Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«2020թ. նոյեմբերի 9-ից հետո որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում»․ Վահե Հովհաննիսյանը՝ Արա Այվազյանին

«2020թ. նոյեմբերի 9-ից հետո որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում»․ Վահե Հովհաննիսյանը՝ Արա Այվազյանին
143
Երեկ, 15:24

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ Արա Այվազյանի հետ.

«Վ. Հ. - Դուք արտգործնախարար դարձաք 2020թ. նոյեմբերի 9-ից օրեր անց՝ մեր երկրի պատմության ամենաբարդ ու ամենաանորոշ օրերին: Ես առաջարկում եմ սկսել մեր զրույցը հենց այդ օրերից: Կա՞ր արդյոք որևէ ստրատեգիական հաշվարկի, պլանավորման հնարավորություն, թե՞ աշխատանքը օրվա ռեժիմով էր: Որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում, որքա՞ն էր բարդ գիտակցել, որ դու պարտված պետության արտգործնախարար ես, բայց պարտավոր ես շարունակել չպարտվածի կեցվածքով աշխատել: Հետադարձ հայացքով, այնուամենայնիվ, որո՞նք էին անձամբ Ձեր առաջնահերթությունները:
Ա.Ա. - Նախ պետք է արձանագրել, որ մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին մոտալուտ աղետին, եթե չասեմ ավելին. հիմնավոր տպավորություն էր ստեղծվել, կարծես ողջ աշխարհը գիտեր վերահաս պատերազմի մասին, բացառությամբ՝ Հայաստանի, չհաշված որոշ վերլուծաբանների: Այդուհանդերձ պետք է նշել, որ միշտ հետադարձ հայացքով հեշտ է «ճիշտ» վերլուծություններ և հայտարարություններ անելը, և այսօր էլ պակաս չի զգացվում հաճախ իրարամերժ հաստատումների համար, որոնց հիմնական նպատակն է՝ գտնել կամ կարգել 2020թ. ողբերգության մեղավորներին: Չեմ ցանկանում մտնել այս տեսակ բանավեճի մեջ, փոխարենը կփորձեմ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք ուղղորդող եղան այդ բարդ ժամանակահատվածում իմ և նախարարության ավագ դիվանագիտական կազմի գործունեության համար:
Նախ, մեր խոսույթում, որպես կանոն, առանձնացնում ենք Ղարաբաղյան 1-ին, 2-րդ (2016թ. քառօրյա) և 3-րդ պատերազմները: Ճիշտ է, 1994թ. անժամկետ զինադադարի արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել էին, բայց մեր հավաքական գիտակցության մեջ ամրագրվել էր այն գաղափարը, որ պատերազմն ավարտվել է: Մինչդեռ, իմ կարծիքով, վերը թվարկվածը մեկ չընդhատվող պատերազմի տարբեր փուլեր էին, որովհետև պատերազմը միայն ռազմադաշտում կռվելը չէ: Այդ իմաստով 2020թ. նոյեմբերի 9-ը վերջ դրեց միայն ռազմական գործողություններին, և պատերազմը վերադարձավ դիվանագիտության դաշտ: Գիտակցելով այն ծանր վիճակը, որում հայտնվել էին հայկական երկու պետությունները, այդուհանդերձ գտնում էինք, որ մեր ապրած ողբերգությունը մահախոսական չէր: Չպարտվածի կեցվածքով մեր նախարարության հանդես գալը հենց այդ տրամաբանության մեջ էր և ոչ թե կենացային հայրենասիրության դրսևորում: Պատմությունը լի է համոզիչ օրինակներով, թե ռազմադաշտում պարտություն կրած երկրները խելամիտ դիվանագիտության շնորհիվ ինչպես են կարողացել ուղղել իրենց մեջքը:
Երկրորդը. ի թիվս ավանդական և կարևոր գործառույթների, դիվանագիտության հիմնական և առանցքային դերը բազմապիսի բաց, փակ և գաղտնի տեղեկատվական հոսքերի հիման վրա խորքային վերլուծության արդյունքում ճիշտ գնահատականներ ներկայացնելն է՝ անվտանգային իրավիճակի փոփոխության վերաբերյալ, և դրանցից բխող համապատասխան առաջարկություններով հանդես գալը: Որևէ ձևով չեմ ցանկանում սրբագրել որոշումներ կայացնողների թույլ տված ճակատագրական սխալները, բայց պետք է նաև ընդունել, որ 2020թ. սեպտեմբերի 27-ը չէր հասունացել մեկ կամ երկու ամսում. այն գագաթնակետն էր, ինչպես հրաբխի ժայթքումին նախորդում են խորքային աննկատ ու չերևացող ներքին խմորումներ և գործընթացներ: Ասել է թե՝ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար պետք էր և´ դասեր քաղել մեր սխալներից, և´ ճիշտ վարքագիծ որդեգրելու համար հասկանալ՝ ինչու՞ փլուզվեց ձևավորված ստատուս քվոն: Ավելացնեմ միայն, որ հաճախ մեծ պատերազմներին նախորդում, ուղեկցում կամ հաջորդում են փոքր պատերազմներ, և այդ առումով 2020 թվականը ուժերի հավասարակշռության մոտալուտ փլուզման նախերգանքն էր ավելի լայն իմաստով:
Վերջապես, 2020 թվականի դառը դասերից էր մեր ռազմավարական մտածելակերպի բացակայության կամ լիակատար ձախողման փաստը: Բոլոր պատերազմների փորձը վկայում է, որ պարտությունը թեև չափազանց ցավագին և թանկարժեք, բայց ամենալավ դպրոցն է ստրատեգների համար: Մենք քաջ գիտակցում էինք մեր անբավարար կարողությունները, և այդ պատճառով նաև նպատակադրված էինք նախարարության հարկի ներքո հավաքել մեր փորձագիտական և վերլուծական համայնքի արժեքավոր ներկայացուցիչներին՝ համապարփակ վերլուծական և ռազմավարական պլանավորման մասնագիտական կարողությունները զարգացնելու համար: Դեպքերի հետագա զարգացումները արգելակեցին այդ գաղափարի կենսագործումը, բայց նորաստեղծ Դիվանագետների համահայկական խորհրդի առանցքային նպատակներից է հենց այդ տեսակ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումն ու ներդրումը:
Մենք մշակել էինք միջնաժամկետ ռազմավարության ամփոփ պատկերացումը, բայց հետպատերազմյան իրականությունը թելադրում էր իր օրակարգը, երբ ստիպված էինք գրեթե շաբաթական կտրվածքով դիմակայել հերթական ճգնաժամային իրավիճակին, ուղիներ փնտրելով ամրապնդելու դեէսկալացիոն գործընթացները և միաժամանակ չհատելու մեր «կարմիր գծերը»: Շարունակական և տևական ճգնաժամների ժամանակ դիվանագիտության արդյունավետությունը խիստ սահմանափակված է, և հենց այդ իրավիճակում էինք մենք գործում 2020թ. նոյեմբերին հաջորդող ամիսներին:
Վ.Հ. - Դուք թիմով հրաժարական տվեցիք և հետագայում ձեզ պահեցիք բավական պարկեշտ, երբեք չզազրախոսելով նրանց մասին, ում հետ աշխատել եք և երբեք հանուն անձնական PR-ի չասելով մի բան, որը կարող է վնասել Հայաստանի շահերին: Դա միասնական որոշո՞ւմ էր, թե՞ կրթված դիվանագետի պահվածք:
Ա.Ա. - Այդ ծանր շրջանում համակարգն իսկապես գործում էր որպես մեկ միասնական թիմ: Նման բարդ իրավիճակում մեկ անձի սխալ որոշումները կարող էին կործանարար հետևանքների հանգեցնել, հետևաբար բնական էր, որ որոշումները կայացվում էին կոլեգիալ, բազմակողմանի քննարկումների արդյունքում, որոնցում ընդգրկված էին ոչ միայն նախարարության ավագ կազմը, այլև մեր դեսպանությունները, երբեմն նաև նախկին արտգործնախարարները, ինչպես նաև որոշ փորձագետներ: Ընդհանուր հասկացողություն կար, որ մեր 30-ամյա ինստիտուտի այս լրջագույն փորձաքննության արդյունքը ազդելու է մեր պետականության և հայ ժողովրդի ապագայի վրա: Այդուհանդերձ, երբ բարձրացավ նախարարությունում մեր աշխատելու նպատակահարմարության հարցը, ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ չեն եղել միասնական հրաժարական ներկայացնելու վերաբերյալ քննարկումներ. յուրաքանչյուրն իր որոշումն է կայացրել:
Բոլորիս համար լինում են հանգամանքներ, որոնք ինքնաճանաչման և ուրիշներին ճանաչելու լավ առիթ են հանդիսանում: Մղձավանջային այս վերջին տարիները որոշ իմաստով ռենտգենի դեր կատարեցին յուրաքանչյուրիս շրջապատի, իսկ ավելի լայն իմաստով՝ մեր հասարակության համար: Չեմ հավակնում որևէ գնահատական տալ, բայց շարունակում եմ համոզված լինել, որ հայ դիվանագետն առաջին հերթին պետք է հաստատուն սկզբունքների կրողը լինի: Իմ շատ գործընկերների վարքագիծը նախարարությունից հեռանալուց հետո թելադրվել է հենց պետականամետության անփոփոխ կեցվածքով, որը երբեք կաշկանդված չի եղել օրվա իշխանություններով:
Վ.Հ. - Նոյեմբերի 9-ից հետո կար երկու ճանապարհ: Մեկը՝ կառչել այդ թղթից ու փորձել առավելագույնս պաշտպանել հայկական շահը, մյուսը՝ ինչ արեց այս իշխանությունը. գնաց արևմտյան ավանտյուրայի ճանապարհով, սխալ հաշվարկի պատճառով մտավ միջազգային հակառուսական կոալիցիայի մեջ, ինչը բերեց Արցախի կորստին և Հայաստանի պետականության կորստի վտանգին: Ո՞ր պահից Ձեզ հասկանալի դարձավ, որ իշխանությունը որդեգրել է հենց այդ ճանապարհը, և որո՞նք էին ըստ Ձեզ հիմնական սխալները:
Ա.Ա. - Իրավացի եք, կար երկու ճանապարհ, բայց իմ պատկերացումը տարբերվող շեշտադրում ունի: Միջազգային հարաբերություններին, համաշխարհային պատմությանը, դիվանագիտության փորձին և պատերազմ-խաղաղություն իրար հաջորդող և սերտորեն շաղկապված երևույթին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ պատերազմները մղվում են ոչ թե ռազմադաշտում հաղթանակ ունենալու, այլ՝ դրա արդյունքում հակառակորդին կամքը թելադրելու համար: Մենք հաղթանակած դուրս եկանք 1994 թվականին, բայց չկարողացանք մեր կամքը վերջնականապես պարտադրել հակառակորդին: Ներկայումս իրավիճակը վերափոխվել է հօգուտ Ադրբեջանի, և թուրքական երկու պետություններն աննախադեպ հնարավորություն են ստացել՝ ամրագրելու իրենց ռազմական հաղթանակը նաև դիվանագիտության միջոցով: Նրանց 100-ամյա ռազմավարական պլանները չեն փոխվել, և երկուսն էլ զգում են, որ եկել է իրենց «ռազմավարական պահը»: Կարծում եմ՝ քչերն են հավատում խաղաղության մասին Բաքվից և Անկարայից հնչող խոսույթներին, դրանք թուրքական խաղաղության մասին են, որում Հայաստանը և հայկական շահերը որևէ կերպ չեն տեղավորվելու: Այս գործընթացի վերջում չի լինելու խաղաղություն, այլ՝ անվերջանալի նվաստացումներ և միակողմանի ցավագին զիջումներ: Ակնհայտ է, որ ձևավորված աշխարհակարգի փլուզման պայմաններում, երբ չեն գործում միջազգային կառույցները, իսկ միջազգային իրավունքն առավել քան երբևէ անզոր է, միջպետական հարաբերությունների որոշիչ գործոնը դարձել է ուժային քաղաքականությունը: Միջազգային այս քաոսային իրավիճակում կրկին ուժն է ծնում իրավունք, իսկ պարտվածներն ու թույլերը պետք է ընդունեն այն, ինչ հաղթողներն իրենց կթելադրեն: Սա է պատերազմների ցիկլի անհերքելի իրականությունը: Նման իրավիճակներում միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն և զսպելով հակառակորդի՝ օրեցօր աճող հավակնությունները: Հակաուժի տակ նկատի ունեմ թե´ մեր ներքին կարողությունները, թե´ առաջին հերթին ռազմավարական շահերի համադրմամբ դիվանագիտության միջոցով բնական և իրավիճակային դաշնակիցների ձեռքբերումն ու նոր դաշինքների ձևավորումը: Այդ ուղղությամբ սկզբնական հեռանկարային քայլեր արդեն իսկ արել էինք: Մեր միջավայրում, իմ համոզմամբ, դեռ երկար ժամանակ միայն այսկերպ հնարավոր կլինի ապահովել կայունությունը և հայկական շահը: Հասկանալի է, որ նման սցենարը բարդ ու ռիսկային է, բայց ռազմավարական իրատեսական պլանավորման և հաշվարկների ճշգրտության արդյունքում՝ իրագործելի: Հայաստանի գործող իշխանությունները նախընտրել են այլ ճանապարհ՝ այսպես կոչված «իրատեսական» մոտեցում, իսկ իրականում՝ նվազագույն դիմադրության միջոցով «հաղթողների» կամքն ընդունելը, ինչի արդյունքում վտանգավոր և անթուլատրելի դրսևորումներ ենք տեսնում՝ ուղղված մեր ինքնության և հավաքական հիշողության դեմ և, որպես հետևանք՝ միակողմանի զիջումներ:
Մեր տարաձայնությունները չեն ծագել ինչ-որ հատուկ պահի, այլ գործունեության արդյունքում պարզ է դարձել, որ ԱԳՆ-ի և քաղաքական ղեկավարության պատկերացումները իրավիճակի կառավարման վերաբերյալ էականորեն տարբերվում են: Հաշվի չառնելով ներկա իրողությունները, երբ ցանկացած երկիր՝ մեծ և փոքր, հետապնդում է բացառապես իր սեփական շահերը, մի կողմ դնելով արժեքները, Հայաստանի գործող իշխանություններն «արժեքների» շուրջ են դաշնակիցներ փնտրում: Ինչպես տեսանք, անհրաժեշտ պահերին ժողովրդավարության և մարդու իրավունքների վեհ արժեքները կրող և քարոզող դերակատարները խոր քնի մեջ էին և չպաշտպանեցին ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հայաստանը:
Վ.Հ. - Հայ-ռուսական հարաբերություններ. հիմա շատերն են գնում Մոսկվա, հանդիպում ինչ-որ շրջանակների հետ, արտաբերում կրկնվող տեքստեր՝ «ընդմիշտ միասին», «բազմադարյա եղբայրություն» և այլն: Փաստն այն է, որ այսօր մեր հարաբերություններում կա լուրջ խնդիր, որը հնարավոր է հաղթահարել իրավիճակի գրագետ պատկերացմամբ ու փոխադարձ գրագետ քայլերով: Ակնհայտ է, որ թե´ Հայաստանից, թե´ Ռուսաստանից պահանջվելու են լուրջ ջանքեր՝ հարաբերությունների վերականգնման համար: Ըստ Ձեզ, որո՞նք են նոր իրականության մեջ անհրաժեշտ գրագետ քայլերը, որոնք պետք է անեն Հայաստանի հաջորդ իշխանությունը և Ռուսաստանը:
Ա.Ա. - Դուք շատ դիպուկ նշեցիք, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը: Մեր հարաբերությունների հարուստ պատմությունը և բազմաբնույթ համապարփակ օրակարգը մեզ մոտ համոզմունք էին ստեղծել, թե այդպես լինելու է միշտ: Մինչդեռ մեզ վիճակվել է ապրել արմատական վերափոխումների ժամանակաշրջանում, որոնք անդրադարձել են նաև մեր հարաբերությունների վրա: Բուն թեման շատ ընդարձակ է և պարունակում է տարբեր երանգներ, ինչը, թերևս, առանձին հետազոտության նյութ է: Այս ձևաչափի մեջ կցանկանայի կենտրոնանալ անվտանգային հարթությանը, որը ներկայիս պայմաններում ամենակարևորն է և որից բխում է մնացածը:
Ռազմական և ռազմավարական տեսություններում գոյություն ունի «ծանրության կենտրոն» (Center of gravity) հայեցակարգը, որը նշանակում է ուժի, հավասարակշռության և կայունության ֆունդամենտալ աղբյուր, յուրատեսակ ողնաշար՝ մարտական ​​գործողություններ վարելու համար: Պատերազմներում հակառակորդները ձգտում են նույնականացնել և թիրախավորել թշնամու «ծանրության կենտրոնը», ինչը վճռական հաղթանակի ճանապարհ կարող է հարթել: Օրինակ, Առաջին աշխարհամարտի ժամանակ այդ կենտրոնը Արևմտյան ճակատն էր, իսկ Երկրորդում՝ Արևելյան ճակատը: Դրա հետ մեկտեղ «ծանրության կենտրոն» կարող են լինել ենթակառուցվածքային կարևոր հանգույցներ, մայրաքաղաքներ, առաջնորդներ (Ադոլֆ Հիտլեր) և վերջապես դաշնակիցներ: Իմ կարծիքն է, որ մեր «ծանրության կենտրոնը» եղել է մեր Զինված ուժերի և հայ-ռուսական դաշնակցության համադրությունը: Ակնհայտ է, որ տարբեր հանգամանքների և գործընթացների կումուլյատիվ արդյունքում չեզոքացվեց մեր ռազմավարական զսպման կարևորագույն օղակը՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, ինչն իր ճակատագրական ազդեցությունն ունեցավ դեպքերի հետագա զարգացման վրա:
Հետևաբար, գալիս ենք տրամաբանական հարցին՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Ակնհայտ էր, որ այստեղ գործ ունենք գլոբալ իրավիճակի փոփոխության արդյունքում սխալ կամ կարճաժամկետ իրավիճակային հաշվարկների և շահերի առաջնահերթության վերանայման խնդիրների հետ: Եվ վերջապես, անհրաժեշտ է խորքային վերլուծություն անել երկկողմ և բազմակողմ (ՀԱՊԿ) անվտանգային համագործակցության բացթողումների վերաբերյալ: Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ մեր հարաբերություններում անպայման կարևոր տեղ է գրավելու Արցախի հիմնախնդրի հետ կապված ՌԴ դիրքորոշումը:
Ենթադրում եմ, որ ներկայիս իրավիճակը չի կարող գոհացնել ո´չ Հայաստանին, և ոչ էլ Ռուսաստանին: Անկայունության և անորոշության այս շրջանը, ցավոք, դեռ երկար է տևելու, և նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը չի բերելու խաղաղություն, փոխարենը ձևափոխվելու է քայքայիչ երկարատև հակադրության և նորանոր սպառնալիքների: Այս պայմաններում ցանկացած երկիր, նույնիսկ ամենահարուստ ռեսուրսներով, առավել քան երբևէ կարիք է ունենալու գործընկերների և դաշնակիցների՝ այնպես, ինչպես Հայաստանը վստահելի դաշնակիցների կենսական կարիք ունի: Հետևաբար, ինչ-որ պահի հասունանալու է առանց փոխադարձ մեղադրանքների դաշնակցային հարաբերությունների շարունակականությունն ու հեռանկարները քննարկելու անհրաժեշտությունը՝ շահերի փոխադարձ ապահովման և մարտահրավերները համատեղ հաղթահարելու հանձնառության հիման վրա: Սրանք զուտ բառեր չեն, այլ՝ երկուստեք ռազմավարական վարքագիծ որդեգրելու համար անհրաժետ նախադրյալներ: Քաղաքական և ռազմավարական համադրվելիք տեսլականների հիման վրա հուսալի, փոխշահավետ և արդյունավետ անվտանգության արդիականացված ճարտարապետության համատեղ ձևավորումը երկարաժամետ կտրվածքով կապահովի համագործակցությունը տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: Հակառակ պարագայում, ներկայիս փոխգործակցության որոշ առաջանցիկ ոլորտներ կհայտնվեն աշխարհաքաղաքական վայրիվերումների սպասվող և անսպասելի տատանումների փլատակների տակ:
Վ.Հ. - Համարենք՝ մի պահից Հայաստանն ունի նոր սոլիդ իշխանություն: Որո՞նք են հետպատերազմյան Հայաստանի վերականգնման արտաքին քաղաքականության հիմնական կետերը:
Ա.Ա. - Պետք է հստակ պատկերացնել, որ ցանկացած նոր իշխանություն առերեսվելու է բազմաթիվ խնդիրների հաղթահարման հրատապ հրամայականի հետ: Այդուհանդերձ, ամենալուրջ մարտահրավերները շարունակելու են սպառնալ արտաքին ճակատից: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին հենց արտաքին քաղաքական ոլորտն է լինելու մեր պետականության պաշտպանության առաջնային բնագիծը: Առաջնային խնդիրն այս իմաստով լինելու է արտաքին քաղաքականությունը՝ որպես ներքին քաղաքականության տրամաբանական շարունականություն, իր բնական հուն վերադարձնելու նոր իշխանությունների կարողությունը: Այսօր, իմ գնահատմամբ, իրավիճակը գլխիվայր շրջված է, և արտաքին գործոններն ու դերակատարներն են էական ազդեցություն ունենում մեր որոշումների վրա:
Երկրորդը. արտաքին քաղաքականությունը պետք է ունենա բովանդակություն, որն արտացոլելու է մեր ռազմավարական նպատակները: Ներկայիս պայմաններում հարկ է լինելու իրատեսականորեն վերաձևակերպել մեր ազգային շահերն ու նպատակները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի համար, ինչպես նաև ուրվագծել և պլանավորել դրանց հասնելու միջոցներն ու ուղիները: Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն ոչ միայն վերածվում է իմիտացիոն գործունեության, այլև խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները:
Նույնիսկ ամենախորիմաստ դիվանագիտությունը չի կարող արդյունավետորեն գործել, եթե այն չի վայելում հասարակության մեծամասնության ըմբռնումն ու աջակցությունը: Հաջորդ իշխանությունները պետք է քաղաքական դաշտի և հանրության լայն զանգվածների համար ընկալելի դարձնեն արտաքին քաղաքական լուծումների տրամաբանությունը՝ միևնույն ժամանակ համազգային կոնսենսուս ձևավորելով մեր «կարմիր գծերի» վերաբերյալ:
Եվ վերջապես, մենք հաճախ ենք արձանագրում մեր ռազմավարական մտքի թերի վիճակը: Դրան զուգահեռ՝ պետք է հաշվի առնել, որ այդ գաղափարների և նպատակների իրագործողները անհատներն են: Մեր ձեռք բերած լավ ու վատ փորձը հուշում է, որ ռազմավարական մտածելակերպի առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Այն արդյունավետ կլինի այն ժամանակ, եթե մշտապես ուղեկցվի որոշում կայացնողների և որոշումներն իրականացնողների հետևողական վարքագծով»: