Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ցույց չի տվել Կիրանցից Ադրբեջանին հանձնված հեկտարներով հողերը»․ Ոսկան Սարգսյան

«Ցույց չի տվել Կիրանցից Ադրբեջանին հանձնված հեկտարներով հողերը»․ Ոսկան Սարգսյան
186
Այսօր, 15:35

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում գրում է․ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։
Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»: Նիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել, գործարարներին չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները, նրանց ցույց չի տվել սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին հանձնված հեկտարներով հողերը, Կիրանցի կամուրջը, Կիրանցի նորակառույց դպրոցի խաղահրապարակը, ուր աշակերտները վախենում են խաղալ։ Նիկոլ Փաշինյանը գործարարներին չի ասել, որ նախանցյալ տարվա 38 հեկտար աշնանացանի փոխարեն 2024-ին Կիրանցում ընդամենը 6,8 հեկտար ցորեն է ցանվել, այս տարի գարնանացան չի ցանվել, արոտավայրերն Ադրբեջանին հանձնելու հետևանքով կրճատվել է խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Կիրանցում գազատար կա, սակայն բնական գազի ոչ մի բաժանորդ չկա, որովհետև գյուղացիները իրենց տները գազատարին միացնելու գումարները չունեն։ Սա է իրական Կիրանցը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան