Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կա՞ ավելի մեծ ստորացում, քան ապրել դասալիք վաճառականի իշխանության ներքո». Աննա Կոստանյան

«Կա՞ ավելի մեծ ստորացում, քան ապրել դասալիք վաճառականի իշխանության ներքո». Աննա Կոստանյան
156
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 15:06

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքական պլանի սպասարկուն ու հայկական բանակի օրը
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատարը բանակի կազմավորման տարելիցին, մինչև Եռաբլուր՝ իր ձևական այցելությունը, ցինիզմով հիշատակեց բանակի օրը ու շարունակեց խոսել սոցիալական հարցերից: Այս մարդը հրաշալիորեն ճանաչում է ժամանակակից հայաստանցի հայի վերափոխված հոգեբանությունը. նա, ով ծնվել է այնպիսի միջավայրում, որտեղ ազգային արժեքները ստորադասվել են սոցիալական շարքային խնդիրներին, սնվել ու դաստիարակվել այդ միջավայրի բարքերով՝ մեծագույն սիրով ու անհագ ատելությամբ դեպի հայի ազգային բնութագիրը, անշեղորեն իրականացնում է հայկական ինքնության, ազգային արժեքների բնաջնջման թուրքական հարյուրամյա ծրագիրը:
Թուրք-ադրբեջանական տանդեմից եկող սպառնալիքներից խուսանավող, քաղաքական անհաջող մանևրումներով, պրիմիտիվ մանիպուլյացիաներով, պատերազմով ու աշխարհից մեկուսացմամբ սպառնացող առևտրականն իր թերի գիտելիքների պաշարով պատմական արդարության հաստատման պահանջից բացահայտ հրաժարվում է, կասկածի տակ դնում Ցեղասպանության փաստը, իսկ մենք դեռ զարմանում ենք, հեգնում, հակափաստարկներ բերում, շարունակում ապացուցել, որ մենք ուխտ չենք:
Արդյոք սա այլևս մարտահրավեր չէ՞ հայի՝ ցեղասպանված իր ապուպապերի վերապրածի համար, և ինչո՞ւ ենք մենք համակերպվում աբսուրդին, երբ այլևս ապացույցներ պետք չեն՝ հասկանալու, թե ինչպիսի ծրագիր է իրականացվում մեր բոլորիս աչքի առջև, այսօր ու այստեղ:
Արարատն այլևս «ագրի դագ» է, ազգայինն այլևս պետական է, հայկական ինքնություն գոյություն չունի, կա միայն հայաստանցի, ով պետության հերոս հարկատու է, իսկ Սփյուռքն էլ՝ մի մեծ տուրիստական բյուրո, որը կարող է կազմակերպել ինքն իրեն հայ իդենտիֆիկացնող անձանց զբոսաշրջային ժամանցը Հայաստանի Հանրապետությունում:
Կա՞ այլևս ավելի մեծ ստորացում, քան ապրել դասալիք վաճառականի իշխանության ներքո. նույնիսկ պատերազմում պարտություն կրելն ու հիմնահատակ ջարդվելն այնքան ստորացուցիչ չէ...»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան