«ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին». Արա Այվազյան
![]() 315 Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 21:12 ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը պնդում է՝ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»,- «Ազատության» հետ հարցազրույցում ասել է նախկին պաշտոնյան։ Լրագրող - 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։ Դուք տեղյա՞կ եք, թե իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա այս տարածքների հանձնումը, փոխանցումը տեղի ունեցավ։ Արա Այվազյան - Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակության մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր։ Լրագրող - Հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։ Արա Այվազյան - Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարության, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ։ Լրագրող - Դուք չե՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին և պոստ ֆակտում եք իմացել, որ նման՝ եռակողմ հուշագիր է ստորագրվել։ Արա Այվազյան - Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղյակ չեմ անկեղծ։ Լրագրող - Առանց սահմանազատման և սահմանագծման որքանո՞վ է այդ հուշագրով այս տարածքների փոխանցումը Ադրբեջանին օրինական։ Կարո՞ղ եք ասել, որ այդ հուշագիրը որևէ իրավական ուժ չունի, որով Հայաստանից տարածքներ են փոխանցվել Ադրբեջանին։ Խոսքը և՛ Շուռնուխի, և՛ Գորիս-Կապան ճանապարհի մասին է։ Արա Այվազյան - Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև առաջինը՝ ծանոթ չեմ այդ փաստաթղթին, երկրորդը՝ նման գնահատական պետք է իրավապահները տան։ Լրագրող - Այսինքն՝ ձեզանից՝ արտաքին քաղաքական գերատեսչությունից գաղտնի է այդ ամենն իրականացվել։ Արա Այվազյան - Առնվազն փաստաթղթի ստորագրմանը և բովանդակությանը ես տեղյակ չեմ եղել։ Լրագրող - Բայց, գիտեիք, որ խոսակցություններ գնում են այդ մասին։ Արա Այվազյան - Քննարկումներ են եղել, որովհետև տարբեր առաջարկներ են եղել այդ ուղղությամբ, էլի ճգնաժամային իրավիճակ էր, ու այդ ճգնաժամը... Լրագրող - Այսինքն՝ Ադրբեջանը պահանջում էր վերադարձնել այդ տարածքները, և մենք պետք է որևէ լուծում տայինք։ Արա Այվազյան - Այո, և իհարկե ռուսական խաղաղապահ առաքելությունը որպես միջնորդ էր հանդես գալիս։ Լրագրող - Եթե չտայինք, պատերազմական իրավիճակ է՞ր ստեղծվում։ Արա Այվազյան - Տեսեք, ամեն անգամ ... ամբողջ նպատակն այն էր, որ իրավիճակը տանել դեէսկալացիայի, Հայաստանին պետք է ժամանակ՝ ուղղակի իրավիճակը հանդարտեցնել, վերականգնել մեր կարողությունները՝ ինստիտուցիոնալ և պաշտպանողական, և ցանկացած ճգնաժամ կարող էր առիթ դառնալ նոր էսկալացիայի։ Լրագրող - Ուրեմն, ճի՞շտ էր իշխանության կողմից այդ քայլը։ Արա Այվազյան - Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև դա համակողմանի չի քննարկվել։ Ես հիմա փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց դա նաև խախտում էր նոյեմբերի 9-ին ձեռք բերված համատեղ հայտարարությանը, որտեղ առաջին կետով գրված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
