«Հայաստանը 2004-ին ինքնազրկվեց վերջին ֆինանսական բուֆերից»․ Արման Բաբաջանյան
213
Երեկ, 17:36
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2004 թվականին Հայաստանի կողմից պետական ողջ ոսկու պաշարի վաճառքը կարճատես տնտեսական մտածողության, պետական ռազմավարության բացակայության և ինքնիշխան ֆինանսական քաղաքականության չգոյության դասական օրինակ էր։ Այդ որոշումը դրվեց պատմության մեջ որպես ակնառու սխալ, որն ուրվագծեց Հայաստանի ֆինանսական անվտանգության հիմնարար խնդիրը՝ բացարձակապես զրկվելով պահուստային արժեքից, որն ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն։ Ոսկու պաշարը պետության համար երբեք չի եղել պարզապես մետաղի կույտ կամ շուկայական տատանվող ակտիվ։ Այն ազգային ապահովագրություն է՝ ընդդեմ տնտեսական ճգնաժամերի, արտարժույթի արժեզրկման, գլոբալ ֆինանսական անկայունության և արտաքին ճնշումների։ Դարերի ընթացքում այն պետությունները, որոնք հասկացել են ոսկու դերը որպես վերջնական ապահովագրական ռեսուրս, կարողացել են դիմակայել աշխարհաքաղաքական ցնցումներին և տնտեսական ռիսկերին։ Բոլոր լուրջ տնտեսություններն այսօր պահպանում կամ ավելացնում են ոսկու պաշարները՝ ի տարբերություն Հայաստանի, որը 2004-ից ի վեր զրկված է պահուստային ապահովագրությունից։ Գերմանիան ունի ավելի քան 3,300 տոննա ոսկու պաշար, Իտալիան՝ 2,400 տոննա, Ֆրանսիան՝ 2,400 տոննա, նույնիսկ Ռումինիան ունի ավելի քան 100 տոննա։ Իսկ կտրուկ օրինակ՝ Ղազախստանը վերջին 15 տարիներին հետևողականորեն ավելացրել է իր ոսկու պաշարները՝ հասնելով ավելի քան 300 տոննայի, ճիշտ հասկանալով՝ ռեսուրսային երկիր լինելու պարագայում տնտեսական անվտանգությունը չի սահմանափակվում միայն էներգակիրներով։ Հայաստանը, որի տնտեսությունը մշտապես ենթարկվել է արտաքին ռիսկերին և արժութային ճնշումներին, 2004 թվականին սեփական ձեռքով ինքնազրկվեց վերջին ֆինանսական բուֆերից։ 18 միլիոն դոլարի դիմաց վաճառվեց ոչ թե պարզապես պաշար, այլ ապագայի անվտանգության երաշխիքը։ Հաշվի առնենք, որ նույնիսկ այդ պահին, երբ ոսկու գները համեմատաբար ցածր էին, աշխարհի առաջատար տնտեսությունները պահպանում էին իրենց պաշարները՝ գնահատելով ոսկին որպես արժույթի անկայունությունից պաշտպանվող միակ վստահելի ռեսուրս։ Ինչ կարելի էր իրականում անել այդ 18 միլիոն դոլարով Հայաստանում։ Դա բավարար չէր որևէ համակարգային ներդրում իրականացնելու համար։ Այդ գումարով հնարավոր էր ընդամենը կարճաժամկետ բյուջետային ճեղքվածքի փակում, մի քանի վարչական շենքի կամ խորհրդանշական ծրագիր ֆինանսավորել, ինչն էլ արվել է։ Բայց՝ ի՞նչ գնով։ Այսօր այդ նույն պաշարը կարժենար շուրջ 90 միլիոն դոլար, և ամենակարևորը՝ Հայաստանը կունենար իրական տնտեսական ինքնապաշտպանության գործիք, որը հնարավոր չէր վարկային պարտավորությունների կամ արժութային ճնշումների ներքո կորցնել։ Այլընտրանքը ոսկուն չի կարող լինել միջազգային վարկերը կամ օտարերկրյա ներդրումների ակնկալիքը։ Ոչ մի ներդրումային միջավայր չի փոխարինում պահուստային ռեսուրսի վստահությանը։ Այն պահից, երբ պետությունն այլևս չունի իր «վերջին խնայողությունը», դառնում է առավել խոցելի՝ արտաքին տնտեսական և քաղաքական ազդեցությունների առջև։ Հայաստանն այդ խոցելիության դասական օրինակն է, որտեղ ֆինանսական ռազմավարությունն ամեն տարի սկսվում է պարտքերով և ավարտվում՝ կրճատված ինքնիշխանությամբ։ Այս որոշման հետևանքներն ի հայտ եկան 2009-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ Հայաստանը ստիպված էր դիմել նոր վարկային միջոցների՝ չունենալով որևէ ներքին ռեսուրս ճնշումներին դիմակայելու համար։ Ապագայում էլ, երբ համաշխարհային տնտեսական անկայունությունը նորից ուժգնանա, Հայաստանի կախվածությունը արտաքին ֆինանսներից շարունակելու է աճել։ Եվ հենց այստեղ է ձևավորվում քաղաքական հարցի էությունը։ Ոսկու պաշար պահելը ոչ թե հարստության ցուցադրություն է, այլ պետականության ինքնիշխանության կռվան։ Հայաստանը 2004-ին ընտրեց անկախությունից հրաժարվելու ֆինանսական մոդելը՝ մի քանի միլիոնի դիմաց վաճառելով իր անվտանգությունը։ Դա ոչ թե սխալ էր, այլ գաղափարական անկարողություն՝ պատկերացնելու պետական ռազմավարության կարևորությունը։ Այսօր, երբ այդ սխալի հետևանքները առավել քան տեսանելի են, անհրաժեշտ է վերանայել տնտեսական անվտանգությունն ընդհանրապես։ Ոսկու պաշար չունենալը խորհրդանշում է մեկ բան՝ պետությունը չունի երկարաժամկետ հեռանկարով մտածող տնտեսական էլիտա։ Եվ սա է իրական սպառնալիքը, ոչ թե մետաղի բացակայությունը»։