Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արցախի իշխանությունը ԱԱԾ-ի ձեռքով ինձ շատ է հետապնդել ու խանգարել». Նաիրի Հոխիկյան

«Արցախի իշխանությունը ԱԱԾ-ի ձեռքով ինձ շատ է հետապնդել ու խանգարել». Նաիրի Հոխիկյան
395
Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 22:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «2020-ի պայմանավորված պատերազմից հետո Արցախի իշխանությունը հատկապես ԱԱԾ-ի ձեռքով ինձ շատ է հետապնդել ու խանգարել։ Հակոբջանյանների ղեկավարման ժամանակ Արցախի ԱԱԾ-ի աշխատողները հաճախ էին իմ Արցախցի մտերիմներին «բարեկամաբար խորհուրդ տալիս» գործ չունենալ հետս, քանի որ «Փաշինյանին քննադատում է»:
Ենթադրաբար, նույնկերպ ԱԱԾ-ի ցուցումով ինձ բազմիցս խանգարել է Մարտակերտի վարչակազմի ղեկավարությունը՝ թույլ չտալով Մարտակերտի շրջանում կազմակերպել ռազմահայրենասիրական և նման այլ միջոցառումներ։ Վստահաբար, հրահանգը Արցախի ամենավերևից էր։
2022-ի հունվարին էլ Աղավնոյի կամրջի մոտ ռուս խաղաղապահներից իմացա, որ իմ մուտքը Արցախ արգելված է։ Պահանջը Ադրբեջանի կողմից էր, համաձայնություն եղել էր Հայաստանի կառավարությունից, իրականացվել էր Արցախի ԱԱԾ-ի ձեռամբ։ Իհարկե, 4-5 ժամ անց Արցախի կառավարության ազգանվեր պաշտոնյաների միջամտության ու համառության շնորհիվ արգելքը հանվեց, բայց հետագա ամբողջ ընթացքում, մինչև Արցախի ամբողջական հանձնումը ամեն անգամ Արցախ գնալիս ինձ համար խնդիրներ էին ստեղծվում՝ նույն ենթատեքստերով, որ Փաշինյանի դեմ եմ...
Արցախի իշխանությունը և նրան սպասարկող մանր ու մեծ պաշտոնյաները, փոքր բացառությամբ, այդպես էլ չհասկացան, որ հայրենիքն օրվա հացի խնդիր չէ, որը Հայաստանի կառավարությունից ստանան ու համարեն բավարարված։ Արցախի իշխանությունը չէր հասկանում, որ Նիկոլը այսօր պահում է իրենց, որ վաղն ամբողջ Արցախով զոհաբերի իր ծրագրերի համար։ Այդպես էլ արեց։ Արայիկ Հարությունյանի օրինակը վկա։
Արցախի սոսկ մեկ վարչակազմ համարձակությամբ պահպանեց բարեկամությունը և համագործակցությունը ինձ հետ, և դա Մարտունին էր՝ վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանով, քաղաքապետ Ազնավուր Սաղյանով, Ճարտարի, Կոլխոզաշենի, Կարմիր Շուկայի, Նորշենի և մյուս ղեկավարներով։
Մարտակերտի շրջանից միայն Հաթերքի ղեկավարությունը պահեց համագործակցությունը։
Միայն նրանց էր, որ կարողանում էի փոխանցել և համակարգված առաջնագիծ հասցնել մեր դիրքերի վերազինման անհրաժեշտ պարագաներ, քողարկիչ ցանցեր և այլն։ Մյուս պաշտոնյաները հիմնականում խուսափում էին՝ վախենալով Նիկոլից կամ նիկոլականներից։ Այսօր այդ վախեցողները կամ արտագաղթել են, կամ զոհաբերված Նիկոլի կողմից, իսկ Արցախում պայքարողները Հայաստանում էլ շարունակում են պայքարել։
Օգոստոսի 17-ը Արցախի Մարտունու վերածննդի օրն է։ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց Մարտունին ամենամեծ ջարդերից մեկը տվեց թշնամուն։ Մարտունին էլ կվերածնվի իր պայքարի շնորհիվ ու ոտքի կհանի ամբողջ Արցախը։
Այս տողերը ամենևին չեն նսեմացնում Արցախի Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի շրջանների մեր հայրենակիցների նվիրումը։ Քննադատությունս բացառապես վարչակազմերի ղեկավարների և քաղաքապետերի մասին էր»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան