Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նվազագույնը 3 խնդիր կա հանդիպումը տապալելու համար»․ Աբրահամյան

«Նվազագույնը 3 խնդիր կա հանդիպումը տապալելու համար»․ Աբրահամյան
210
Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 10:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապվածություն ունի հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողմանը:
Նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կա՛մ առանձին կա՛մ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպման կազմակերպելու վրա:
Առաջինը, ինչպես նշեցի, սահմանազատման հետ կապված խնդիրներն են, իսկ ավելի կոնկրետ՝ այն քայլերի հաջորդականությունն ու մոտեցումները, որոնք մինչև այս պահը չեն համաձայնեցվել, չնայած կար նախապես սահմանված ժամկետ:
Երկրորդ, Ադրբեջանի՝ վերջին շրջանում ակտիվ առաջ տարվող ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը, որի վերաբերյալ ՀՀ իշխանությունը նշում է, որ փոփոխության անհրաժեշտություն տեսնում է, սակայն փորձում է ցույց տալ, թե դա ադրբեջանական պահանջով չէ:
Երրորդ, տարածաշրջանային կոմունիկացիաների թեման շարունակում է օրակարգում մնալ, իսկ դրա՝ տարբեր սցենարներով հանգուցալուծման հարցը, ոչ միայն ռեգիոնալ, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ուշադրության և ուղիղ միջամտության դաշտում է:
Չնայած այս գործոններին, չի բացառվում, որ մոտ ապագայում երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, կկայանա, որովհետև ՀՀ իշխանությունը բազմաթիվ նման իրավիճակներում ոչ միայն ընկրկել է, այլ դիրքորոշումների առումով՝ գնացել լուրջ նահանջների»: