Կիրակի, 09 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Յո՞ երթաս, ընդդիմությո՛ւն». Ռուբեն Հակոբյան

«Յո՞ երթաս, ընդդիմությո՛ւն». Ռուբեն Հակոբյան
165
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 10:42

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Յո՞ երթաս, ընդդիմությո՛ւն.
Այն, ինչ տեղի է ունենում ներընդդիմադիր դաշտում պետության համար այս ճակատագրական պահին՝ տրագիկոմեդիայի ժանրից է։ Լրացուցիչ փաստարկներ պետք չեն հերթական անգամ ապացուցելու, որ վարչապետի պաշտոնին իշխանատենչ պատուհասի մնալը ամեն վայրկյան Հայաստանին նոր կորուստներ ու ողբերգություն է գուժում։ Եվ բնական է, որ հասարակության մի զգալի հատված ընդդիմությունից պահանջում է ձևավորել միասնական օրակարգ և օր առաջ պետությունը փրկել գահավիժումից, ինչը ենթադրում է՝ նաև գործող իշխանությունից։ Բայց, երբ դրա փոխարեն ընդդիմության ներսում գործող որոշ ուժեր ու կուսակցության անվան տակ հանդես եկող խմբեր ամենօրյա ռեժիմով ծրագրավորված աշխատում են վարկաբեկել ընդդիմադիմության մյուս ներկայացուցիչներին՝ սա արդեն լուրջ մտահոգությունների ու մտորումների տեղիք է տալիս։
Ընդդիմադիր դաշտի պառակտվածությունն ավելի խորացնելու նախաձեռնողների նպատակն առնվազն ինձ համար ակնհայտ է՝ հնարավորինս խանգարել իշխանափոխությանը, եթե դրա արդյունքում այդ թիմերը չեն հայտնվելու իշխանության ղեկին։ Եվ կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ որոշ ուժեր ու անհատներ իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով կարողացան իրականացնել ծրագրավորված ագրեսիվ քարոզչություն, ինչը նպատակաուղղված էր խոչնդոտելու, խանգարելու և թույլ չտալու, որպեսզի հիմնական պատասխանատուների կողմից հրապարակային բացատրություն տրվեր քաղաքացուն հուզող կարևորագույն մեկ հարցի՝ ինչպես, ինչ պայմանների պարտադրանքով այս ազգակործանը կարողացավ զավթել իշխանությունը։
Քաղաքացու պահանջը քաղաքագիտության պարզագույն աքսիոմաներից է՝ բացահայտել անցյալում թույլ տված սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն նորից։ Առավել ևս, երբ այդ սխալներն ունեցել են ողբեգական հետևանքներ, ինչում այսօր հայտնվել է Հայաստանն ու աշխարհասփյուռ ողջ հայությունը։ Բայց շրջանառության մեջ դրվեց «դրսի հզոր ուժերի» գոյության վարկածը, ինչը, մեղմ ասած, հասարակության ուշադրությունն իրական պատասխաններից շեղելու նպատակ էր հետապնդում։ Այլ հարց է, որ մեր հավաքական ծննդատնից լույս աշխարհ եկած և վարչապետի աթոռին բազմած կերպարին մեր թշնամիները կարողացան անխոչնդոտ օգտագործել ոչ միայն ներսում, այլ նաև միջազգային հարթակներում՝ իրենց պանթուրանական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Եվ քանի դեռ պարզաբանման կարիք ունեցող քաղաքացու այս հարցապնդումը չի ստացել իր ճշմարիտ պատասխանը՝ այդ ծննդատունը շարունակելու է նոր ծնունդներ ընդունել, ինչը կարող է վաղը մեզ մի նոր նիկոլատեսակ հրամցնել։ Աստված տա սխալվեմ, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում ներընդդիմադիր դաշտում, նման չարագուշակ եզրահանգման հիմքեր է ինձ տալիս։
Վերջին տարիներին բազում անգամներ անդրադարձել եմ ստեղծված իրավիճակի պատճառահետևանքային կապերի բացահայտմանն ուղղված մի շարք հարցերի, որոնք, ցավոք, այդպես էլ մնացել են անպատասխան։ Մի քանի հարցերի պատասխաններն էլ՝ Կարեն Կարապետյանին չգործած «հանցագործությունների» համար մեղադրելը, կամ՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումն արցախյան հիմնահարցի մտահոգությամբ պայմանավորելը, մեղմ ասած, անհամոզիչ էին։
Փորձեմ այդ հարցերից մի քանիսը նորից արձանագրել՝ պատասխանատուների կողմից վերջապես հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով.
- Քաղաքացու համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ՀՀ սահմանադրության և օրենքների խախտմամբ Արմեն Սարգսյանը նշանակվեց Հայաստանի նախագահ, ով, գտնվելով արտերկրում, հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նախագահի կարգավիճակի ու պետության նկատմամբ ավելի խայտառակ և արհամարական վերաբերմունք՝ դժվար է պատկերացնել։ Ավելացնեմ նաև, որ այդպես էլ անպատասխան է մնացել օդում թափառող հարցը՝ ինչո՞ւ մինչև այսօր ո՛չ նշանակողը, և ո՛չ էլ նրան մինչև վերջ իր ազգակործան ծրագրերն իրականացնելու համար օգտագործողը քրեական ու քաղաքական պատասխանատվության չեն ենթարկվել։
- Ինչո՞ւ պետական պաշտպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ հանդիսացող Ռադիոտունը գրավող հանցագործը չձերբակալվեց՝ ինչը նախատեսում են թե՛ մեր և թե՛ միջազգային օրենսդրությունները։ Ի դեպ, միջազգային օրենսդրությունը նույնիսկ նախատեսում է հանցագործի ֆիզիկապես ոչնչացում, եթե նա չի ենթարկվում նախազգուշացնող հրահանգներին։
- Ի՞նչ նպատակով ու չափորոշիչներով պատերազմի մեջ գտնվող պետության ԱԱԾ-ի պետ նշանակվեց Գեորգի Կուտոյանը, ով, լինելով պարկեշտ և գրագետ անձնավորություն, այդուհանդերձ չուներ անհրաժեշտ փորձ և համապատասխան գիտելիքներ՝ պետության անվտանգությունն ապահովող այդ կարևոր պաշտոնը զբաղեցնելու համար։
- Ինչո՞ւ վարչապետի պաշտոնում չնշանակվեց Կարեն Կարապետյանը, ինչի մասին ամենաբարձր մակարդակով տարբեր առիթներով հրապարակային հայտարարվել էր։
- Արդյոք արդարացված էր վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը, առավել ևս, որ սահմանադրական փոփոխության ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ չի օգտվելու նոր Սահմանադրությամբ ընձեռած հնարավորությունից և չի առաջադրվելու վարչապետի թեկնածուի պաշտոնում։
- Ի՞նչ էր նշանակում՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։
Եվ ո՞րն էր այդ «ճիշտը»…
Համոզված եմ, եթե այս և նման հացերին ժամանակին տրվեր անկեղծ և առարկայական պատախաններ, այսօր մենք կունենայինք այլ որակի ընդդիմադիր դաշտ, ականատես չէինք լինի միմյանց նկատմամբ ամենօրյա ցեխարձակումների՝ ինչն ուղղակիորեն նպաստում է գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանը։
Նման հարցադրումներով ժանանակին հանդես են եկել նաև ուրիշ վերլուծաբան-քաղաքագետներ, բայց, ցավոք, հարցերին պատասխանելու փոխարեն հասցեատերերը դիմել են նենգ և ճղճիմ քայլերի՝ իրենց հսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով փորձելով զրպարտել և վատաբանել հարցադրման հեղինակներին։ Եվ այդ անբարո ընթացքը շարունակվում է նաև այսօր։
Այո՛, եթե ժամանակին այս հարցերին տրվեր անկեղծ և ճշմարիտ պատասխաններ, խորհրդարանում ու փողոցներում թափառող «ով բերեց Նիկոլին» եզրույթն այսօր ավելի չէր խորացնի առանց այդ էլ պառակտված ընդդիմադիր դաշտը, ինչին հոտընկայս ծափահարում է քայլարածների իշխանությունը։
ՀՀ Ազգային ժողովն իր պատմության ընթացքում երբեք այս քանակի ընդդիմադիր մանդատ չի ունեցել՝ այն կազմում է պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը։ Բայց գոծնական առումով նաև ընդդիմադիր խմբակցությունները երբեք այսքան անօրակարգ, քաղաքականապես միմյանցից այսքան օտարված ու երբեք իրար այսքան անհանդուժող չեն եղել:
Առավել քան համոզված եմ՝ եթե ԱԺ ընդդիմությունն, արտախորհրդարանական ուժերի հետ համատեղ, իշխանափոխության մեկ միասնական օրակարգ ձևավորի և հասարակությունն էլ համոզվի, որ միմյանց նկատմամբ տակից իշխանատենչության խաղեր չեն տալիս և վստահի նրանց, հավատացեք, այս ազգադավերից ազատվելը լինելու է ընդամենը օրերի հարց։
Ես համոզված եմ դրանում»:

Աղբյուրը`   Ռուբեն Հակոբյան