«Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է տաքանալ». Հակոբ Բադալյան
![]() 203 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ., 11:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հարավկորեացի սահմանապահները կրակ են բացել հյուսիսկորեացիների ուղղությամբ, որոնք փորձել են պայթուցիկներ տեղադրել Հարավային Կորեայից Հյուսիսային տանող մի քանի առանցքային ճանապարհների վրա, դրանք պայթեցնելու համար: Ըստ տեղեկության, այդ գործողությունը հյուսիսկորեացիներին հաջողվել է, թեև հարավկորեացիները կրակել են ուղիղ թիրախավորմամբ: Կիմ Չեն Ընը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հարավկորեացի սահմանապահների կրակելու առնչությամբ, հայտարարելով, որ առաջիկայում կլինեն պատասխան գործողություններ: Կորեական նոր պատերա՞զմ: Դա չափազանցությո՞ւն է, թե՞ ամեն ինչ գնում է դրան: Ի վերջո, եթե ակտիվ խոսվում է իրան-իսրայելյան պատերազմի մասին, որը հիբրիդային մակարդակում արդեն առկա է, ինչո՞ւ չի կարող լինել կորեական նոր պատերազմ: Հատկապես, որ այստեղ մոտիվացիաները բավականին տեսանելի են գերտերությունների մակարդակում: 2023 թվականին Բրիտանիան ու Ճապոնիան ստորագրեցին պայմանագիր, որը երկկողմ ռազմական գործակցությունը խորացնելու, մասնավորապես միմյանց տարածքում ռազմական ուժեր ծավալելու, նաև համատեղ զորավարժությունների բնույթն ու մասշտաբը խորացնելու մասին էր: Դա տեղի ունեցավ Ճապոնիայի վարչապետի Լոնդոն այցի ընթացքում: Ավելորդ է թերևս ասել, որ այդ պայմանագիրը չի նշանակելու Ճապոնիայի ռազմական ծավալում Բրիտանիայում, այլ հակառակը՝ Բրիտանիային է տալու Ճապոնիայում, այլ կերպ ասած՝ ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոնում ռազմական ծավալումը խորացնելու հնարավորություն: Ինչո՞ւ, որովհետև Լոնդոնը բնականաբար գնահատում է դա որպես իր աշխարհաքաղաքական դերակատարման ընդլայնման միջոց, այն մեծ դիմակայության ու վերափոխումների բովում, որ ծավալվում է աշխարհում: Բնականաբար, Բրիտանիայի այդ ջանքը անընդունելի է լինելու Չինաստանի և Ռուսաստանի համար, թե առանձին-առանձին, թե համատեղ անընդունելիությամբ: Այստեղ է նաև Հյուսիսային Կորեայի ուղղությամբ Ռուսաստանի վերջին շրջանի աշխատանքի ինտենսիվիության ու խորության աճը: Ինչպես նկատել էի նախօրեին, չի բացառվում, որ պարզապես գնա կանխարգելիչ գործողություն, քանի դեռ բրիտանացիները չեն հասցրել ծավալվել, իսկ ամերիկացիները զբաղված են ընտրություններով ու Մերձավոր Արևելքով: Իհարկե ԱՄՆ տպավորիչ ռազմական ներկայություն ունի թե Ճապոնիայում, թե Հարավային Կորեայում: Բայց, Վաշինգթոնի համար ներկայումս ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոնում թեժացումը կլինի անհարկի, քանի դեռ հանգրվանային արձանագրումներ չկան ուկրաինական և մերձավորարևելյան ուղղություններում: Այստեղ հատկանշական է նկատել դեռ նախորդ տարի ամերիկյան բարձրաստիճան զինվորականների գնահատականների հանգամանքը, որոնք չին-ամերիկյան ռազմական բախումն անխուսափելի էին համարում, բայց 2025 թվականի հաշվարկով: Ահա այդ համատեքստում, հնարավոր է, որ չինացիները և ռուսները այդուհանդերձ որոշել են «խփել առաջինը», եթե «խփոցին» անխուսափելի է, ինչպես ասում էր Պուտինը «պետերբուրգյան փողոցներից քաղաքծ իր դասի» մասին: Դե, իսկ «խփողը», եթե իհարկե գործ ունենք այդ տրամաբանության հետ գործնականում, կլինի անշուշտ Հյուսիսային Կորեան: Որովհետև, հնարավոր է պարզապես խաղադրույքների տոտալ բարձրացման պրոցեսը պարզապես հասել է նաև ասիախաղաղօվկիանոսյան ռեգիոն, ինչը դեռ չի նշանակում պատերազմ նաև այնտեղ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
