Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պատերազմն Ուկրաինայում կտրուկ թեժանալու է՝ ընդգրկելով նոր տարածքներ». Դավիթ Կարապետյան

«Պատերազմն Ուկրաինայում կտրուկ թեժանալու է՝ ընդգրկելով նոր տարածքներ». Դավիթ Կարապետյան
245
Երեկ, 22:48

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամերիկյան «վեստերն» Սպիտակ տանը…
Ի՞նչ կատարվեց Սպիտակ տանը.
Աննախադեպ քաոսային իրարանցում, չտեսնված, չսլված դիվանագիտական սկանդալ:
Համաշխարհային պատմության մեջ այսպիսի դրվագ երբևէ չի եղել:
ԱՄՆ-ի Նախագահ Թրամփն ու փոխնախագահ Վենսը՝ լրագրողների, դիվանագետների ներկայությամբ, ամերիկյան բոլոր հեռուստաալիքների ուղիղ հեռարձակմամբ հրապարակայնորեն, բացահայտ իրոնիայով ու քամահրանքով քննադատեցին, վիրավորեցին, նվաստացրեցին, ստորացրեցին ու ծաղրի ենթարկեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն:
Ողջ աշխարհն ականատես եղավ մի անհավանական, աբսուրդի ժանրից տեսարանի, երբ ԱՄՆ նախագահը, մատը թափ տալով Ուկրաինայի նախագահի վրա, մեղադրելով ու ուլտիմատում ներկայացնելով ասում է՝ «դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքի հետ և կարող եք հրահրել երրորրդ համաշխարհային պատերազմ։
Այս ամենը պետք է ավարտել»,
«Ուկրաինան հիմա վատ վիճակում է ու ինքն է իրեն դրել նման վիճակի մեջ։ Եթե չլիներ ամերիկյան զենքը, պատերազմը կավարտվեր մի քանի շաբաթում»,
«Կա՛մ գնում ես գործարքի, կա՛մ ԱՄՆ-ն լվանում է ձեռքերը։ Դու հիմա այն վիճակում չես, որ մեզ որևէ բան թելադրես»,
«Մի եղիր անշնորհակալ։ Ես եմ քեզ տվել Javelin-ներ, որպեսզի կարողանաս դիմակայել տանկերին»,
«Քո խնդիրներն այս պահից են սկսվելու»,
«Դու հենց հիմա պետք է համաձայնես կրակի դադարեցմանը»,
«Ու դու կարծում ես, որ դա հարգալից է՝ գալ ԱՄՆ ու հարձակվել ղեկավարության վրա՞»,
«Այն, ինչ դու անում ես, շատ անհարգալից է այս երկրի համար»,
«Քո ձեռքում խաղաքարտեր չկան, որ այստեղ այսպիսի ելույթներ ունենաս»:
«Ես եկա եզրահանգման, որ դու պատրաստ չես խաղաղության: Մենք այսօր շատ բան հասկացանք։ Կարող ես վերադառնալ, երբ պատրաստ կլինես խաղաղության»:
Եվ այս ամենը՝ հախուռն էմոցիաներով, ժեստերով ու միմիկաներով:
Մի խոսքով՝ մի դրամա, մի տրագիկոմեդիա…
Ներկաներն ապշած, շունչները պահած, շիվարած, սենսացիայից սարսափած ու սթրեսի ենթարկված, տագնապի տարափով հետևում էին «դեբատադեբոշին»:
Այնպիսի լարված մթնոլորտ, որ տեսարանից ազդված ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն սկսեց արտասվել։
Կուլմինացիան՝ Զելենսկին հեռացավ / հեռացրին Սպիտակ տնից. ադմինիստրացիայից որևէ մեկը նրան չուղեկցեց:
Նախատեսված պաշտոնական ընթրիքն էլ չեղարկվեց:
Ի սկզբանե, ամեն ինչ գնում էր իր հունով ու ինչպես ասում են՝ «ничего не предврещало беды»…
Երկուստեք շռայլվում էին հաճոյախոսություններ, ջերմ խոսքեր ու դիվանագիտական ռեվերանսներ:
Ըստ օրակարգի՝ կողմերը պետք է պատասխանեին լրագրողների մի քանի հարցերին, հետո անցնեին իրենց դռնփակ բանակցություններին և «հազվագյուտ մետաղների» վերաբերյալ արդեն իսկ համաձայնեցված համաձայնագրի ստորագրմանը:
Սակայն, պրես կոնֆերանսի ընթացքում, երբ ԱՄՆ-ի նախագահը պատասխանելով լրագրողի հարցին, ըստ իր պատկերացման հիմնավորում է, թե ինչու երեք տարի պատերազմելուց հետո վերջապես անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, Ուկրաինայի նախագահը սկսում է ընդհատել, նրան կոշտ հակաճառել և բերելով իր տարաբնույթ հիմնավորումները բացատրել, որ Ռուսաստանի հետ հնարավոր չէ խաղաղություն հաստատել:
Այս երևույթը կրկնվում է մի քանի անգամ, և ամեն անգամ խոսակցությունն ավելի է լարվում ու թեժանում:
Իսկ պիկին հասնում այն պահին, երբ
Ուկրաինայի նախագահը դիտողություն է անում ԱՄՆ-ի փոխնախագահին, որը միջամտեց խոսակցությանը:
Վերջինս իր հերթին կոշտ հակադարձեց, որից հետո Թրամփն իր ամպլուայի, Զելենսկին իր ռեպերտուարի մեջ (երկու կամակոր ու ֆանտաստիկ շուումեն) սկսում են սկանդալային վիճաբանությունը:
Արդյունքում՝ բանակցությունները ձախողվում են, Ուկրաինայի նախագահը հապշտապ լքում է Սպիտակ տունը և ողջ աշխարհը հիմա փորձում է գուշակել, թե ինչ է տեղի ունենալու հաջորդիվ:
Ընդ որում, փոխնախագահ Վենսը, դիմելով Զելենսկուն, ասում է՝ «դուք ոչ մի անգամ շնորհակալություն չեք հայտնել նախագահին», իհարկե այդկերպ ձեռքի հետ հաճոյանալով Թրամփին, լավ գիտենալով, որ միայն վերջին ժամանակաշրջանում Զելենսկին ԱՄՆ աջակցության համար տասնյակից ավել հատուկ շնորհակալություն է հայտնել Թրամփին:
Դե իսկ Զելենսկին քթի տակ մռթմռթալով Վենսին «սուկա ու բլյած» պետք է անվանի, որն էլ չի վրիպի լրագրողների ուշադրությունից:

Զելենսկին շշուկով հահոյում է Վենսին

Այս ամենը տեսնողը հասկանում է, որ եթե սա նույնիսկ նախապես պլանավորված ծուղակ ու կանխավ բեմադրված հոլիվուդյան «նայեզդ-շոու» չէր, ապա այն ինքնաբերաբար այդպիսին դարձավ:
Մինչև բուն վեճը սկսվելը, Զելենսկուն հարցրեցին՝ «դու կոստյում չունե՞ս, այս ինչո՞վ ես եկել ու նստել մեր առաջ»։
Թվում է, թե մանրուք է, բայց՝ ոչ։
Վերջիվերջո, պաշտոնական հանդիպում է, որը արարողակարգային բնույթ է կրում.
հետևաբար՝ նման հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է ներկայանալ կոստյումով:
Աննորմալ է, երբ նման բարձրաստիճան ղեկավարների մակարդակով հանդիպմանը մի կողմի ներկայացուցիչը գալիս է սպորտային կամ զինվորական համազգեստով:
Մանավանդ, երբ նա ո՛չ սպորտսմեն է, ո՛չ զինվորական:
Այդ մասով Զելենսկու հռետորական պատասխանը մասամբ ընդունելի էր, հեգնանքը՝ ևս:
Բայց այդուհանդերձ, փաստ է, որ որքան էլ պատերազմական վիճակում ես, ունես հազարավոր նահատակներ, խեղված ճակատագրեր, տարածքային կորուստներ, միևնույն է՝ պետք է արարողակարգի կանոնները պահպանել ու կոստյումով ներկայանալ:
Դրանով չես «փոշիացնում» պատերազմողի, ու հատկապես՝ խիզախ, «կռվող-հերոսի» կերպարը, որն ի դեպ՝ այդկերպ հարկի-անհարկի դեմոնստրացվում է:
Նման կերպար է իրենից «ձուլել» նաև Կադիրովը, ով պաշտոնական հանդիպումներին գնում է զինվորական սև համազգեստով:
Կամ Իլոն Մասկը, որը նախագահական մտնում է նկարազարդված «մայկայով» ու ամառային գլխարկով, իսկ իր բալիկը քթաքչփորություն է անում ու պարունակությունը քսում-քսմսում Թրամփի սեղանին:
Ժամանակին զինվորական համազգեստով է Սպիտակ տուն ժամանել նաև Անգլիայի վարչապետ Վինսթոն Չերչիլը, հենց այն շրջանում, երբ Անգլիան դիմադրում էր ֆաշիստական Գերմանիային։
Ինչևէ, կոստյումը չէ, որ պետք է գեղեցկացներ Զելենսկուն, բայց վատ էլ չէր լինի, որ այն, համենայն դեպս, հագներ:
Զելենսկու հանդեպ նման պահելաձևն ու կարծես պլանավորած սադրանքն, ինչ-որ տեղ բարձրացրեց նրա վարկանիշը:
Մանավանդ, երբ վերջինս «չէր կոտրվում», «տակ չէր տալիս», անգամ՝ «լեզվին էր տալիս» ու հակադարձում:
Փաստ է, որ ոչ մեկը օվալնի կաբինետում այսպես չեր խոսացել ԱՄՆ-ի որևէ նախագահի հետ:
Եվ ընդհակառակը՝ որպես հյուրընկալող երկրի ղեկավար, այդպիսի տգեղ վարվելակերպով Թրամփը վարկաբեկեց իր ռեպուտացիան:
Հատկապես, երբ մեղադրանքների տարափի ժամանակ Բայդենին անվանեց հիմար:
Տպավորություն էր, որ Թրամփը Զելենսկուն «պատժում է» (կամ թե «աբիժնիկ» էր) Բայդենին սատարելու ու նրանից օգնություն ստանալու պատճառով:
Ինչևէ, հանդիպումից հետո, հազարավոր մարդիկ իրենց սատարման խոսքերն էին ուղղում Զելենսկուն և քննադատում Թրամփի պահվածքը:
Իհարկե, ռեալ պոլիտիկի հետ այդ ամենը, տարատեսակ էմոցիաները, ամոթանքներն ու լութանքները բացարձակ կապ չունեն:
Թրամփի հանդեպ տարակուսանքն ավելի շատացավ, երբ վերջինս հայտարարեց, թե «ես Պուտինին հավատում եմ»:
Գուցե դա մտացված ասելիք էր ու ուներ իր հասցեատերը, գուցե՝ ոչ:
Ժամանակին՝ մյունխենյան գործարքից հետո,
Չեմբեռլենն էլ էր նույնն ասում Հիտլերի մասին, բայց իրականում Չեխոսլովակիան «փուռը տալով» ժամանակ շահում, որ Բրիտանական կայսրությունն ավարտի վերազինումը, սեփական ժողովրդին էլ՝ փրկի:
Ռիբենտրոպն ու Մոլոտովն էլ էին ասում, թե վստահում են միմյանց, բայց տեսանք՝ ամիսներ անց ինչ տեղի ունեցավ:
Այսպիսով, ինչի համար, որ Զելենսկին ժամանել էր, դա տեղի չունեցավ:
Թրամփն իր նպատակին չհասավ:
Չկարողացավ իր կամքը թելադրել, ստիպել նրան՝ պատերազմը դադարեցնել, համակերպվել ստեղծված ստատուս քվոյի հետ, համոզել հրաժարական տալ, ընդունել կապիտուլյացիան և ամենակարևորը՝ ստորագրել «հազվագյուտ մետաղների» վերաբերյալ արդեն իսկ համաձայնեցված համաձայնագիրը, որով միլիարդավոր դոլարների գերօգուտ էր ստանալու:
Իհարկե, սա չի նշանակում, որ այս թեման ի սպառ փակվեց:
Համենայն դեպս՝ Թրամփը լավ չէր հաշվարկել, որ Զելենսկին կարող է «ապստամբել», ընբոստանալ, ընդդիմանալ ու չընկրկել: Որ նա չի պատրաստվում լսել նվաստացման, պարտադրանքի, մեղադրական մենախոսություն, չի համակերպվի վերջնագրերի հետ, չի գնա զիջումների, որ չի վախենում, կամային է, վճռական, համառ է ու համարձակ, որ իր երկրի յուրաքանչյուր սանտիմետրի համար պայքարող է:
Թրամփն իր պատկերացրած ու գծած սցենարով պետք է մեծավարի խրատ ու «իտոգ» տար, կորզեր Զելենսկու՝ կապիտուլյացիայի ու հանքերի շահագործման տրամադրման մասին ստորագրությունն ու «ջեբերը հույս ու հավատ լցրած» ճանապարհեր վերջինիս տուն:
Մինչդեռ ամեն ինչ «թոզմիշ» եղավ:
Չնայած, փաստ է, որ եթե Զելենսկին չունենար պատերազմը դադարեցնելու ու համաձայնագիրը ստորագրելու մտադրություն, պարզապես չէր գնա Վաշինգթոն:
Մանավանդ, որ նման հարցերն ու դրանց համաձայնությունները մինչև վերջին կետը նախապես քննարկվում ու հաստատվում են մինչ այցը, ոչ թե հանդիպման վայրում:
Առավել ևս, որ նա Վաշինգթոն մեկնելուց մի քանի օր առաջ հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել հանածոների համատեղ շահագործման պայմանագիրը:
Այլ կերպ ասած՝ Զելենսկու «հերոսական դիմադրության» վերաբերյալ մեկնաբանությունները մեղմ ասած ուռճացված են:
Այդուհանդերձ, չնայած նման կուլմնինացիայի, Թրամփը ստիպված է չայրել բոլոր կամուրջներն ու բանակցային խողովակները:
Ի դեպ՝ այս համատեքստում Թրամփն իր նախընտրական խոստումը չկատարեց, ավելի շուտ նրա մոտ չստացվեց սեղմ ժամկետներում դադարեցնել պատերազմը, որի մասին հաստատակամ հայտնում էր ի լուր աշխարհի:
Հասկանալի է, որ հիմա Թրամփին պատերազմ պետք չէ։
Նրան պետք է բավարարել իր էգոն ու ամբիցիաները, ներկայանալ աշխարհին որպես հեգեմոն գերտերություն, որպես մեծ խաղաղարար, իրավիճակ թելադրող ու իր քաղաքացիներին էլ ցույց տալ, որ երկրից դուրս եկած փողերը հետ է բերում։
Այս ամենից հետո հասկանալի է նաև այն, որ ԱՄՆ-ի պատժիչ գործողությունը Ուկրաինային՝ նրան չաջակցելն է պատերազմում։
Իսկ զինելու «առաքելությունն» իրենց վրա են վերցրել եվրոպական մի շարք երկրներ, որոնք պատրաստակամ են շարունակել սպառազինություն տրամադրել Ուկրաինային:
Ի դեպ, նման վարգագծով ԱՄՆ-ն կորցրեց իր՝ հուսալի դաշնակից լինելու իմիջը, այդ թվում՝ Եվրոպայի մասով:
Այս ամենը չափազանց ծանր ազդեցություն է թողնելու ամերիկա-եվրոպական հարաբերությունների վրա։
Էլ չեմ խոսում այս ամենից բխող լրջագույն աշխարհաքաղաքական հետևանքների մասին:
Համենայն դեպս, մի շարք եվրոպական երկրներ դեռ կքաջալերեն Զելենսկուն ու կզինեն Ուկրաինային՝ խրախուսելով շարունակել պատերազմն Ուկրաինայում, մի քանի երկիր՝ կտրականապես այն կմերժեն:
Այսօր Լոնդոնում, եվրոպական գագաթնաժողովում, Զելենսկու մասնակցությամբ եվրոպական առաջնորդները, ինչպես նաև Կանադայի վարչապետ Թրյուդոն և Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը քննարկեցին Ուկրաինային անվտանգության տրամադրման հարցը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել Ռուսաստանի դեմ պատերազմում հրադադարի պլանի վրա, որը կներկայացվի ԱՄՆ-ին։
Վերջիններս Զելենսկուն նաև հորդորել են՝ Թրամփի հետ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին, ակնարկելով, որ առանց ԱՄՆ-ի աջակցության հնարավոր չի լինի որևէ բարենպաստ լուծում ստանալ Կիևի համար։
Ենթադրելի է, որ եվրոպական առաջնորդները կփորձեն Թրամփին «բարեխոսել» Զելենսկու համար և փորձել հարթել նրանց միջև կոնֆլիկտը, իսկ ԱՄՆ-ից հստակ հասկացրել են, որ առաջին քայլը, որը պետք է լինի Զելենսկու կողմից, դա հրապարակային ներողությունն է։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենն ևս Զելենսկուն կոչ արեց վերականգնել հարաբերություններն ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի հետ:
Իսկ դա նշանակում է գնալ Վաշինգթոն, ներողություն խնդրել դրսևորած վարքագծի, արածի ու չարածի համար, համաձայնել խաղաղությանը, ստորագրել հազվադեպ հանդիպող մետաղների հանքերն ԱՄՆ-ին տրամադրելու մասին համաձայնագիրը, ընդունել, որ ԱՄՆ-ից 350 միլիարդ դոլարի վարկ է վերցրել, այլ ոչ թե 100 միլիարդ դոլարի դրամաշնորհ ստացել ու նոր ակնկալել այդքան բաղձալի անվտանգության երաշխավորությունը:
Այսպիսով, ստացվում է՝ Ուկրաինան ուզում է ապահովագրված լինել, որ հետագայում Ռուսաստանը չի կարողանալու հարձակվել։
Եթե Կիևն ԱՄՆ-ից ստանա նման երաշխիքներ, ապա պատերազմը կանգնեցնելու ամենաշահագրգիռ կողմը կլինի Ուկրաինան։
Ու դա այսօրվա ստատուս քվոյով:
Ստացվում է՝ Թրամփը պատրաստակամ է գործարքի դիմաց բավարարել հրադադարը, սակայն առանց երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ տրամադրելով Ուկրաինային:
Ընդ որում՝ երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ ոչ ոք չի կարող տրամադրել Ուկրաինային.
ոչ մի երկիր, առ այս պահը, նման առաջարկով կամ առաջարկի բավարարմամբ հանդես չի եկել:
Իհարկե, Ուկրաինան այս ծանր իրավիճակում դեմ չի լինի, որ ԱՄՆ-ին՝ որպես հիմնական դաշնակից փոխարինի Թուրքիան՝ իր տարածքում տեղակայելով թուրքական զորամիավորումներ:
Մանավանդ, որ Էրդողանից կա դրական պատասխան:
Այս սցենարներից դուրս՝ իրավիճակը հուշում է, որ պատերազմը Ուկրաինայում կտրուկ թեժանալու է՝ հավանաբար ընդգրկելով նոր տարածքներ:
Մանավանդ, երբ Ռուսաստանը բացահայտ խոսում է իր առավելապաշտական, ծավալապաշտական նկրտումների մասին:
Արդեն իսկ որպես պահանջ հնչել է՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ամբողջական վերահսկողության հաստատման մասին:
Խոսք անգամ չկա որևէ սանտիմետր տարածք հետ հանձնելու մասին:
Դրանք իրենց Սահմանադրությամբ այլևս համարվում են ՌԴ-ի անբաժանելի մաս:
Այս ամենը նաև այն մասին է, որ գերտերություններն անկանխատեսելի են, որ աշխարհն ու աշխարհակարգը փոխվել է, որ միջազգային իրավունքը ստորադասվել է, որ նոր կանոններ են սահմանվում ու բանեցվում, որ ուժն է ծնում իրավունքը, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», որ աշխարհը մտել է բիրտ ուժի, փողոցային վարքուբարքի, բացահայտ ռեկետի, շանտաժի ու նոր ճգնաժամերի ժամանակաշրջան, ու որ այս պանդորայի արկղի դուռը փակելը շատ դժվար է լինելու:
Հետևենք զարգացումներին, միաժամանակ դիտենք Ժիրինովսկու ժամանակին անհեթեթ ու աբսուրդ թվացող, իսկ հիմա մարգարեական ճշգրտությամբ, տրամաբանված ռեալ պոլիտիկ կանխատեսում-գուշակությունները:
Դիտենք նաև Զելենսկու մասնակցությամբ տարիներ առաջ նկարահանված, բացառիկ պայծառատեսությամբ գեղարվեստական ֆիլմը։
Դիտենք առաջին հայացքից կոնսպիրոլոգիական տեսություններ, վանգայություններ պարունակող ու դավադրապաշտական թվացող պարադոքսալ ու սենսացիոն Սիմփսոնների մուլտֆիլմը:
Դիտենք ու հետևություններ անենք…»:

Աղբյուրը`   Դավիթ Կարապետյան