Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Քրիստոսի արձանի նախագիծը դրական եզրակացություն է ստացել․ այն կառուցվում է «Հատիս հրաբուխ»-ից 5 մ հեռավորությամբ

Քրիստոսի արձանի նախագիծը դրական եզրակացություն է ստացել․ այն կառուցվում է «Հատիս հրաբուխ»-ից 5 մ հեռավորությամբ
266
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 19:36

«Հետք»-ը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նախատեսում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի 56 հա՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող տարածքներում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցում։

Ընդհանուր տարածքի տարբեր հողեր տարբեր բնակավայրերի տարածքներում են, մասնավորապես՝ Զովաշենում (19,7 հա), Հատիսում (27,5 հա), Կոտայքում (2,2 հա և 0,1 հա, 0,5 հա), Ակունքում (6 հա)։

Շրջակա միջավայրի նախարարի՝ 2024թ․ սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատվել է «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը։ Համաձայն դրա՝ սահմանվել են Հատիս լեռան վրա գտնվող 9 երկրատեղանքի սահմանները և հատակագծերը։ Այդ 9 երկրատեղանքները բնության հատուկ պահպանվող տարածքներ են՝ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքի։

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը նշված երկրատեղանքների սահմանագծից գտնվում է մոտ 5-125 մ հեռավորության վրա։ Երկրատեղանքների վրա ազդեցությունից խուսափելու նպատակով իրականացվելու են կանխարգելիչ միջոցառումներ՝ բնության հուշարձանի երկրատեղանքի սահմանին կից տարածքներում տեղադրվելու են հատուկ նշաններ և ցուցանակներ, որոնց միջոցով աշխատակիցները և զբոսաշրջիկները կտեղեկացնեն բնության հուշարձանի երկրատեղանքի վերաբերյալ։ Երկրատեղանքների շրջակայքում աշխատանքները կիրականացվեն ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ բացառելով բացասական ազդեցությունը պահպանվող տարածքների վրա»,- նշված է փորձաքննական դրական եզրակացության մեջ։

Դրական եզրակացությունը տրվել է մի քանի պայմանով․ մանսնավորապես՝ առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և նախարարի՝ անձնագրի վերաբերյալ վերոնշյալ հրամանի պահանջներով։

«Շինարարության և շահագործման ընթացքում բացառել «Հատիս Հրաբուխ» երկրաբանական բնության հուշարձանի երկրատեղանքների և դրանց պահպանական գոտիներում որևէ միջամտություն և ազդեցություն, երկրատեղանքների պահպանության նպատակով տարածքում տեղադրել ճանաչողական ցուցանակներ և նշաններ։

Համաձայն նախագծի՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը նախատեսվում է տեղադրել Հատիս լեռան բարձունքին։ Համալիրը 3 հարթակներից բաղկացած հորինվածք է, որից սկիզբ է առնում 44 մետր բարձրությամբ պատվանդանը և ավարտվում 33 մետր բարձրությամբ քանդակով:

Առաջին հարթակում՝ -5,7 նիշում, նախատեսված են սրճարան և այլ ծառայություններ այցելուների համար:

Երկրորդ հարթկում՝ 0 նիշում, նախատեսված է ցուցասրահային հատված, ցուցասրահին կից սանհանգույցներ են լինելու:

Բոլոր հարթակները կապված են աստիճաններով և թեքահարթակներով: Վերին հարթակից կազմակերպված է մուտք պատվանդանի ներսի հատված: Վերին հարթակից մեծ թեքությամբ աստիճաններով հնարավոր է բարձրանալ պատվանդանի վերին մակարդակ:

Քանդակն իրականացվում է ալյումինե ձուլվածքով և ամրացվում է մետաղական հիմնակմախքի վրա։ Պատվանդանի ծավալում նախատեսված են մոտեցումներ մետաղական հիմնակմախքին հետագա շահագործման կարիքների համար։

Կառույցը լինելու է միաձույլ երկաթբետոնից, տրավերտինե սալերից երեսպատումով:

Համալիրում նախատեսված են դեկորատիվ հարթաքանդակներ:

Նախատեսվում է կառուցել նաև ճոպանուղի դեպի Հիսուս Քրիստոսի արձան և հակառակ ուղղությամբ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: