«Մի օր այս երեք պետությունները ոչ կուլիսային դիրքավորման են գնալու»․ Կարեն Հովհաննիսյան
242
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 15:36
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարծես թե Արցախի շուրջ տեղի ունեցողը ուրվագծվում է։ Մեր տարածաշրջանում ավանդաբար երեք պետություններ, տերություններ, կամ կայսրություններ, ինչպես կուզեք այն անվանենք, իրենց ազդեցության ոլորտները ոչ թե ճշգրտում, այլ առաջ են մղում։ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Թուրքիան ամրապնդելով իր դիրքերը Ադրբեջանում, իսկ ամրապնդումը լիակատար ազդեցությունն է, հաջորդիվ մտածում է Ադրբեջան-Թուրքիա (կարող եք հասկանալ նաև Նախիջևան) ցամաքային կապի մասին, որի տեր ու տիրականը կլինի բացառապես ինքը։ Հենց այստեղ Ռուսաստանը փորձում է փրկել իր կարգավիճակը և Թուրքիային առաջարկում է, որ այդ ցամաքային կապի անվտնագություն կապահովի հենց իր զինված ուժերը, բայց տարածքը կլինի Հայաստանապատկան։ Հայաստանապատկան լինելուն դեմ է Թուրքիան, որովհետև դա չի բխում իր ծրագրերի շահերից, բայց նաև դեմ է, որ Ռուսաստանն ապահովի այդ անվտանգությունը։ Թուրքիան անգամ համաձայն է, որ Հայաստանը ապահովի, բայց ոչ Ռուսաստանը, հենց այստեղ էլ համընկնում են Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը՝ թույլ չտալ Ռուսաստանի դերակատարության բարձրացմանը։ Իսկ Հայաստանի տարածքով ցամաքային կապի անվտանգության ապահովումն իր ձեռքը վերցնելով ՝ Ռուսաստանը միանգամից իրենից կախման մեջ է գցում ինչպես Թուրքիային, Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին և Իրանին։ Իրանն այս ողջ գործընթացում ունի հստակ դիրքորոշում, որով բացառվում է Հայաստանի տարածքով որևէ նման ցամաքային կապը, որը կվերահսկվի, կամ կուզեք ասեք, անվտանգություն կապահովի, որևէ երկրորդ, կամ երրորդ երկրի կողմից, քանի որ այդպիսով տարածաշրջանում ավելի ուժեղ ազդեցությամբ որևէ մեկն է հայտնվում։ Մեծ հաշվով, այս փուլում Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանի վերահսկողությամբ լինի այդ ցամաքային կապը, քանի դեռ իր գործերը ուկրաիանկան ճակատում խառն են, բայց միևնույն ժամանակ , ժամանակ առ ժամանակ խառնվելով պրոցեսներին, ցամաքային կապը, մեզ համար ճանապարհները, կարողանում է փակ պահել։ Այս փուլում ։ Ի դեպ, որքան էլ խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, միևնուն է, Ռուսաստան, Թուրքիա, Իրան եռանկյունու համար այս պահին ձեռնտու է, որ այդ ճանապարհները փակ մնան, քանի որ երեքն էլ չեն կարողանում կիսել ազդեցության գոտիները։ Բոլորն էլ հասկանում են, որ սա երկար չի կարող տևել, որ մի օր սա պայթելու է և այս երեք պետություններն արդեն ոչ կուլիսային դիրքավորման են գնալու։ Ի դեպ, ԱՄՆ ընտրություններից շատ բան է կախված, թե ինչպիսի քաղաքականություն կվարի ԱՄՆ-ի նոր ընտրվող նախագահը, թե ինչպիսի կարգավիճակում կհայտնվի Թուրքիան։ Իսկ ինչու՞ Արցախի շուրջ տեղի ունեցողի մասին սկզբում հիշատակեցի։ Արցախը ում ազդեցության տակ գնտվում է, այդ երկրի ազդեցությունն էլ մեր տարածաշրջանում գերակշռում է։ Հիմա Թուրքիան է, բայց Ռուսաստանը և Իրանը վստահաբար դեմ են Թուրքիայի դերակատարության բարձրացմանը»։