Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ղարաբաղյան շարժումից հնարավոր չէ հրաժարվել»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

«Ղարաբաղյան շարժումից հնարավոր չէ հրաժարվել»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
225
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 14:24

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու մասին:
Նախ՝ թեզեր, որոնք կփորձեմ հիմնավորել:
1. Ղարաբաղյան շարժումից հնարավոր չէ հրաժարվել
2. Եթե նույնիսկ հնարավոր է, ապա դա որևէ կերպ չի բերելու խաղաղության Ադրբեջանի հետ
3. Ղարաբաղյան հարցի լուծում միֆը վաղուց պայթել է փուչիկի հետ, բայց հայկական քաղաքական էլիտաները դա չնկատելու են տալիս, քանի որ այլ բան չունեն էլ առաջարկելու հայ ժողովորդին:
4. Մենք հայ ժողովորդին առաջարկում ենք ոչ թե ուտոպիաներ, այլ իրականություն, ոչ թե Ղարաբաղյան հարց, այլ՝ Հայաստանի, ոչ թե միֆական լուծում, այլ անկախության իրական պայքար և Հաղթանակը որպես նպատակ:
Հերթով:
Ինչու հնարավոր չէ հրաժարվել Ղարաբաղյան շարժումից:
Ղարաբաղյան շարժումը միայն 10 օր է եղել հենց Ղարաբաղյան՝ 1988 փետրվարի 20-ից մինչև մարտի սկիզբ, երբ Երևան մտցվեց սովետական բանակը: Էլ չասած, որ նույնիսկ ի սկզբանե հիմքում եղել է նաև բնապահպանական հարցը:
Սկսած այդ պահից Ղարաբաղյան շարժումն աստիճանաբար վերածվել է Հայաստանի անկախության և դեմոկրատացման լայն զանգվածային շարժման, փաստացի՝ հայկական հեղափոխության: Երբեք Հայաստանում անկախության հարցը լայն աջակցություն չէր ստանա, եթե չլիներ այդ շարժումը:
Եթե չլիներ այդ շարժումը, Հայաստանի անկախությունը լրիվ այլ որակ կստանար: Մոտավորապես նույնպիսի ինչպիսին ստացավ այն հետսովետական երկրներում, ուր հզոր ժողովորդական շարժումներ չեղան՝ Միջին Ասիա, Բելարուս, մասամբ՝ Ադրբեջան:
Հայաստանը կանկախանար արտաքին հանգամանքների բերմամբ, բայց անկախությունը չէր միջնորդվի ու նախապատրաստվի ժողովրդական շարժմամբ ու պահանջով:
Լրիվ այլ քաղաքական համակարգ ու ավնադույթներ կձևավորվեին: Հայաստանում իշխելու էին նախկին կոմունիստները, և հաստատվելու էր հավանաբար ալիևյան Ադրբեջանից մի քիչ ավելի փափուկ ավտորիտար ռեժիմ:
Չէր լինի հրապարակային զանգվածային պայքարի ավանդույթոը: Չէր լինի և ինքը Ն. Փաշինյանը որպես գործիչ:
2. Այս ամենով հանդերձ, Ադրբեջանի հետ կոնֆլիկտից հնարավոր չէ լինելու խոսւսափել: Թե ինչ բնույթ, առիթ, ժամկետ, ծավալ կունենար դա, հնարավոր չէ ասել: Բայց մեծ հավանականությամբ կունենար: Դա ես փորձել եմ ժամանակին ներկայացնել Այլընտրանքային պատմության իմ շարքում, և ոչ թե որպես զուտ ֆենթեզի, այլ որպես հիմնավոր սցենար:
Հայաստան-Ադրբեջան հակասությունն ունի օբյեկտիվ լուրջ հիմքեր, այլ ոչ թե ինչ որ մեկի կապրիզն է: Առավել կարևոր հիմքը այն սահմաններն են, որոնք ռուս-թուրքական դաշինքով գծվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև 1921 թ-ին: Դրանցով ստեղծված երկուսի անհամաչափությունն ինքնին կոնֆլիկտի բուն է, քանի որ մշտական գայթակղություն է Ադ-ի համար Հայաստանի նկատմամբ գերակա դիրք հաստատելու, իսկ հայերի համար Ադ-ից վտանգ զգալու համար: Իհարկե ինքնին միայն սա կոնֆլիկտի պատճառ չի: Դա դառնում է այդիսին երբ ավելանում են պատմական, դեմոգրաֆիական, սոցիալական և տնտեսական գործոնները:
3. Եթե նույնիսկ պատկերացնենք, որ հնարավոր է հրաժարվել Ղարաբաղյան շարժումից, ապա դա որևէ կերպ չի հանգեցնելու Ադրբեջանի հետ խաղաղության:
Ես կարող եմ հասկանալ մարդկանց տարակուսանքը, երբ դեռ 2020-ին ասում էի, թե պատերազմը Ղարաբաղյան չէ, այլ Անկախության, որ լուծվում է ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցը, նաև որ միայն հայ-ադրբեջանական չէ:
Բայց ես շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես այսր մարդիկ դեռ կարող են մտածել, որ հրաժարումը Ղարաբաղի հարցից կարող է բերել խաղաղության:
Վերջին տարիների դեպքերը երկաթե, կապարե, պողպատե փաստարկներով ապացուցել են, որ Ղարաբաղից հրաժարումը չի բերում խաղաղության, և որ հետևաբար պատերազմը երբեք չի էլ եղել Ղարաբաղյան:
Արդեն մեկուկես տարի է ինչ չկա նաև հայկական Արցախի այն մնացորդը հանուն որի փրկության իբր հանձնվել էին նոյեմբերի 9-ին: Արդեն շուրջ երեք տարի է ինչ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց դրանից չի բխել նույնիսկ այն կիսատ թղթի ստորագրումը որը կոչվում է Խաղաղության Պայմանագիր/Համաձայնագիր: Միթե այսքանն էլ բավական չէր հականալու համար, թե Ղարաբաղը չի խնդիրը:
Ավելին:
Շատ հստակ են, հետևողական և պաշտոնական Ադրբեջանի պահանջները ԽՊ-ի թղթից դուրս
- Հայաստանի ապառազմականացում
- «Զանգեզուրի միջանցք»
- Թուրքերի վերադարձ Հայաստան
- Արտաքին քաղաքականության մեջ Արևմուտքի հետ կապերի սահմանափակում
- Փոխհատուցում պատերազմի դիմաց
Եթե կան մարդիկ, որոնք իրենց համարում են քաղաքական կարծիքի կրող, ու չեն տեսնում, որ այս պահանջները պատահականություն չեն, զուտ տակտիկա չեն, այլ պետական հետևողական քաղաքականություն, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գերակայության հաստատումը, ապա ես չգիտեմ ինչ մտածեմ ու ասեմ:
Ընդ որում այս պահանջները հստակ միտում ունեն՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում, հատկապես.
- Ռազմական ոլորտի վերահսկում
- Արտաքին հարաբերությունների վերահսկում
- Գումարած Սահմանադրության փոփոխություն
Երևի ավելորդ է ասել, որ այս պահանջների զգալի մասը բխում են նաև ռուսական քաղաքականությունից:
Ակնհայտ է, որ նույնիսկ թղթի ստորագրումից հետո խաղաղություն այն կերպով, որով մենք ենք պատկերացնում՝ հավասար հարաբերություններ երկու կոմղերի մեջ առանց թշնամական և ուժային սպառնալիքի վրա հիմնված պահանջների չի լինելու:
Եվ որն է լինելու «խաղաղասերների» պատասխանը սրանց:
Կա ընդամենը երկու տարբերակ:
Կամ համաձայնել և շարունակել Հայաստանի «խաղաղեցումը» կամ մերժել և փաստարոնե ընտրել պայքարի և կռվի ուղին:
Մնացածը՝ դեմագոգիա է, չկա երրորդ տարբերակ:
Եթե խաղաղությունն ամենից վեր է, և գլխավոր նպատակն է՝ անխուսափելի է Անկախության ստորադասումը դրան և հրաժարումն անկախությունից:
Արդեն իսկ կորցրած Արցախից անվերջ հրաժարումը առավել ևս չի բերի խաղաղության, ինչպես չբերեց հրաժարումը իրական Արցախից:
4. Մեր աչքի առաջ պայթել է հայկական քաղաքական էլիտաների սիրած փուչիկը - Ղարաբաղյան հարցի լուծումը:
Ըստ այդմ՝ Ղարաբաղի հարցը «լուծվել է», բայց մեղր ու կարաք չի հոսում, սահմանները չեն բացվում, առևտուրը չի ծաղկում, փոխզիջման քաղաքականության ակնարկ իսկ չկա հարևան պետության կողմից:
Եվ այստեղ կապ չունի՝ պետք էր գլխանց հանձվել, այլ ոչ թե կռվել հայկական քաղաքական էլիտաների միասնական գաղափարախոսությունը, որը միավորում է բոլորին՝ առաջինից մինչև չորրորդ, և որը հազարապատիկ կարևոր է, քան նրանց բոլոր իրական և թվացյալ տարբերությունները:
Հենց իրենք են բացահայտում, որ օրինակ, նույն Զանգեզուրի պահանջը կար շատ ավելի վաղ քան պատերազմը:
Եվ նոյեմբերի իննին հանձնվելը չբերեց և չէր էլ կարող բերել գոնե Արցախի մնացորդի պահպանմանը կամ գոնե Հայաստանի սահմաններ անվտանգությանը:
Միակ իրական տարբերակն այլ իրականություն ունենալու՝ կռիվը շարունակելն էր ու հաղթելն էր:
Դա հնարավոր կլիներ միայն, եթե լիներ գիտակցություն՝ կռիվը Ղարաբաղյան չէ, այլ Հայաստանյան, և անկախության:
Այն հիմա էլ է այդպիսին:
Բայց պարզ է, որ հանուն Հայաստանի էլ պատրաստ չեք պայքարել, ինչ ինքնախաբեությամբ էլ զբաղվեք՝ դա փաստ է:
Եվ երբ անկախության հարցը դրվի ուղիղ՝ անխուսափելիորեն պատասխանելու եք՝ մենք չենք կարող պաշտպանել մեր անկախությունը: Դա նույնպես երկաթյա փաստ է, որը տեսել եմ բոլորիդ աչքերի մեջ:
5. Մյուսներիս համար:
Չկա ու չի եղել ոչ մի առանձին Ղարաբաղի հարց, առավել ևս դրա լուծում, կարգավորում և դրա արդյունքում՝ խաղաղություն:
Ինչպես տեսանք հենց սկզբից էլ չի եղել Ղարաբաղյան շարժում, այլ Անկախության: Առավել ևս 2020-ին եղել է Անկախության պատերազմ, որը շարունակվում է ցայսօր, և ոչ մի ԽՊ՝ ստորգրած թե ոչ, մեզ չի փրկի այդ իրողությունից:
Եղել է և կա Հայաստանի հարց, Անկախության հարց, որում մեզ պարտադրված է պայքար:
Այդ պայքարում պետք է դրվի Հաղթանակի նպատակը:
Անկախության պայքարը վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը: Տարբերություն չկա:
Իսկ թե ինչպիսի Հայաստան կունենանք այդ պայքարի արդյունքու, այդ թվում ինչպիսի տարածքով, դա կախված է հանգամանքներից և պայքարի պարտադրված ուժգնությունից:
Հ.Գ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, եթե դեռ ապացույցների կարիք կա, որ ոչ մի խորամանկ պլան չունի, այլ իրոք մտածում է, ինչ ասում է:
Իսկ դուք ուզում եք հավատալ, որ խորամանկ պլան կա՝ միայն ձեր կոմֆորտի համար: Եվ այդ կոմֆորտի ճանապարհով գնալու եք մինչև վերջ՝ մինչև Հայաստանի անկախութոյւնից հրաժարում, որտև այլ տարբերակ չկա, եթե ընտրել եք կոմֆորտի ճանապարհը»։