեմ, երբ գրեցի, որ Շահրամանյանի ու Բակոյի մտերմագույն, քավոր-սանիկ հարաբերություններ ունեցող պարոն Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի ժամանակավոր կամենդանտ: Հիմա, երբ արդեն պաշտոնապես հաստատվել է, որ նրան Բաքվից պաշտոն է առաջարկվել, իսկ Շահրամանյանը միաժամանակ նրան նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պարոն Գալստյանը չունի և ոչ մի պաշտպան: Հրապարակային որևէ մեկը, որ իմ վրա կրակ էին թափում, չեն խոսում: Բայց սա չէ կարևորը, այլ հետևյալը. ա/ ինչու է պարոն Գալստայանը համաձայնվել մնալ Ստեփանակերտում, որին նա իր հեռախոսային զրույցներում Խանքյանդի է կոչում, բ/ ինչ խնդիր էր դրված նրա առաջ, գ/ ինչու չկարողացավ կատարել, դ/ ինչու որոշեց տեղափոխվել Հայաստան ամիսներ հայաթափված Արցախում մնալուց հետո, ե/ արդյոք չգիտեր, որ իրենց ասպասվում է ձերբակալություն և արդյոք չէր կարող իրեն պաշտպանող ադրբեջանցիներին խնդրել՝ իրեն հանձնել երրորդ երկրի.... զ/ այս ամենի հետ ինչ կապ ունեն Արցախում հեղաշրջում իրականացրածներն ու ռուսները: Հարցերը բազմաթիվ են, իսկ թեմայի շուրջ սրբազան լռություն է»: