Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բա «Արցախը Հայաստան է, վե՛րջ» ինչո՞ւ էիր գոռում. որ Ալիևին գրգռեի՞ր»․ Դավիթ Կարապետյան

«Բա «Արցախը Հայաստան է, վե՛րջ» ինչո՞ւ էիր գոռում. որ Ալիևին գրգռեի՞ր»․ Դավիթ Կարապետյան
71
Այսօր, 11:18

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վտանգավոր ողորմելիները…
Շարունակվում է ապաշնորհ ապիկարների, պատեհապաշտ պատուհասների ու «բեդովլաթ» բախտախնդիրների բենեֆիսը:
Ամեն մի դեմագոգ դիլետանտն իր ամպլուայի մեջ պրոֆեսոր է խաղում, ազգին ու պետությանն իր պիտանելիությունն է ի ցույց դնում:
Բայց արի ու տես՝ տգիտության պերճանքն ու թշվառությունը սահմաններ չունի:
Մառազմն էլ այն է, որ առաջին տիկինն է իր վրա վերցրել «տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավը»:
«Կրթվելը նորաձև է» գիտաֆանտաստիկ լոզունգի ներքո վերջինս պատերազմ է հայտարարել տգիտությանը:
Ինչ խոսք, այս գովելի նախաձեռնության մասին լսելիս՝ եփած հավն էլ կծիծաղեր:
Ստացվում է՝ մարդիկ արշավելու ու պայքարելու են իրենց իսկ դեմ:
Հուսանք՝ շրջապատում ինքնաբավ ու անաչառ մեկը կգտնվի, ով կմատնանշի, թե ձեր թիմում ովքեր են տգիտության մարմնավորումները, տկարամտության էվերեստները, ազնվորեն կասի, թե ովքեր պետք է աշխատեն իրենց վրա, կատարեն առաջին քայլերը, գոնե ձեռք բերեն բազային գիտելիքներ, ով կհորդորի, որ տգիտությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է նախ սկսել իրենցից ու ազատվել տգետ ու տկարամիտ ղեկավարներից:
Բայց ասեմ, ուրախացեք:
Ժողբաստիոնի էլիտա՛, շնորհավորում եմ, դուք տգետ չեք:
Տգետներն այսքան չէին ձգի:
Ընդհակառակը՝ դուք ակունք իմաստության, մտքի տիտան ինտրիգանտներ եք:
Դուք շոուների, դեմագոգիայի, պաթոսի, լիրիկական զեղումների, պարաժի, մուխլյոժի, մուտիտի ու կրիտիտի գուրուներ եք, ցինիզմի ու ֆետիշի, էմոցիոնալ սպեկուլյացիաների ու մանիպուլյացիաների վարպետներ եք:
Հետո ինչ, որ ձեր ասածն ու արածն ուղիղ հակառակի, իրականն ու ճիշտը խեղելու, այլափոխելու մասին է:
Հետո ինչ, որ ձեր նախանշած տգիտության դեմ արշավը գիտության դեմ դեմարշն է:
ԿԳՄՍ-ն՝ վկա:
Բայց և բարի խորհուրդ:
Նախ ինքներդ կրթվեք, տարրական գիտելիքներ ձեռք բերեք, պատմություն ու գրականություն կարդացեք, որպեսզի որևէ ԲՈՒՀ-ից բարձրագույնի դիպլոմ գոնե «դրմստեք», որ այսօր էլ գիտությունից ու տգիտությունից խոսեք:
Թերուս պատուհասներին էլ բացատրեք, որ ադրբեջանական մոտիվներով ու մուտիլովկեքով, ֆարսերով ու նարատիվներով իրենց էքստրավագանտ, էկլեկտիկ ու ալեգորիկ մտքերի տարափն ու լիրիկական էլեգիաները՝ մեղմ ասած տնաքանդություն են:
Կոլաբորացիոնիզմը, թշնամու ջրաղացին ջուր լցնելը, նրան արդարացնելը, պատվեր կատարելն ու շահերը սպասարկելն էլ այսօր ոչ, բայց վաղը օրենքով պատժելի են:
Պատմությունից ու հայրենաճանաչությունից ոտաբոբիկին բացատրե՛ք, որ «Արևմտյան Հայաստան» ու «Արևմտյան Ադրբեջան» հասկացություններն ու տերմիններն անհամադրելի են:
Որ նման տխմար ու փնթի զուգահեռներ ու համեմատականներ կարող է տանել, լավագույն դեպքում, թշնամու միջին վիճակագրական կիսագրագետ ու աբիժնիկ քաղաքացին:
Ստացվում է՝ միջինասիական յայլեքից ժամանած անդեմ քոչվորին կարելի է սուվերեն երկիրդ անվանել «արևմտյան ադրբեջան» ու շրջանառության մեջ դնել այդ հորինված, կեղծ ու շինծու թեզը, իսկ մենք չպետք է արտաբերենք 4-րդ դարից կիրառվող՝ «Արևմտյան Հայաստան» տերմինը, որպեսզի այն չգրգռի նրանց, արդյունքում էլ պետականության կորստի չհանգեցնի:
Մեղա՜ քեզ, Տեր, մեղա՜…
Բա որ դա գրգռում է Ալիևին, Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է վե՛րջ» ինչո՞ւ էիր գոռում:
Գոռում էիր, որ գրգռեի՞ր:
Որ հետո Արցախի պետականության կորուստն արձանագրեի՞ր, հիմա էլ Հայաստանի մասով խրատվեի՞ր:
Այդ իսկ պատճառո՞վ է, որ թթու մի բառ անգամ չես ասում կիրթ ու կառուցողական կոլեգայիդ մասին, ավելին՝ հաշտ ես ես ասածների հետ:
Քոչվոր հարևանդ «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անունով հեռուստաալիք, համայնք ունի, COP 29-ի շրջանակներում՝ «վերադարձ Արևմտյան ադրբեջան», «ադրբեջանական Իրեվան» խորագրերով պետական ամենաբարձր մակարդակով միջոցառումներ է կազմակերպում, երկրիդ հանդեպ հավակնություններ է ներկայացնում, նվաճողական և հակահայկական ծրագիր ներկայացնում, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումն ու ադրբեջանցիներով բնակեցումը, պատմամշակութային ժառանգությունդ է ալբանացնում, մեզ եկվոր կոչում:
Իսկ դուք հերիք չէ, որ ծպտուն չեք հանում, ժողովրդին էլ հորդորում եք հանդուրժողականություն դրսևորել, ըմբռնումով մոտենալ, սուս մնալ ու չպատասխանել:
Ո՞վ էք դուք, ավելի ճիշտ՝ ի՞նչ եք դուք…
Երկիրդ «Արևմտյան ադրբեջան» անվանողին գոնե պետք է լուսաբանես, որ իրենց արհեստածին պետությունն է մաս կազմում Արևելյան Հայաստանի:
Որ «Ադրբեջան» եզրույթն էլ պարսկական Ատրպատական նահանգի ձևափոխված անվանումն է:
Երևանդ՝ Իրեվան, Սևանդ՝ Գոյչա ասողին, Բակուրակերտի, Գանձակի, Շահումյանի, Նախիջևանի ու Արցախի մասին փաստաղթերն ու քարտեզները աչքը պետք է կոխես ու բերանները փակես:
Ինչևէ, դուք ո՜ւր, ասածներս ուր…
Շնորհակալություն հայտնեք Հայաստանում ֆրանսիայի դեսպանին, ով ձեր փոխարեն պորտատեղադրիչ պատասխանով է հանդես գալիս:
Վերջինս՝ «Միակը և անփոխարինելին» վերտառությամբ գրառում է արել, կցելով Պարսկաստանի քարտեզը՝ «Արևմտյան Ադրբեջան» նահանգով հանդերձ:
Ասել կուզի՝ կա մեկ «արևմտյան Ադրբեջան» և այն Պարսկաստանի հյուսիս-արևմտյան նահանգ է:
Ինչևէ, շարունակվում է վտանգավոր ողորմելիների շքերթը:
Շարունակվում է նաև համաժողովրդական ապատիան:
Կրկին փաստում ենք՝ ունենք այն, ինչ ունենք, մենք արժանի ենք մեր ունեցածին, մեր խաչն էլ դեռ պետք է քարշ տանք…
Այսքան խղճուկ վիճակում երբևէ չենք եղել»:

Աղբյուրը`   Դավիթ Կարապետյան