«Արցախում կատարվածը սկսվեց Ջերմուկից»․ Հակոբ Բադալյան
159 Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 11:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Լրանում է Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի գրոհի երկրորդ տարելիցը: Փառք ու վառ հիշատակ բոլոր այն զինվորներին ու սպաներին, որոնք իրենց կյանքը զոհեցին այդ գրոհը կասեցնելու համար: Ջերմուկի ուղղությամբ գործնականում տեղի ունեցավ այն, ինչ մեկ տարի անց կատարվեց Արցախում: Ավելին, դա ըստ էության գործնական առումով սկսեց Ջերմուկում: Տեսական առումով, ինչպես բազմիցս նշել եմ, մեկնարկը եղել է Ջերմուկից երկու շաբաթ առաջ տեղի ունեցած բրյուսելյան հանդիպման ժամանակ: Այս գրառումը արել եմ Ջերմուկի իրադարձությունների առավոտյան՝ «Ադրբեջանը Սյունիք չի ուզում: Քաղաքական իմաստով պետք չէ դա վերագրել Բաքվին: Շեշտեմ, խոսքը հռետորաբանության կամ զուտ ցանկության մասին չէ, իհարկե կուզի՝ եթե տվող լինի: Բայց, հարցն այն է, որ աշխարհա-քաղաքական, ռազմա-քաղաքական իմաստով Սյունիքը շատ ավելի բարձր քաշային կատեգորիայի խաղացողների «կռվախնձորն» է: Ջերմուկից երեք շաբաթ անց տեղի ունեցավ Պրահան, որտեղ Ադրբեջանը ջերմուկյան սպառնալիքի ներքո փաստորեն ստացավ իր համար այդ պահին առանցքայինն ու սկսեց այդ «փակելու» ակտիվ փուլը: Բրյուսելյան ձևաչափը Բաքվի համար դարձավ այդ գործընթացի «հուսալի ուղեկից»: Իսկ ռուսնե՞րը, կտան թերևս շատերը «ավանդական» հարցը: Թեև այդ հարցը Հայաստանում ունի ավանդական նարատիվային շեշտադրումներ, այդուհանդերձ ինքնին հարցադրումը էական ու կարևոր է: Իսկապես, ինչու՞ ռուսները չխանգարեցին այդ գործընթացին, որը բերելու էր Արցախում իրենց ներկայության «անկման»: Ինձ համար միամիտ է բացատրությունը, թե Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, «խեղճ ռուսներն» էլ ի՞նչ անեին: Ի վերջո նույն տրամաբանությամբ կարելի է ասել, իսկ «խեղճ Փաշինյանն» ի՞նչ աներ, երբ ջերմուկները կրկնելու սպառնալիքի, ու ըստ էության այդ սպառնալիքի՝ բրյուսելյան լռելյայն աջակցման պայմաններում պարտադրում էին որոշումներ: Իրականում, պատկերը շատ բարդ է, և բարդ է շատ վաղուց, այլ ոչ Ջերմուկից սկսած: Ռուսաստանը չի կարողացել ապահովել իր դիրքերի ու նպատակների բավարար պաշտպանություն, և, ներեցեք, բայց լուրջ չէ մտածել, թե դրա պատճառը Փաշինյանի դիրքորոշումն էր: Դա բացարձակապես չի նշանակում, թե Փաշինյանն «ինչ աներ»: Ընդհանրապես, ես ռազմա-քաղաքական գործընթացները չեմ չափում «խեղճ Պուտինն» ի՞նչ աներ, կամ «խեղճ Նիկոլն» ի՞նչ աներ, կամ «խեղճ Մակրոնը» ի՞նչ աներ, Միշելը ի՞նչ աներ, և այլն, և այլն: Քանի որ չունեմ որևէ խորհրդապահական տեսության ու պնդման համար անհրաժեշտ փաստական տեղեկատվություն, գերադասում եմ իրավիճակը չափել քաղաքական մոտիվների դիտարկումով: Այդ դիտարկման հանգույն էլ բազմիցս ասել եմ, որ ծանրության կենտրոնը տեղափոխվել է այսպես ասած եվրաատլանտյան բեվեռ, ընդ որում՝ Ռուսաստանը իր ռեսուրսային սղությունից ելնելով, կապված նաև ուկրաինական արշավի հետ, չի ընդդիմացել այդ «տեղափոխմանը», անցնելով Կովկասում նվազագույն խնդիրների լուծման քաղաքականության: Եվ այդ համատեքստում պարբերաբար ասել եմ՝ հետևողները կվկայեն, որ Արցախի ճակատագրի համար արտաքին դերակատարների պատասխանատվության շրջանակը դիտարկելիս, չպետք է «բեվեռանալ» Ռուսաստանի ուղղությամբ, քանի որ դա ազատ է արձակում առանցքային դեր ստանձնած մյուս կենտրոնների ձեռքերը: Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, ինչպես պարզվեց ավելի ուշ, Թուրքիայում հավաքվել ու Արցախի ճակատագիր են քննարկել բոլոր երեքը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա: Սա նշանակու՞մ է, որ Նիկոլ Փաշինյանն արել է, ինչ կարող էր, կամ ամեն ինչ արել է հնարավորինս անսխալ: Բացարձակապես: Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը՝ որպես Հայաստանի վարչապետ, անբեկանելի է, անկախ, թե էլ ում և ինչի համար մենք կհամարենք պատասխանատու: Պարզապես, կրկնեմ, ինքնախաբեություն է գլոբալ մակարդակի այդ գործընթացներում տեսնել միայն նրան, չփորձելով հասկանալ շուրջը կատարվողը: Այդպես, ի դեպ, մի հսկայական շերտ դիրքավորվում էր Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ որևէ այլ քաղաքական արտաքին կամ ներքին գործոնի մասին որևէ դիտարկում անմիջապես արժանանում էր հետևալ «դաջմանը»՝ եթե դու ամեն ինչում մեղավոր չես համարում Սերժ Սարգսյանին, ուրեմն կատարում ես նրա պատվերը: Այն ժամանակ էլ այդպես էին ապահովում սեփական ներքաղաքական խնդիրների լուծումը, Հայաստանի քաղաքական սուբյեկտության հաշվին: Այսօր էլ՝ այսպես: Վաղը լինելու է նույնը, որովհետև քաղաքականություն հասկանալու փոխարեն հայաստանյան հասարակական-քաղաքական օրգանիզմի մեծ ու փոքր տարբեր դերակատարների գլխավոր խնդիրը մեկ թիրախ ընտրելն ու այդ թիրախը քաղաքական «խոպանի» վերածելն է: Դրա հետևանքով է Հայաստանը վերածվել քաղաքական անապատի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Անվտանգային ռիսկերի առումով տեսանելի են երեք հարթություններ»․ Ստյոպա Սաֆարյան
710:18«Մեր «Բոլերոն»»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
5109:48«Խաղաղության օրակարգը եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է ենթադրում, ինչո՞ւ է Ադրբեջանը անընդհատ նոր զենքեր գնում»․ Ոսկան Սարգսյան
15200:00«Իմ միակ «այիբը» եղել է այն, որ Նիկոլի իշխանության ժամանակ 4 ամիս մարզպետ եմ եղել»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
178Երեկ, 23:36«Է՞լ ով ա ստացել հրավեր, գնալո՞ւ եք»․ Սևակ Հակոբյան (լուսանկար)
199Երեկ, 22:24«Նիկոլ Փաշինյանն ավտորիտար պոպուլիստ է, ժողովրդավարության հերն անիծել է»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
159Երեկ, 21:42«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
283Երեկ, 16:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
277Երեկ, 14:36