«Լիբանանում որոշվում է շատ բան, ինչն առնչվում է աշխարհաքաղաքականությանը»․ Հակոբ Բադալյան
103 Այսօր, 12:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ուշադրությունից բաց չթողնենք այն, ինչ տեղի է ունենում Լիբանանում: Ինչպես ասել եմ մի առիթով, Լիբանանը թվում է թե ոչինչ չորոշող մի պետություն է, թուլացած, խոցված, բզկտված, բայց Լիբանանում որոշվում է շատ բան, ինչն առնչվում է ռեգիոնալ զարգացումներին և աշխարհաքաղաքականությանն ընդհանրապես: Իսկ հունվարի 9-ին Լիբանանում վերջապես կայացավ նախագահի ընտրություն՝ ավելի քան երկամյա «դադարից» հետո: Ընդ որում դադար, որը պայմանավորված էր այդ հարցում թե ներլիբանանյան, թե՝ ինչն առավել էականն է թերեւս, աշխարհաքաղաքական դիմակայությամբ: Ի դեպ, այդ իմաստով կա որոշակի խորհրդանշականություն, որ միջազգային իրադրության համար շրջադարձային՝ հենց 2022 թվականից ի վեր է, որ Լիբանանում թափուր է նախագահի պաշտոնը: Երկիրն իհարկե խորհրդարանական կառավարմամբ է, բայց այդուհանդերձ ելնելով իր իշխանության ձեւավորման յուրահատուկ՝ դավանա-քաղաքական սկզբունքից, երբ ըստ էության քվոտավորվում են իշխանության թեւերը, նախագահի ինստիտուտն ունի ըստ էության առավել նշանակալի իմաստ, քան օրինակ խորհրդարանական կառավարմամբ այսպես ասած դասական քաղաքական մոդելների պարագայում: Լիբանանում կա «Ազգային պակտը», որ հիմնական դավանական խմբերի միջեւ կնքվել է 1943-ին՝ անկախության ձեռքբերումից, ըստ որի, նախագահի պաշտոնի «քվոտան» մարոնիտներին է՝ քրիստոնյաներինը, վարչապետի պաշտոնի «քվոտան»՝ սունի մահմեդականներինը, իսկ խորհրդարանի նախագահի քվոտան՝ շիա մահմեդականներինը: Այդպիսով, երկամյա դադարից հետո Լիբանանը դարձյալ ունի նախագահ: Այդ պաշտոնին է ընտրվել Լիբանանի զինուժի հրամանատար Ժոզեֆ Աունը, որն ինչպես հասկացաք՝ ներկայացնում է մարոնիտների համայնքը, որոնք արեւելյան կաթոլիկներ են: Սա իհարկե ոչ միայն ներլիբանանյան, այլ ըստ էության Լիբանանի շուրջ որոշակի աշխարհաքաղաքական փոխհամաձայնության արդյունք է, որը թերեւս մասն է Հըզբոլլահ-Իսրայել՝ նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնության, որ ձեռք բերվեց ԱՄՆ ու Վատիկանի ակնառու մասնակցությամբ եւ ներգրավվածությամբ, մյուս կողմում անկասկած Իրանի առկայությամբ: Ըստ ամենայնի, այդ համաձայնությունը ներառել է նաև նախագահի կոնկրետ թեկնածու: Ժոզեֆ Աունն ի դեմ իր կրթությունը ստացել է Լիբանանի ամերիկյան համալսարանում, նաև Միացյալ Նահանգներում ստացել է ռազմական կրթություն: Իրանը շնորհավորել է նրան նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հայտնել իր աջակցությունը: Հատկանշական դրվագ է այն, Աունը նախագահի պաշտոնին է հայտնվել ի հեճուկս Սահմանադրության դրույթի, որն արգելում է դատական իշխանության եւ պետական իշխանության առաջին կարգի պաշտոնյաներին նախագահ ընտրվել իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում: Այս հանգամանքը եւս վկայում է, որ Լիբանանում նախագահի ընտրությունը ոչ միայն ներքաղաքական, այլ թերեւս նաեւ ընդգծված աշխարհաքաղաքական ակտ է: Այդ ամենի հանդեպ Հայաստանի ուշադրությունը մեղմ ասած ավելորդ չէ, որովհետեւ Մերձավոր Արեւելքում, եւ մասնավորապես Լիբանանում ծավալվող գործընթացներում խմորվում են հարցեր, որոնք ուղղակի, թե անուղղակի իրենց ազդեցությունն են տարածելու նաեւ «ավազանային» մյուս ռեգիոնների, այդ թվում մասնավորապես Կովկասի վրա: Ավելին, ամենից էականը թերևս այն է, որ Սիրիայում հայկական համայնքի փաստացի այլեւս չգոյության պայմաններում, Լիբանանի հայ համայնքը ըստ էության մնում է Մերձավոր Արեւելքում հայկական գործոնի միակ ինստիտուցիոնալ կրողը, իհարկե չմոռանալով Երուսաղեմում հայկական հիմնարար ներկայությունը: Իսկ հայ համայնքը Լիբանանում իսկապես գործոն է, ինչի մասին են վկայում այն քաղաքական հանդիպումներն ու քննարկումները, որ այդ երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ունենում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Ընդ որում, այդ քննարկումները եղել են նաեւ հենց նախագահի ընտրության թեմայով: Մերձավոր Արևելքում՝ աշխարհաքաղաքականության «օրորոց-խառնարանում» հայկական գործոնի նշանակությունը, թերևս առանց չափազանցության՝ բախտորոշ է նաև հայկական պետականության էքզիստենցիալ հեռանկարների համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
5316:18«Անշնորհակալ երախտամոռը»․ Էդգար Ղազարյան
7016:00«Չգիտես ինչի, իր գլուխն է գովում»․ Սևակ Հակոբյան
4915:54«Պարզ չի՞, թե ինչու է Մոսկվան ակտիվորեն խոսում Մինսկի խմբի լուծարման մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
7315:48Բաքուն բողոքել է Մոսկվային՝ Ալիևին վիրավորելու համար
14815:12«Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփի հետ»․ Պեսկով
9815:06«Ալիևը գլուխը պատին ա տալիս»․ Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
9014:48«Փաշինյանն իր ճաշակով որոշել է, որ օրհներգի տողերի տեղը պիտի փոխվի»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
9014:30