«102 միլիոն եվրո ապահովագրական վարկի աբսուրդը». Ծաղիկ Վարդանյան
223
Այսօր, 01:24
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «102 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԱԲՍՈՒՐԴԸ
Հայաստանի Հանրապետությունը 102 մլն վարկային համաձայնագիր է ստորագրել Համաշխարհային Բանկի (Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի) հետ: Ըստ վարկային համաձայնագրի այն նպաստելու է առողջության պետական ապահովագրության ներդրմանը: Վարկային ծրագրի ավարտման ժամկետը 2029 թվականի սեպտեմբերի 30-ն է, մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի: Մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039թ. հուլիսի 15-ից մինչև 2049թ հունվարի 15-ը: Առողջապահության և ֆինանսների նախարության չինովնիկները հանրությանը ներկայացնում են, որ այս վարկային ծրագիրը արդյունքահեն է, ասել կուզեն, որ որոշակի առողջապահական ցուցանիշներ է ընտրվել ՝ ՄԿՑ-ներ՝ մասհանմանը կապակցված ցուցանիշներ (DLI) և Համաշխարհային Բանկը գումարները տրամադրելու է դրանց կատարումից հետո: Ներկայացնում են նաև, որ շուրջ մեկ տարի համատեղ մշակել են մասհանմանը կապակցված ցուցանիշների մատրից՝ ժամանակացույցով, մասհանվելիք գումարների ամրագրումով և այլն: Մի հետաքրքիր նրբություն ևս, համապատասխան ներկայացվածի Համաշխարհային Բանկի կողմից մասհանված գումարների ճակատագիրը Կառավարությունը տնօրինելու է ըստ իր հարմարության: Այժմ ներկայացնեմ այս «գայթակղիչ» վարկային ծրագրի դիլեման. 1. Վարկային համաձայնագիրը հատկապես 102,0 մլն. եվրո արժե, ոչ թե նրա համար, որ հենց այդքան գումար էր պետք առողջապահության պետական ապահովագրության նախապատրաստական աշխատանքների համար, այլ պարզապես Համաշխարհային Բանկն այդքան գումար է պատրաստ մեզ վարկ տալու: 2. ՄԿՑ-ներ՝ մասհանմանը կապակցված ցուցանիշները, ըստ որոնց կատարման պետք է գումարները հատկացվեն, վերաբերվում են այն գործունեության ենթաոլորտներին, ծրագրերին, որոնք հենց հիմա էլ իրականացվում են, մասնավորապես՝ բժշկական կադրերի վերապատրաստում, էլեկտրոնային դեղատոմսի ներդրում պետական պատվերի սահմաններում տրամադրվող դեղերի մասով, բժշկական ծառայությունների որակի բարելավում, գործելակարգերի մշակում և այլն: Ստացվում է, այն ամենը, ինչի մասին 2023 թվականից թմբկահարում է առողջապահության նախարարությունը, թե ակտիվ նախապատրաստվում է և պատրաստ է ապահովագրությանը, պարզապես փիար է: Ավելին, Ազգային Ժողովում 2025 թվականի Պետական բյուջեի քննարկման ժամանակ առողջապահություն/ֆինանսների նախարարություն ներկայացումը, թե պարզապես գումար չկա բյուջեում դրա համար չենք սկսում մեր խոստացած բժշկական պարտադիր ապահովագրությունը, լավ հորինված սցենար էր՝ պրոֆեսիոնալ կատարումով: Իրականության մեջ ոչինչ էլ պատրաստ չէ: 3. Այնքան ամեն ինչ արհեստածին և խառն է այս վարկային ծրագրում, որ մի կողմից փաստագրում են, թե «Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը», մյուս կողմից՝ հենց իրենք էլ հերքում են, թե գումարը սահմանված ՄԿՑ-ների՝ (DLI) համար է: Այնքան ոչ իրատեսական, կրկնվող, որոշ տեղերում արդեն կատարված ցուցանիշներ են դրել վարկային կատարողականի տակ, որ իրենք էլ են խճճվել: 4. Եվ ամենահուշագրավը ակամա նրանց խոստովանությունն է: Վարկային ծրագրի իրականացնողները ասում են, որ, այնուամենայնիվ, լավ է վարկ վերցնելը, եթե չհաջողվի ապահովագրությունը ներդնել, ապա ամեն դեպքում առողջապահության ոլորտի համար դա դրական միտումներ կապահովի: Եզրակացություն Այս վարկը անգամ ծրագրային չէ, այնքան արհեստական է, ոչ իրատեսական, որ անգամ իրենց ընտրած ցուցանիշների՝ DLI-ների կատարումից հետո մասնահանած գումարը պարտադիր չէ առողջապահության նախարարությանը տրամադրվի: Իրականության մեջ սա ընդամենը վարկային հերթական պարտավորությունն է՝ թույլ ոլորտայի ազդեցությամբ: Նիկոլ Փաշինյան, քաղաքացիների հարկերի հաշվին կատարած աշխատանքներին զուգահեռ հանձնարարեք հաշվեն, թե վերջին տարիներին քանի՞ բժշկական հիմանարկ է վարկային ծրագրերով վերանորոգվել/վերանորագվում, վերազինվել/վերազինվում և ինչքա՞ն գումար ենք վարկ վերցրել: Արդյո՞ք այսօրինակ տենդագին շինարարական աշխատանքները առողջապահության ոլորտում ծախսարդյունավե՞տ են: Դեռ քանի՞ սերունդ է աշխատելու, որ կարողանա այս անհասկանալի, չհաշվարկված վարկերից ազատվել: ՀՀ առողջապահության նախարարություն, միակ լուսավոր կետը այս վարկային համաձայնագրում գործելակարգերի մշակումն է, մնում է ձեր որդիներին, տեգրներին, դերձակ, դիզայներ ընկերուհիներին չներգրավեք բժշկական գործեկալարգերի մշակման խմբերում»: