«Քոչարյանականները բարոյական իրավունք չունեն հանդես գալ Սպարապետի հիշատակի պաշտպանի դերում»․ ԵԿՄ
254
Այսօր, 11:48
Երկրապահ կամավորականների միության վարչությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել․ «Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ նրա որևէ խմբակ ու մանկլավիկ բարոյական իրավունք չունեն հանդես գալ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու նրա հիշատակի պաշտպանների դերում։ Շնորհիվ Վազգեն Սարգսյանի և երկրապահի գործադրած աներևակայելի ջանքերի միայն հնարավոր դարձավ, ՀՀ Նախագահի աթոռին նստեցնել հայ ժողովրդի կողմից այդպես էլ չընդունված ու չսիրված «ալբանացուն»։ Սխալը սակայն թույլ էր տրված, ինչի շտկելը, ինչպես հետո պիտի պարզվեր՝ անհնար էր։ Հանձինս նախագահ Քոչարյանի Ռոբերտի, Վազգենն ու Կարեն Դեմիրճյանը ձեռք էին բերել մի ոխերիմ բարեկամի, որի նպատակը նրանցից օր առաջ ազատվելն էր։ Մինչդեռ ձևավորելով «Միասնություն» դաշինքը և ի հեճուկս Ռ․ Քոչարյանի, փառահեղ հաղթանակ տանելով ԱԺ ընտրություններում, Վազգենը համոզված էր, որ Կ․ Դեմիրճյանի հետ կհաջողեն զսպել, չափավորել Քոչարյանի փառասիրությունն ու անհագուրդ նյութապաշտական, շահամոլական ցանկությունները։ Հոկտեմբերի 27-ը իրականացրեց Քոչարյան Ռոբերտի երազանքը։ Ինչքան էլ նա փորձում էր իրենից հեռու վանել ժողովրդի մեջ շրջանառվող կասկածներն ու մեղադրանքները, դրանք այնքան ավելի առարկայական ու հիմնավոր էին դառնում։ Իսկ Վազգենի թիմից ովքեր համարձակվեցին հրապարակավ բարձրաձայնել դրանք, պաշտոնանկ արվեցին ու դատապարտվեցին շինծու մեղադրանքներով։ Այն դեպքում, երբ գործի քննությունը տանում էր դեպի նախագահական ու Քոչարյանի մերձավոր շրջապատ։ Վարչապետ Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելուց հետո, գլխավոր տեռորիստը, կարծես պատվերով ճիշտ ժամանակին հրաժարվեց իր նախկին ցուցմունքներից։ Քննչական մարմնի բերանը փակեցին ահաբեկումներով, կալանքի ու դատապարտման սպառնալիքներով, հարուցված քրեական գործերով։ Ի վերջո դատարան գնացին միայն «ռոմանտիկները»։ Ինչպես մայր գործից անջատված մասը, այնպես էլ դատարանում մեղադրանքի պաշտպանության համակարգումը հանձնվեց Գլխավոր դատախազությանը։ Գործով հարյուրավոր վկաները այդպես էլ դատարան չհրավիրվեցին։ Քոչարյանի միանձնյա կառավարման հետագա տարիներին Հոկտեմբերի 27-ն ու Սպարապետին հիշելը արգելված, ռիսկային բան էր։ Նույնիսկ բանակի օրվան նվիրված հանրայինի ռեպորտաժներում, բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանը բացակայում էր։ «Միակ վոինը» Ասկերանի հրաձգարանում մաքառում էր ադրբեջանական զորքերի դեմ։ Հիմա առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում, պատասխան չունեցող հարց է։ Թե փորձ եք անում նրա անվան ու հիշատակի շահարկմամբ մոլորեցնել ժողովրդին, խաբեությամբ քվե ստանալ, իշխանության գալ, որ կիսատ թողած թալանը շարունակե՞ք։ Թույլ չենք տա, ժողովրդով թույլ չենք տա»։