«Վախենամ՝ Նիկոլը հրաժարական տա այն պահին, երբ անդառնալիության կետն անցած լինենք». Նաիրի Հոխիկյան
112
Այսօր, 11:24
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2021-23 թվականների ընթացքում Արցախի նախագահը կատարում էր Նիկոլի հրահանգները՝ անվտանգային հարցերի ապահովման փոխարեն շեշտը դնելով առաջին հերթին սոցիալական խնդիրների լուծման, իրեն դիմող ամեն մեկին ատրճանակ ու հերոսի կոչում, բնակարան ու կահույք նվիրելու վրա։ 2022-ի աշնանը, երբ մի անգամ Արայիկ Հարությունյանին ասացի, որ նորակառույցների, ստրոյկաների փոխարեն պետք է փողը առաջնագծի վրա ծախսել, ասաց՝ Երևանից եկող փողը սոցիալական նպատակներով է, բացի դա, ինքը չի կարող ռազմական հատկացումներ շատ անել։ Ադրբեջանը կբողոքի, Նիկոլը չի թողնի։ Հիշում եմ, երբ Աշոտ Հակոբջանյանն էր Արցախի ԱԱԾ պետը, այդ կառույցը հետապնդում էր ինձ, փորձում խանգարել Արցախի ՊԲ-ին անհրաժեշտ զինվորական ապրանքներ՝ քողարկիչ ցանցեր և այլն, հասցնելու գործում։ Ռուս խաղաղապահները աչք էին փակում, իսկ Արցախի ԱԱԾ-ն թույլ չէր տալիս, որ զորքին անհրաժեշտ ապրանքը հասցնեմ Արցախի առաջնագիծ։ 2022-ի հունվարին նույնիսկ եղել է դեպք, որ Արցախի ԱԱԾ-ն արգելել է իմ մուտքը Արցախ՝ Ադրբեջանի դեմ թշնամանք քարոզելու մեղադրանքով։ Ես հասկանում էի, որ հրահանգը Երևանից էր, բայց չէի հասկանում, թե ինչպես են դա անում Արցախցի պաշտոնյաները։ Այսպիսի և ուրիշ բազում ներքին քանդման ֆոնին Արցախի դիմակայունությունը՝ իմունիտետը, գնալով թուլացավ, իսկ մարդկանցից շատերը բանակն սկսեցին դիտարկել որպես փող ստանալու վայր, ոչ թե հայրենիք պաշտպանելու միջոց։ Ի վերջո, Արցախի բանակին զրկեցին ամեն ինչից։ Հայաստանը տարավ մեծ տրամաչափի զենքերը՝ թողնելով ավտոմատներ ու մի քանի հատ հրետանի, մի քանի տանկ ու մի քանի գրադ։ Մոտավոր այնքան զենք, ինչքան եղել էր 1990-ականների սկզբին։ Հետո երբ եղավ բլոկադան, ո՛չ Արցախի իշխանությունը այնքան սկզբունքայնություն ունեցավ ուժով բացելու ճանապարհը, ո՛չ էլ բանակն ուներ այդքան զենք ու զինամթերք։ Դե Հայաստանի կառավարությունն էլ քիրվայություն էր անում Ադրբեջանի հետ։ Ու երբ ամեն ինչ այնքան էր թուլացել ու փլուզվել, որ անցել էր անդառնալիության կետը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն հասկացավ դա և հրաժարական տվեց՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից։ Շտապեցին իշխանությունը իրենց ձեռքը վերցնել մարդիկ, որոնք մտածում էին, թե կփրկեն Արցախը, այնինչ նրանց ուղղակի տվեցին խորտակվող նավի ղեկը։ Ու թեպետ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահը չէր ամբողջական հանձնման պահին, բայց նա չազատվեց թշնամու վրեժխնդրությունից, իսկ Նիկոլը նրան էլ զոհաբերեց, որ ոչինչ չբացահայտվի։ Հիմա գրեթե նույն գործընթացը Հայաստանում է։ Վախենամ, Նիկոլը հրաժարական տա այն պահին, երբ անդառնալիության կետը անցած լինենք, ու խորտակվող նավի ղեկը հանձնվի մեկին, ում գլխին կջարդվի խորտակման փաստաթղթի տակ ստորագրություն դնելու մեղքը՝ պատասխանատվությունից ազատելով Նիկոլին։ Խորտակումը չպիտի թույլ տանք»: