Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Զավեշտալի դրվագ՝ հայաստանցի-արցախցի քաղաքացիության հետ կապված»․ Թաթուլ Հակոբյան

«Զավեշտալի դրվագ՝ հայաստանցի-արցախցի քաղաքացիության հետ կապված»․ Թաթուլ Հակոբյան
328
Այսօր, 03:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանցի-արցախցի քաղաքացիության ամենազավեշտալի և «բեսպրիդել» դեպքը․
Այս օրերին, երբ շատ է խոսվում այս թեմայի մասին, նոր սերնդին ուզում եմ հիշեցնել մի զավեշտալի դրվագ:
Երբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997թ. մարտին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակեց Հայաստանի վարչապետ, իրավական հարց առաջ չեկավ՝ չճանաչված, բայց անկախություն հռչակած ԼՂՀ քաղաքացին կարո՞ղ է դառնալ Հայաստանի կառավարության ղեկավար:
1995թ. ընդունված Սահմանադրությունը վարչապետի քաղաքացիության հետ կապված ոչ մի պահանջ չէր դնում:
Նախագահի դեպքում այլ էր: Մայր օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, նախագահ կարող էր դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
1998թ. փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել և մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996թ. նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:
Հայաստանի արդարադատությունը, սակայն, այլ որոշում ընդունեց: Հայտարարվեց, որ Քոչարյանի՝ նախագահության թեկնածու առաջադրվելու համոզիչ իրավական դաշտ կա, քանի որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված համատեղ որոշման երրորդ հոդվածով հռչակվել է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Որոշման նույն կետով սահմանվել էր, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ քաղաքացու իրավունքները: Այս որոշումը վերացված չէր, ավելին՝ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր՝ հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա:
Պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը տակավին 1991թ., իսկ Քոչարյանը ԼՂ քաղաքացի է, չեզոքացվում էր հակափաստարկով՝ ոչ մի պետություն, այդ թվում և Հայաստանը, չեն ճանաչել այդ անկախությունը:
Ահա այսպիսի զավեշտալի «բեսպրիդել»»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան