Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Փաշինյանն ու իր հովանավորությունը վայելող բանկային ոլորտը դատարկում են քաղաքացիների գրպանները»․ Անդրանիկ Թևանյան

«Փաշինյանն ու իր հովանավորությունը վայելող բանկային ոլորտը դատարկում են քաղաքացիների գրպանները»․ Անդրանիկ Թևանյան
132
Այսօր, 16:18

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը
Աղքատության, հարկերի, պետական պարտքի, տեղական ծառայության վճարների (քաղաքային տրանսպորտ, ավտոկայանատեղի և այլն) ու գների աճի ֆոնին աչք է ծակում հայաստանյան բանկերի շահութաբերության կտրուկ աճը:
2024թ. ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է 363 միլիարդ դրամ: Դա 900 միլիոն դոլարի չափ է: 363 միլիարդն ավելի քան 60 տոկոսով գերազանցում է 2023թ. շահութաբերությանը:
2025թ. առաջին երեք ամսում Հայաստանի բանկերի զուտ շահույթը կազմել է 100,6 մլրդ դրամ կամ ավելի քան 250 միլիոն դոլար, որը 17,5 մլրդ դրամով կամ 21%-ով գերազանցում է 2024-ի առաջին եռամսյակի արդյունքներին:
Բանկային ոլորտում արձանագրված գերշահույթները պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանցից են՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, ռուս ռելոկանտների ֆինանսական շարժերը և այլն: Հայաստանի բանկերն ու գործարարների մի նեղ շրջանակ շահում է միջնորդական գործունեությունից:
Բանկերի շահույթների վրա բացի արտաքին գործոններից ազդում են նաև ներքին գործոնները: Բանն այն է, որ բանկային գործարքները Հայաստանում թանկացել են: Ամեն ինչից միջնորդավճար է վերցվում, ընդ որում՝ անտրամաբանական: Բարձր են նաև վարկային տոկոսադրույքները: Բանկը ոչ թե օժանդակում է բիզնեսին, այլ փաստացի փայ է մտնում՝ զրոյական ռիսկով:
Վարկերի տակ կքած քաղաքացիների օգտին ու շահումով խաղերի դեմ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո խնդիրները խորացել են: ՀՀ քաղաքացիները ենթարկվում են վարկային ռեկետի, շահումով խաղերի կազմակերպիչները աստղաբաշխական եկամուտներ են ստանում:
Ստվերային տնտեսության դեմ պայքարի քողի տակ և անկանխիկ գործարքների լոզունգների ներքո Փաշինյանն ու իշխանական հովանավորությունը վայելող բանկային ոլորտը, շահումով խաղերի կազմակերպիչները դատարկում են ՀՀ քաղաքացիների գրպանները:
Փաշինյանն ուզում է տոտալ վերահսկողություն սահմանել դրամական շարժի վրա, ինչը նրա համար նաև քաղաքական վերահսկողության գործիք է: Ու եթե այս ամենին ավելացնում ենք այն, որ բանկային գաղտնիք կոչվածը վերացվել է, ապա ստանում ենք ֆինանսաքաղաքական բռնապետություն:
Փաշինյանն արագաչափերը և տեսախցիկները վերացնելու, քաղաքացիներին վարկային գերությունից ազատելու և նմանատիպ այլ խոստումների միջոցով խաբեց ՀՀ քաղաքացուն: Հիմա եկել է քաղաքացու վրեժի պահը: Նիկոլ Փաշինյանի ստերից ու ռեկետից տուժածների վրեժի ժամանակը:
Հ.Գ. Ի դեպ, հարևան Վրաստանի հետ մեր բանկային ծառայությունների գների համեմատությունն ի վնաս մեզ է: Այստեղ բառիս բուն իմաստով ֆինանսապես քերթում են քաղաքացուն»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան