Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայաստանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ»․ Աշոտ Տերտերյան

«Հայաստանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ»․ Աշոտ Տերտերյան
173
Այսօր, 11:18

«Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․ «Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի գլխավոր միտքը այն է, որ պետությունը կարելի է պահել դիվանագիտական հավերժ խուսանավումներով։
Լավ դիվանագիտությամբ կարելի է միշտ պետությունը փրկել արհավիրքներից, պատերազմներից և ձախողումներից։
Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասել է, որ լավ թագավորը այն թագավորն է, որ կարողացել է երկիրը հեռու պահել պատերազմներից։
Այսօր էլ անընդհատ մեր ժողովրդին սնուցում են, որ պետք էր խուսափել 2020-ի պատերազմից, կամ շուտ ավարտել, և որ ձախողել ենք դիվանագիտությունը։
Հիմա 2025-ին ուկրաինական ճակատում շատ հնարավոր է հրադադար հաստատվի և Ռուսաստանը նորից ակտիվանա Հարավային Կովկասում, և բացի դա Արևմտյան հարձակում լինի Իրանի վրա։
Նման պայմաններում Հայաստանն էլ կարող է ներքաշվել պատերազմի մեջ։
Ու նորից շատ լուրջ մարդիկ մեզ ասելու են՝ ճիշտ դիվանագիտություն չվարեցինք ու պատերազմի մեջ ընկանք, Ռուսաստանից երես թեքեցինք ու պատերազմի մեջ ընկանք․ արևմուտքի հետ բավարար չսերտացանք ու պատերազմի մեջ ընկանք։
Իրականում այդ ամենը քաղաքական անմտություն է։
Երբ որ պատերազմը հասունանում է, դրանից խուսափելն անհնար է, որքան էլ ուժեղ դիվանագիտություն վարես։
Հայաստանը մեղավոր չէ, որ 2020-ին պատերազմ է սկսվել, ոչ էլ մեղավոր կլինի եթե 2025-ին սկսվի։
Եվ Հայաստանը քայքայող քարոզչություն է ձախողման հիմքում դնել դիվանագիտական սխալ աշխատանքը։
Երբ որ պատերազմ է սկսվում, ու բնակչության մոտ այն միտքն է, որ դիվանագիտությամբ կարելի էր խուսափել պատերազմից, կամ որ դիվանագիտությամբ կարելի է կանգնեցնել պատերազմը, ապա պետության պայքարը պատերազմի դաշտում թուլանում է։
Պետք հասկանալ, որ դիվանագիտությունը ընդամենը պատերազմի արդյունքները ձևակերպող գործիք է ու դրա համար պետք է հաղթել պատերազմը, որպեսզի հետո դիվանագիտությունը արդյունք տա։
Հիմա ամենամեծ լսարան ունեցող մեդիա ռեուրսները առավոտից երեկո թմբկահարում են՝ 1997-ին սխալվեցինք, 2016-ին սխալվեցինք, 2019-ին սխալվեցինք, Լավրովի պլանը պիտի ընդունեինք, Նիկոլը պիտի 2019-ին հողերը տար և այլն։
Սա հենց թշնամական քարոզչություն է Հայաստանի հանդեպ, պայքարի կամքը կոտրելու համար, որպեսզի Հայաստանը հասկանա, որ ի վիճակի չէ պատերազմ հաղթելու և որ փրկությունը դիվանագիտությամբ խուսանավելն է, այսինքն՝ հզոր թշնամիներին զիջելը։
Մեծ մտավախությունն այն է, որ 2025-ի հավանական պատերազմին Հայաստանը կգնա հենց վերոնշյալ մտքերով՝ դիվանագիտությունը ձախողեցինք, գոնե հիմա մի բան զիջենք պրծնենք։
Սակայն դիվանագիտական խուսանավման փրկարար դերը անընդհատ շեշտելու թշնամական գործողության փոխարեն, պետք է պետությունը կազմակերպել պատերազմի ու պատերազմի ժամանակ էլ՝ թեկուզ քիչ զենքով, թեկուզ քիչ զինվորով աշխատել հաղթելու ուղղությամբ։
Իսկ հաղթել հնարավոր է ցանկացած հակառակորդի։
Եվ հաղթանակն էլ հակառակորդին ոչ մի թիզ հող չզիջելը չէ։
Հաղթանակը հակառակորդի քաղաքական ծրագիրը ձախողելն է և քո պատերազմելու ներուժը պահպանելն է։
Օրինակ՝ 2020-ի պատերազմում Հայաստանը կարող էր հաղթել նույնիսկ եթե կորցներ ամեն ինչ՝ պահելով միայն Քարվաճառը և Լաչինը։
Դա ռեալ հնարավոր էր»։

Աղբյուրը`   Աշոտ Տերտերյան