Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Թուրքիայի այսօրվա քաղաքականությունն ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը»․ Կարեն Վրթանեսյան

«Թուրքիայի այսօրվա քաղաքականությունն ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը»․ Կարեն Վրթանեսյան
69
Այսօր, 17:48

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին միջոցառումից (շաբաթ օրն էր, ՀՅԴ-ն էր կազմակերպել) մի թեմայի անդրադառնամ. մեր քաղաքագիտական շրջանակներում պանթյուրքիզմի ընկալումներին։
Այս հարցում ես համակարծիք եմ Կիրո Մանոյանին, որ ոչ թե Թուրքիայի ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունն է բխում պանթյուրքիզմից, այլ պանթյուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղականությունից։
Պանթյուրքիզմը գործիք է։ Ավելի ճիշտ՝ գործիքներից միայն մեկը։
Տեսե՛ք...
Երբ պետք է ազդել հետխորհրդային տարածքի, Իրանի և Իրաքի թյուրքալեզու բնակչության վրա, թուրքերն օգտագործում են պանթյուրքիստական և մասամբ էլ պանթուրանիստական գաղափարները։
Երբ պետք է աշխատել սունիների հետ (ոչ միայն թյուրքախոս), միանգամից հիշում են Օսմանյան կայսրությունն ու խալիֆաթը, սուլթանին։
Ընդհանրապես մուսուլմանների հետ աշխատելիս էլ առաջ են մղում պանիսլամական գաղափարները, միաժամանակ Եվրոպային և ԱՄՆ-ին ներկայանալով որպես չափավոր իսլամի կողմնակիցներ (ինչը սակայն չէր խանգարում Էրդողանին աջակցելու Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին)։
Իսկ Թուրքիայից Եվրոպա գաղթած թուրքերի հետ Էրդողանն աշխատում է ոչ միայն սունիական, այլև պահպանողական օրակարգերով (ավանդական ընտանիք ևն)։
Պահպանողականության, ինչպես նաև հակարևմտականության և եվրասիականության գաղափարները շահագործելով թուրքերն աշխատում են նաև Ռուսաստանի հետ, Դուգինի պես շառլատանների միջոցով։
Հակարևմտականության (անտիկոլոնիալիզմի փաթեթավորմամբ) գաղափարներով Թուրքիան աշխատում է նաև Աֆրիկայում։
Ի դեպ, երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության և զբաղված էր բանակը ջախջախելով, նա եվրոպական աջակցությունն ունենալու համար ներկայանում էր որպես ժողովրդավարության ջատագով։
Ինչու եմ այս ամենը թվարկում. փաստ է, որ պանթյուրքիզմը Թուրքիայի գործիքներից մեկն է միայն և հաստատ իր քաղաքականության առանցքը չէ։
Իշխանությունը պահելու համար եթե պետք լինի, Էրդողանը կոմունիստ էլ կդառնա։ Ինչպես մի պահ Քեմալն էր հայ-հայա բոլշևիկ դառնում...
Մի խոսքով, ասածս հետևյալն է. Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը շատ-շատ-շատ ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան