Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Պետպատվերով բուժվողների «նվիրատվությունները» բժիշկներին կոռուպցիոն դրսևորո՞ւմ են». Ծաղիկ Վարդանյան

«Պետպատվերով բուժվողների «նվիրատվությունները» բժիշկներին կոռուպցիոն դրսևորո՞ւմ են». Ծաղիկ Վարդանյան
281
Երեկ, 03:06

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բժշկական կենտրոններում «նվիրատվությունների» մասին և ոչ միայն․
Բժշկական կենտրոններում պետական պատվերով բուժվողների կողմից բժիշկներին, կազմակերպությանը «նվիրատվություններ» անելը կարո՞ղ է ընկալվել որպես կոռուպցիոն դրսևորում:
Եկեք հանգամանորեն, բազմակողմանի դիտարկենք այդ «նվիրատվություն» երևույթը:
Ըստ էության՝ որևէ իրավական, բարոյական, հումանիստական խոչընդոտ չկա, որ քաղաքացին գումար կամ այլ նյութական, ոչ նյութական արժեքներ նվիրաբերի պետությանը, կորպորացիային, հիվանդին, բժշկին, արվեստագետին և այլն:
Բժշկական կենտրոներն այս հարցում բացառություն չեն: Մեզանից շատերը հավանաբար նկատել են օրինակ՝ X բժշկական կենտրոնի բաժանմունքի կամ հիվանդասենյակի մոտ փակցված ցուցանակներ՝ հետևալ բովանդակությամբ. «Այս բաժանմունքը/հիվանդասենյակը վերանորոգել/վերազինել է պարոն Z-ն 2014 թվականին»:
Ինչ վերաբերում է ներկայում լայն հանրային հնչեղություն ստացած «նվիրատվություններ» դրվագին, ապա ոչ թե նվիրատվության բուն փաստն է խնդրահարույց, այլ դրա տարածվածությունը: Իսկ ինչպե՞ս եղավ, որ այն, ինչը չափավոր քանակներով և ձևաչափերով տարիներով կիրառվում էր առողջապահական ոլորտում, հանկարծ դարձավ «պատուհաս» և բոլորի ուշադրությունը սևեռվեց այդ երևույթի վրա:
Խնդիրը «նվիրատվությունների» համակարգային բնույթ ստանալու մեջ է: «Նվիրատվություններ» հորինած գործիքը սկսեցին կիրառել համարյա բոլոր կլինիկաներում և տարօրինակն այն է, որ սույն երևույթը բուժվող քաղաքացիների կողմից բողոք, աղմուկ չի գեներացրել: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք սովոր են վճարելու, ավելին՝ «նվիրատվությունները» համարում են որակյալ բուժօգնություն ստանալու կարևոր նախապայման, ուստի իրենց բուժող բժիշկներին նվիրավություններ, շնորհակալության վճարներ կատարել են հիմնականում «սիրով»:
Ո՞ՐՆ Է ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍԱ ԿՈՌՈՒՊՑԻԱ Է՞։
Խնդիրը բազմաշերտ է և բավականին զգայուն: Պարզապես պատժիչ-պոպուլիստական քայլերով՝ մի քանի տնօրեն աշխատանքից ազատելով, երկակաժամկետ առումով կարգավորումներ ստանալ հնարավոր չէ:
Այս նվիրատվություններից, շնորհակալության վճարներից բժիշկները վարձատրվել են, պետական բյուջե հարկեր են վճարվել: Ամենայն հավանականությամբ բժշկական կենտրոնների հիմնադիրները (Առողջապահության նախարար, մարզպետներ, սեփակականտեր հիմնադիրներ) տեղյակ են եղել կատարվածից, չէ՞ որ որպես հիմնադիր նրանք պարբերաբար կառավարչական, ֆինանսական հաշվետվություններ են ընդունում տնօրեններց, ավելին, անգամ վերանորոգումների ժամանակ տեղում անձամբ պատերի ներկի գույնն են որոշում:
Նվիրատվությունների հիմնական պատճառը գործող պետական պատվերի ցածր գներն են: Բժշկական ծառայությունների շուկայական գները՝ վճարովի ծառայության գները, բարձր են պետական գներից: Ստացվում է, որ նույն բժիշկը նույն վիրահատարանում կատարել է նույն վիրահատությունը և վճարվել է էականորեն տարբերվող գներով: Օրինակ՝ «Հիդրոնեֆրոզ (պլաստիկա)» ՝ Պ/Պ 379,000 դրամ, վճարովի՝ 500,000 դրամ, «Աճուկային ճողվածքահատում»՝ Պ/Պ 188,000 դրամ, վճարովի՝ 230,000 դրամ և այլն: Ըստ մեր ուսումնասիրությունների՝ Երևան քաղաքում վճարովի ծառայությունների գները շուրջ 60-80% բարձր են պետական գներից, իսկ մարզերում այս հարաբերակցությունը մի փոքր այլ է: Կոռուպցիան հենց այս է՝ նույն աշխատանքի համար, նույն միջավայրում տարբեր գներ:
Երկրորդ հարցը, որ «լուծվել» է «նվիրատվությունների» միջոցով, դա բժշկական կենտրոններում ստվերային շրջանառության սպիտակեցումն է, այն թաքնված վճարները, որանք հիվանդը շնորհակալության ձևով բուժանձնակազմին էր տալիս, «նվիրատվության» դեպքում նա գնում և բժշկական կենտրոնի հաշվի համարին վճարային տերմինալից վճար է անում:
Երրորդ՝ ստացվել է մի իրավիճակ, որ համբավի, ճանաչողության որաշակի մակարդակից հետո բժիշկները հրաժարվում են պետական պատվերով հիվանդներին բուժել, այս «նվիրատվությունների» կիրառումը որոշակի մեղմել էր պրոգրեսիվող դիսկրիմինացիան բուժական ոլորտում:
«ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Առողջապահական համակարգում գործում են անհասկանալի կանոններ, բացակայում է հետադարձ կապը։
Եթե նվիրատվությունները հասել են մեծ ծավալների՝ միլրդ. ՀՀ դրամ, նշանակում է ոլորտի պատասխանատուները կա՛մ չեն դիտարկել դրանք որպես լուրջ երևույթ, կա՛մ չեն նախաձեռնել անհրաժեշտ հստակեցումներ, թե ինչու և ինչպես են դրանք գոյանում: Ավելին, ԲԿ-ների որակյալ աշխատանքի առաջին ցուցանիշ առողջապահության նախարարությունը համարում է շահութաբերությունը, իսկ այս գումարները հաշվառվել են որպես եկամուտ և ձևավորել են այդքան «գովելի» շահույթը:
2. Հանրային ֆինանսավորման արդյունավետության հարցերի առկայություն.
«Նվիրատվությունների» համատարած կիրառումը ուղիղ ապացույց է առ այն, որ պետության տված գումարները բավարար չեն և/կամ հիվանդները չեն վստահել, որ կստանան պատշաճ բուժօգնություն առանց հավելյալ գումար տալու:
3. Քաղաքական ռիսկերի թերագնահատում.
Ոլորտի կառավարիչները, մարզպետները պետք է կանխատեսեին, որ մի օր այս խնդիրը կհասնի ՊՎԾ, Հաշվեքննիչ Պալատ, հանրային քննարկումների մակարդակ: Հետևաբար, ավելի վաղ պետք է գնահատեին իրավիճակը և առաջարկեին լուծումներ:
Նիկոլ Փաշինյան, «նվիրատվությունների» վերադարձը շատ ավելի է սրում պետական պատվերի, առողջապահության նախարության նկատմամբ հանրային վստահության հարցը: Բազմաթիվ հիվանդներ վճարել են ինքնակամ, իսկ նրանց, ում ուղղորդել են, վճարել են՝ համոզված լինելով, որ այլ պարագայում որակյալ բուժօգնություն չեն ստանա, փորձառու բժիշկ իրենց չի վիրահատի: Մի քանի բժշկական կենտրոնի տնօրենի հեռացնելով անգամ կարճաժամկետ արդյունքներ չեն արձանագրվի: Խնդիրը համակարգային է և այն պետք է լուծվի հանրային կառավարիչների մակարդակով:
Ընտրողական պատժիչ/ պոպուլիստական ֆորմատը չի աշխատելու:
Հ.Գ Տնօրեններին աշխատանքից ազատելու հետ կապված լրատվական դաշտում տարածվում են՝ «Համակարգը մաքրում են Արսեն Թորոսյանի ընկերներից» և նմանատիպ թեզեր: Կարծում եմ, որ Արսեն Թորոսյանին ավելի ընկեր են ներկա նախարարը, նրա որոշ տեղակալներ, գլխավոր քարտուղարը, մի շարք վարչության պետեր: ԵՎ քանի դեռ այս մարդիկ իրենց տեղում պաշտպանված և հովանավորված պաշտոնավարում են, այսօրինակ թեզերը լրագրողական հանրույթին հասցնողները պարզապես կարևորից շեղելու նպատակ ունեն»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան