Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Վրաստանում պետք է սպասել մի նոր հեղափոխության»․ Ստյոպա Սաֆարյան

«Վրաստանում պետք է սպասել մի նոր հեղափոխության»․ Ստյոպա Սաֆարյան
94
Այսօր, 09:42

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմուտքի՝ ԵՄ և ԱՄՆ հետ Վրաստանի իշխանությունների հարաբերությունները հատել են անշրջելիության կետը։ Այլևս պարզ է, որ հակադրության կողմերը պարտադրված են մինչև վերջ հետապնդել ուժային ռազմավարություններ՝ հետապնդելով դիմացինի վերջնական կապիտուլյացիան։ Ոչ միայն ուժերի հավասարակշռությունը Վրաստանի իշխանության օգտին չէ, այլ նաև այս ամենի՝ քիչ արտացոլումը հանրային տրամադրությունների վրա չի լինելու Վրաստանի իշխանությունների օգտին։ Եվ առաջին հերթին վերջիններիս համար ամենավտանգավորը սեփական ընտրազանգվածի ներսում փխրուն կոնսենսուսի փլուզումն է։ Ի վերջո, Վրացական երազանքի օգտին քվեարկել էին նաև նրանք, ովքեր ուզում են լիարժեք ինտեգրվել եվրաատլանտյան կառույցներին, սակայն, ներքաղաքական խոսույթում օգտագործված քաղաքական տեխնոլոգիաների շնորհիվ այդ գործում առաջնորդությունը չեն վստահում ընդդիմությանը, քանի որ իրենց համոզել են, որ դա լինելու է կոշտ անցում՝ ուղեկցված անկայունություններով ու նոր պատերազմներով, ինչպես նրանք դա «արել են» Վարդերի հեղափոխությունից հետո, «բերելով իրենց երկրի վրա Ռուսաստանի հարձակմանը»։ Ըստ այդ, նրանք կողմ են արտահայտվել ու քվեարկել «փափուկ ինտեգրման» հայեցակարգին, որով հանդես է եկել իշխող կուսակցությունը։ Այժմ՝ վերջին երկու օրերի իրադարձություններից հետո նրանց համար ակնհայտ է դառնում, որ Վրացական երազանքն ամենևին իրենց չի առաջնորդելու դեպի եվրատլանտյան ինտեգրում, այն էլ՝ "փափուկ", և ամբողջ աշխարհը նրան մեղադրում է հակաարևմտյան, հակաժողովրդավարական, ավելին՝ կրեմլահպատակ լինելու մեջ, իսկ ինքն էլ «հաստատում» է այդ մեղադրանքները՝ օրակարգից 4 տարով հանելով ԵՄ անդամակցությունը․․․ Ուժերի ներկայիս վերադասավորվածությունը նախկինում աշխատած մանիպուլյացիաների տեղ չեն թողնում ու իշխող կուսակցության ընտրազանգվածում վերադասավորումներն ու «շիֆթերը» անխուսափելի են:
Հետևաբար, Վրաստանում պետք է սպասել մի նոր հեղափոխության, որտեղ արդեն միավորված կլինեն թե ընդդիմությանը ընտրածները, թե նաև՝ Վրացական երազանքին ընտրածները, քանի որ խոշոր առումով նրանց, ավելի ստույգ վրացական հասարակության ճնշող մեծամասնությունը եվրոպամետ է, ու եթե անգամ այդպիսին էլ չլինի՝ Վրացական երազանքը նրանց չի կարող տանել դեպի Ռուսաստան․ Վրացական հասարակությունը խոշոր հաշվով ու առաջին հերթին հակառուսական է, ըստ որում՝ չափազանց հիմնավոր պատճառներով»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան