Կիրակի, 23 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործման ժամկետները խախտվել են»․ Ոսկան Սարգսյան

«Ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործման ժամկետները խախտվել են»․ Ոսկան Սարգսյան
205
Երեկ, 17:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռազմավարական ավտոճանապարհը նախատեսվում էր շահագործման հանձնել 2023-ի սեպտեմբերին, սակայն կգործարկվի 2025 թվականի վերջին։
Գանձաքար-Իծաքար հանրապետական նշանակության 35 կմ երկարություն ունեցող ավտոճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թվականին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ․ սեպտեմբերին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածը նորից էր ասֆալտապատել։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել։ Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցման նոր ժամկետ էր սահմանվել 250 օրը, այսինքն՝ 2024 թվականին ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր։
2024թ․ օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգման ընթացքին։ Կառավարությունը հայտնել է, որ այդ ճանապարհի հիմնանորոգման, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամրջի կառուցման համար ընդհանուր հատկացվել է 4,2 միլիարդ դրամ, ճանապարհի շահագործման ժամկետ է նշվել 2025 թվականը։ Մի քանի անգամ խախտեցին կարևոր այդ ճանապարհի շահագործման ժամկետը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ե՞րբ է շահագործման հանձնվելու ռազմավարական նշանակության այդ ճանապարհը։ Մարզպետը պատասխանել է․ «Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհի շինարարական աշխատանքների մոտ 60 տոկոսը ապահովված է, մնացած մասը կիրականացվի մինչև տարվա վերջ: Տեղեկացնեմ նաև, որ լրացուցիչ կառուցվելու է նոր կամուրջ»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան