Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մարդիկ այլևս չեն ընդունում անհիմն ֆինանսական բեռի ավելացումը»․ Սոնա Աղեկյան

«Մարդիկ այլևս չեն ընդունում անհիմն ֆինանսական բեռի ավելացումը»․ Սոնա Աղեկյան
114
Այսօր, 18:18

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի գործող իշխանությունների հարկային քաղաքականությունը. բյուջետային կայունություն, թե՞ սոցիալական բեռ․
Վերջին տարիներին Երևանի բնակիչները բախվում են տեղական հարկերի, վճարների և տուրքերի շարունակական բարձրացմանը։ Թանկանում են գույքահարկը, աղբահանության վարձը, տեղական տուրքերը, տրանսպորտի ուղեվարձը, ինչպես նաև ընդլայնվում են կարմիր գծերի վճարովի կայանատեղիները։ Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը սա պատճառաբանում է ֆինանսական կայունության անհրաժեշտությամբ, սակայն շատ-շատերի համար այն ավելի շատ սոցիալական բեռ է, քան արդարացված քաղաքականություն։
Որտեղի՞ց և ինչո՞ւ այս բարձրացումները
Քաղաքապետարանը ներկայացնում է մի քանի հիմնական պատճառ, որոնք, ըստ իրենց, հիմնավորում են վճարների աճը.
Քաղաքային բյուջեի համալրում
Իշխանությունները պնդում են, որ ենթակառուցվածքների բարելավման և նոր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ։ Այսպես, օրինակ, գույքահարկի բարձրացումը ներկայացվում է որպես անշարժ գույքի արդարացված հարկման միջոց, սակայն շատերի համար այն պարզապես անտանելի ֆինանսական բեռ է դարձել։
Գնաճ և արժեզրկում
Երևանի այսօրյա իշխանությունը նշում է, որ տնտեսական իրողությունները պահանջում են վերանայել համայնքային վճարները։ Սակայն այս փաստարկն անարդարացի է թվում, քանի որ եկամուտները չեն ավելանում նույն արագությամբ, ինչ հարկերը։
Աղբահանության և տրանսպորտի մոնոպոլիզացում
Աղբահանության ոլորտում մասնավոր օպերատորների ներգրավումը և հասարակական տրանսպորտի սպասվող «բարեփոխումը» հիմնականում հանգեցրել են այն բանին, որ բնակչությունը ստիպված է վճարել ավելի շատ՝ առանց էական որակական բարելավման։
Կարմիր գծերի ընդլայնում
Երևանի վճարովի կայանատեղիների համակարգը, որը սկզբում ներկայացվում էր որպես քաղաքում երթևեկության կանոնակարգման և բեռնաթափման գործիք, վերածվել է քաղաքացիների համար հերթական ֆինանսական բեռի։ Հատկապես բնակելի հատվածներում կարմիր գծերի ավելացումը ստիպում է մարդկանց վճարել այնտեղ, որտեղ նախկինում անվճար էին կայանում։ Բացի այդ, կարմիր գծերի կառավարումն իրականացնում է մասնավոր ընկերություն, ինչն առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր։
Քաղաքային պարտքերի սպասարկում
Երևանի բյուջեի մշտական պարտավորությունները հաճախ օգտագործվում են որպես հիմնավորում վճարների բարձրացման համար, բայց պարզ չէ, թե այդ գումարները որքան արդյունավետ են կառավարվում։
Արդյունքը՝ սոցիալական լարվածություն
Այս քաղաքականության հետևանքը ակնհայտ է՝ սոցիալական անհավասարության խորացում, բնակիչների դժգոհություն և բիզնես միջավայրի բարդացում։ Մասնավորապես, ուղեվարձի բարձրացման, կարմիր գծերի ընդլայնման և գույքահարկի բարձրացման շուրջ բողոքի ալիքն ու պայքարը ցույց են տալիս, որ մարդիկ այլևս չեն ընդունում անհիմն ֆինանսական բեռի ավելացումը։
Հարցն այն է, արդյո՞ք այս հարկային քաղաքականությունը բխում է հանրային շահից, թե՞ այն ուղղված է պարզապես բյուջեի խոցելի կետերը ծածկելուն՝ քաղաքացիների հաշվին։
Երևանը կարիք ունի ոչ թե հարկային ճնշման ավելացման, այլ տնտեսական խելամիտ զարգացման ռազմավարության, որը կբերի ոչ միայն բյուջետային կայունության, այլև սոցիալական արդարության»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան