«Նիկոլը խաղում է համաշխարհային քաղաքական կազինոյում ու մաս-մաս կրվում է ամբողջ երկիրը»․ Սևակ Հակոբյան
147
Երեկ, 21:48
Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլը, որ նոր էր եկել իշխանության, 138 մլրդ դրամի խաղադրույք էր արվել մեր երկրում։ Ու ի՞նչ էր ասում․ պետք է փակենք․ մարդիկ պարտքերի տակ են ընկնում։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա և իրենք դրամագլուխ վաստակեն։ 2024 թվականին, գիտե՞ք որքան խաղադրույք է եղել մեր երկրում․ 7 տրիլիոն 130 մլրդ դրամ։ 7 տրիլիոն։ Մի երկրում, որտեղ բնակչության կեսը աղքատ է, 18 մլրդ դոլար մեկ տարում խաղադրույք են արել։ Էնքան մեծ է հուսահատությունը, որ սաղովի քայլերն ուղղում են կազինո։ Նիկոլին հարցնում ես՝ ասում էիր ազգին ղումարբազ է Սերժը դարձրել, բա դո՞ւ ինչ ես անում, պատասխանում է՝ ամեն մեկը ինքն է որոշում իր փողը ոնց ծախսի, նրանք էլ որոշել են կազինոյում ծախսեն։ Դու մանդատ ես ստացել դրանք վերացնելու համար, իրական հանրության պահանջը դա է, ոչ թե ձեր քաղաքական դատավարությունները, հիմա ասում ես՝ թող կազինո խաղա ժողովուրդը, բյուջե լցվի՞։ Տրանսպորտի գինը թանկացնում են, ժողովրդին թալանում են, որ լցնեն բյուջե, հարկերը բարձրացնում են, ժողովրդին թալանում են, որ լցնեն բյուջե, ինչն էլ չեն կարողանում հարկ ու տուրքով տանեն, տանում են կազինոյով։ Իսկ կարող է՞ չեք լուծում կազինոների հարցերը, որովհետև, օրինակ, փայ ունեք․ ամենախոշորը ձեր սեղանի ընկերն է, ԱԺ նախագահը, Նիկոլի աներձագը նրա հետ են հանգստի մեկնում թանկարժեք կղզիներում։ Իսկ Նիկոը փայ չունի՞ դրա մեջ։ Խիստ կասկածելի է, թե չունի, նրա՝ կազինոների դեմ չպայքարելը հակառակի մասին է խոսում։ Ասում է՝ պայքարում ենք․ եթե պայքարում ես ու աճում է, ուրեմն չես կարողանում, չես տիրապետում կամ միտումնավոր սխալ ես պայքարում, ինչպես, օրինակ, պատերազմյան և ետպատերազմյան շրջանում թշնամու դեմ էիր պայքարում։ Էնպես պայքարեցիր, 30 տարվա սաղ ձեռքբերումները ձեռքներիցս տարան, մի 5000 էլ էրեխու կյանք տարան, ստեղ էլ խաղում էին 138 մլրդ դրամի, հիմա խաղում են 7 տրիլիոնի։ Էս ի՞նչ ուժեղ եք պայքարում, լրիվ ձախողակների էտալոն եք։ Իսկ արդյո՞ք զարմանալու տեղ ունենք։ Ժողովուրդը կազինո է խաղում, ունեցած չունեցածը կրվում է։ Է Նիկոլն էլ իրեն պահ տված երկիրը չի՞ կրվում կազինոյում։ Նիկոլն էլ Հայաստանը խաղադրույք չի՞ արել աշխարհաքաղաքական կազինոներում։ Նիկոլը խաղում է քաղաքական կազինոյում, համաշխարհային կազինոյում ու մաս-մաս կրվում է ամբողջ երկիրը։ Ոչ մի բանից տեղյակ չէ, ո՛չ գիտի ում հետ է խաղում, ո՛չ գիտի ինչ գործակից է, ո՛չ գիտի ինչ թիմեր են, ամբաղ-զամբաղ ստավկաներ են անում, ու մեր երկիրն էլ այդ համայնքապետի խորհրդականի պես ինքնասպան է լինում։ Եթե կազինոյում մարդը կորցնում է իր տունը, իր ավտոմեքենան, ընկնում է պարտքերի տակ, մի օր ոսկեղենն ա տանում, մի օր տնեցիքի աշխատավարձերը, հետո ավտոն է տալիս, հետո տունն է տալիս, սրանից-նրանից պարտքեր ուզում։ Նույնն էլ Նիկոլի խաղացած կազինոն է․ բացեք կառավարության նիստերը, պետական մակարդակով ղումարբազներն են, որոնք ամեն նիստի վարկեր են վերցնում, երկիրը գցել են արդեն 13 մլրդ դոլարի պարտքի տակ, աշխարհաքաղաքական կազինոյում կրվել են Արցախը, կրվել են Հայաստանից տարածքներ։ Չեն կարողանում, բայց շարունակում են խաղալ, ո՛չ մտածում են տան անդամների մասին, ո՛չ երկրի մասին ու թքած, թե վաղը ոնց է լինելու։ Նիկոլը սաղիս քաշել է էդ խաղի մեջ ու չգիտենք էլ ինչեր է հանձնելու իր խաղերի դիմաց։ Իսկ ինքը մի սիրուն ռանչոյի ֆոտո է հրապարակել, թե որտեղ են պատրաստվում վայելել ծերությունը։ Կարճ ասած՝ ժողովո՛ւրդ ջան, Նիկոլ Փաշինյանի օրոք մեր երկրում աճել են հանցագործությունները՝ կրկնակի, 20 հազարից դառնալով 40 հազար, տարեկան, հարյուրավոր տոկոսներով աճել է թմրամոլությունը և հազարավոր տոկոսներով աճել է խաղամոլությունը։ Սա երեք ցուցանիշ է, որը խոսում է ցանկացած երկրի, ցանկացած ժողովրդի՝ հիմքերից քանդման մասին․ իսկ իշխանության մասով՝ լիովին տապալման մասին։ Ժողովրդին նստեցրել են հանցագործության վրա, նարկոտիկի վրա, կազինոյի վրա։ Մարդիկ ունեին ակնկալիքներ, որ հեսա մեր երկրում դրական փոփոխություններ են լինելու, աղքատության հաղթահարում, աշխատատեղ, ներդրումներ, ոչ մի բանը չկարողացավ, ու հուսահատությունը տասնյակ հազարավորներին մղեց արտագաղթի, տասնյակ հազարավորներին մղեց հանցագործության, տասնյակ հազարավորներին մղեց թմրամոլության, հարյուր հազարավորներին՝ կազինո։ Տասնյակ տարիներ գործած գրադարանը իր 18 մլն գրքային ֆոնդով փակվում է, տասնյակ տարիներ աշխատած գրախանութը փակվում է, ավելանում է թմրանյութը, խաղամոլությունը։ Սրանք փոխում են ազգի տեսակը, փոխում են հիմքից, դարձնում են մարդկանց խումբ, որը հանուն կազինոյի գումարի, նարկոտիկի գումարի, պատրաստ է ամեն ինչի ու ընդհանրապես իր համար էլ մեկ է՝ Հայաստանը Հայաստան է, թե Արևմտյան Ադրբեջան կամ Թուրքիա»։