«Ձեր օրոք Ալիևի լկտիությունը սահմաններ չի ճանաչում։»․ Նորիկ Նորիկյան
126
Երեկ, 13:18
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկո՛լ, երբ հայտարարում էիք, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արդյո՞ք այն ենթադրում էր այսպիսի ստորացուցիչ կապիտուլյացիա ու Արցախի վերջնական կործանում, եթե ոչ, ապա ի՞նչ էր ենթադրում․․․ Նույնիսկ հայեցակարգային առումով է սխալ Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այո՛, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի ենթադրել Լեռնային Ղարաբաղի անկախություն, նույնիսկ «Մեղրիի տարբերակով» Լեռնային Ղարաբաղին տրվում էր ոչ թե անկախություն, այլ այն, Մեղրին Ադրբեջանին հանձնելու դիմաց, միացվում էր Հայաստանին։ Բայց դա չի նշանակում Ադրբեջանի կազմ վերադարձնուն ուղղված գործողությունների շարք։ Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն առվազն 1994-ից հետո փաստացիորեն Ադրբեջանի կազմում չի եղել, ինչի մասին լռում է Փաշինյանը, և դրանից հետթ է, փաստորեն, բանակցվել Ադրբեջանի կազմ վերադարձնելու համար։ Փաստը նա է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Փուլային», «Փաթեթային», «Ընդհանուր պետության» տարբերակները, ինչպես նաև «Մադրիդյան սկզբունքները», «Կազանյան փաստաթուղթը» և այսպես կոչված «Լավրովի պլանը» իրենց մեջ պարունակել են տարրեր, որոնք թեև չէին ենթադրում Արցախի անկախություն, սակայն պարունակում էին փաստացիորեն Ադդբեջանի ենթակայությունից դուրս ԼՂԻՄ-ի տարածքի վրա, ներառյալ Լաչինն ու Քարվաճառը, պետական կազմավորման հնարավորություն։ Այո, նման սցենարը չէր ենթադրում կոնֆլիկտի ամբողջական լուծում, հակառակը՝ այն յուրովի ական էր՝ աշխարհաքաղաքական խաղացողների համար իրենց հարմար ցանկացած պահի պայթեցնելու համար, բայց չէր էլ ենթադրում Արցախի կործանում ու ստորացուցիչ պարտություն։ Հետևաբար, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում է տալիս, ապա հարց է առաջանում՝ եթե Հայաստանի երեք նախագահները 24 տարի բանակցել են՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ 1.Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, 2.Հրապարակել եք Ձեր «Մյունխենյան սկզբունքները», որի առանցքային կետն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 3.Տանուլ եք տվել պատերազմը, որի արդյունքում ունեցել ենք ինչպես տարածքային կորուստներ, այնպես էլ տվել ենք հաարավոր զոհեր։ 4.Հայտարարել եք, որ ճանաչում եք Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանի 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ 5.Արցախն ամբողջությամբ հայաթափվել ու կործանվել է։ 6.Ձեր օրոք Ալիևի լկտիությունը սահմաններ չի ճանաչում։ Նա պահանջում է 300 հազար ադրբեջանցիներին տեղավորել Հայաստանում, իրեն հանձնել «Զանգեզուրի միջանցքը», փոխել մեր սահմանադրությունը, իսկ մեր հայրենիքը «դարձրել» է «Արևմտյան Ադրբեջան»։ Հ․Գ․ Նիկո՛լ, երբ հայտարարում էիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արդյո՞ք այն ենթադրում էր այսպիսի ստորացուցիչ կապիտուլյացիա ու Արցախի վերջնական կործանում, եթե ոչ, ապա ի՞նչ էր ենթադրում։ Իսկ ինչո՞ւ այնպես ստացվեց, որ վերջնահաշվում Ձեր բերած լուծումը ընդունելի եղավ միայն Ադրբեջանի ժողովրդի համար։ Միայն չասեք, թե այս լուծումը ընդունելի է նաև մեր ու Արցախի ժողովրդի համար․․․»։