Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ ու գրիչով խազեր եմ քաշում»․ Նիկոլ Փաշինյան

«Գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ ու գրիչով խազեր եմ քաշում»․ Նիկոլ Փաշինյան
294
Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ., 00:12

«Ես կառավարության դռնփակ մասում ասացի, որ նաև 2018 թվականից ես ունեմ հանձնարարական՝ զբաղվելու այդ գործով, և ունեմ զեկույցներ, որ այդ խնդիրը լուծվել է, լուծվում է»,- «Հանրային հեռուստաընկերության»-ը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների թիվը կրճատելու իր խոստմանը:

«Ինձ թվում էր, թե մենք այդ հարցերն էականորեն, շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ 100%-ով, գոնե 60-70%-ով, բայց իրականությունը մի փոքր այլ է․․․ Ես հասկանում էի, որ այդ հարցում, ինչպես շատ հարցերում, կացնային մոտեցումը կարող է ուղղակի բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ կազմակերպչական, աշխատանքային և այլն: Եվ ես երեկ մեր գործընկերներին ասացի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես ամենայն հարգանքով այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Հիմա ինչ է տեղի ունենում․ ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտն էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,- նշեց Փաշինյանը:

Հարցին, թե քանի տոկոսն է «կացինով կտրելու», Փաշինյանը պատասխանեց. «Շատ մեծ տոկոս, մոտավորապես 80, 90 տոկոսը: Բայց ես ուզում եմ ասել, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում, գերատեսչություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքների: Այդ մեքենաների թիվը չի կրճատվի ընդհանրապես։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելանա այս մյուս մեքենաների հաշվին»:

«Կացնային ձևով եմ լուծելու ծառայողական մեքենաների կրճատման խնդիրը»․ Նիկոլ Փաշինյան