Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Բոլորն են կյանքում անհաջողության հասնում, քչերն են պատճառը փնտրում իրենց մեջ». Սևակ Հակոբյան

«Բոլորն են կյանքում անհաջողության հասնում, քչերն են պատճառը փնտրում իրենց մեջ». Սևակ Հակոբյան
94
Այսօր, 18:36

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Գիտե՞ք, չի բացառվում մեր երկրում լինեն մարդիկ, որ ոչ միայն մտածեն, այլ բարձրաձայնեն իրենց կարծիքն այն մասին, թե՝ որպեսզի քաղաքագիտական միտքը մեր երկրում էս մակարդակից դուրս գա, պետք է հայտնի, հարգված քաղաքագետներ այսինչն ու այնինչը դադարեն վերլուծություն անել:
Չի բացառվում՝ գտնվեն մարդիկ, որոնք կլինեն այն կարծիքին, թե՝ որպեսզի մեր երկրում աղանդները վերանան, պետք է կաթողիկոսն ու սրբազանները հրաժարական տան: Իհարկե, այդ մարդիկ կարող են մտածել, թե կաթողիկոսի ու սրբազանների հրաժարականից հետո աղանդները վերանալու են ինքնաբերաբար:
Չի բացառվում մեր երկրում լինեն մարդիկ, որ մտածեն՝ որպեսզի լրագրությունը էս անմակարդակ, փնթի վիճակից դուրս գա, դաշտը մխտռող իշխանական ֆեյք և ֆեյքերի ոճից չտարբերվող օֆիցիալ լրատվամիջոցները դադարեն մանիպուլյացիա տարածել, դրա համար պետք է փակվեն առաջատար լրատվամիջոցները, հաղորդումները, ասենք, կներեք մեծամտության համար, բայց Սևակ Հակոբյանը կամ Սաթիկ Սեյրանյանը և այլք հայտարարեն, որ դուրս են գալիս լրագրությունից: Իհարկե, նրանք չեն կարողանա հիմնավորել, բայց դե կարծիք է:
Չի բացառվում՝ լինեն մարդիկ, որ հայտարարեն, թե, օրինակ, որպեսզի «Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցում վիրահատության ժամանակ մարդ չմահանա, պետք է «Էրեբունի» հիվանդանոցը փակվի:
Չի բացառվում նաև, որ լինեն մարդիկ, այդ թվում՝ փաստաբաններ, որոնք ասեն, թե որպեսզի, օրինակ, Արմեն Դանիելյանը այլևս արդարացի վճիռներ կայցնի, իսկ Կարեն Անդրեասյանը այլևս չլինի ԲԴԽ նախագահ, պետք է բոլորիս հայտնի և հարգված փաստաբանները դուրս գան փաստաբանությունից։
Օրինակ, գուցե մարզադպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսնակ մարզիկները հայտարարեն, թե քանի դեռ օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները չհայտարարեն, որ ավարտում են մարզական կարիերա (չնայած, որ լավ մարզավիճակում են), մենք հաջողություն չենք ունենա։
Անկապ ա, չէ՞, բայց մենք էնպիսի հասարակության մեջ ենք ապրում, որ անկապ կարծիքներ կարող են հնչել և հնչում են ամեն օր:
Մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, քաղաքական գործիչներ, մանր կուսակցապետեր, դպրոցականներ, հասարակական դեմքեր, կթվորուհիներ, պատուհան մաքրողներ, մանկավարժներ, շինարարներ կամ ընդհանրապես մասնագիտություն չունեցողներ, որոնք իրենց կարծիքն են ասում ու գրում՝ որտեղ ուժները հերիքում է: Կան նաև մարդիկ, որոնց ուժը նաև հերիքում է իրենց կարծիքը մի 50 դոլարանոց գովազդի տակ դնել կամ մի մասնագետի միջոցով դիտում լցնել և հեղինակավոր ցույց տալ:
Ակնարկս, կածում եմ, հասկանալի է, բայց ավելի կոնկրետ մեկ բան ասեմ: Մինչ Բագրատ սրբազանը Կիրանցից կհասներ Երևան, շարժումը իբր թուլացնելու, իբր վարկաբեկելու համար հազար տեղով կտրել-տարածել էին երկրորդ նախագահի՝ ասուլիսում հնչած խոսքը, որ իր կարծիքով, այս իավիճակում լավագույնս կարող է միավորել ժողովրդին մեր հարգված սրբազաններից մեկը:
Նախագահի այդ խոսքը կտրվեց կոնտեքստից, բոլոր հնարավոր եղանակներով տարածվեց, էլ սոցցանցերում, էլ կայքերում, էլ հեռուստատեսությամբ, գովազդի տակ դրած կարողացան հասցնել Հայաստանում ապրող բոլորին և Սփյուռքի հայրենակիցներին՝ հայտարարելու համար, իբր Շարժումը կազմակերպել է Քոչարյանը, սրբազանին ուղղորդում է Քոչարյանը: Բայց դա ոչ միայն չխանգարեց, այլ գուցե հենց այդ «վիրուսային» ռոլիկի շնորհիվ Հանրապետության հրապարակում հավաքվեց ամենաշատ թվով մարդիկ ՀՀ պատմությամ մեջ:
Ասածս ո՞րն է. յուրաքանչյուր մարդ «բաստիոնում» իրավունք ունի իր կարծիքը հայտնել, անկախ դրանում տրամաբանության առկայությունից կամ բացակայությունից: Եվ յուրաքանչյուր ոք, ում վերաբերում է այդ կարծիքը, ազատ է բանի տեղ դնելու կամ չդնելու այն:
Միքայել սրբազանը ասել է իր կամ ոչ իր կարծիքը, մարդիկ կան, որ համամիտ են ու տարածում են, մարդիկ կան, որ որպես իրենց պայքարի գիծ են տարածում: Կան քաղաքական գործիչներ կամ գործիքներ, որոնք, իմ վստահ համոզմամբ, կարող են, օրինակ, թվացյալ հաջողություն գրանցել ընտրություններում, եթե մնան քվեաթերթիկում միակը: Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններում մասնակից 24 ուժից 21-ը մի քիչ ավելի շանս կունենային, եթե խորհրդարան անցած երեք ուժը չլիներ: Ամենաքիչ ձայն հավաքած ուժը կունենար ամենամեծ շանսը, եթե մյուս 23-ը չլինեին:
2013 թվականին, երբ աշխատում էի «Երկիր Մեդիա»-ում, գյուղերից մեկում ընտրություն պետք է լիներ: Թեկնածուներից մեկը խնդրել էր խմբագրիս նկարահանող խումբ ուղարկել՝ ասելով, որ ինքը շատ ուժեղ է, բայց վախենում է ընտրակեղծիք անեն, չընտրվի, քանի որ ընդդիմադիր է: Գնացինք լուսաբանելու: Ամբողջ օրը ես ու օպերատորս մեզ կոտորեցինք, որ լուրջ խախտումներ գտնենք, բայց բացի ավտոներով ընտրողներին բերելուց, ընտրատեղամասի դիմաց կուտակումներից, մեկ էլ տարեցներին քվեախուց ուղեկցող-օգնող մի քանի դեպքից, այլ բան չնկարեցինք: Մեզ դիմած թեկնածուն զբաղեցրեց 4-րդ տեղը (5 թեկնածու էր): Երբ ասացի՝ ոնցոր էդքան էլ ուժեղ չէիր, արդարացավ. «Որ գյուղապետը չմասնակցեր, ԲՀԿ-ականը մի ձև դուրս գար խաղից, անկուսակցական այսինչն էլ հաներ թեկնածությունը, հաստատ կրող էի»:
Բոլոր-բոլորն են կյանքում որոշ հարցերում անհաջողության հասնում. քչերը պատճառը փնտրում են իրենց մեջ կամ կոնկրետ տեղ, շատերը՝ ուրիշների մեջ և ամենուր»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան