«Իմպիչմենթը ժողովրդավարության զարգացման չափանիշ է, եթե գործի իրական պրակտիկայում». Արտակ Զաքարյան
125
Այսօր, 16:24
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմպիչմենթը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում։ Իմպիչմենթի նպատակն է վերահսկել երկրի կառավարության գործունեությունը՝ բնակչության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների կողմից։ Վերջին 30 տարիներին աշխարհում տեղի են ունեցել երկրի ղեկավարներին անվստահություն (իմպիչմենթի ենթարկելու) հայտնելու հետևյալ դեպքերը․ * 1992թ․ սեպտեմբերի 29-ին Բրազիլիայի Պատգամավորների պալատը հավանություն տվեց նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյին իմպիչմենթի ենթարկելու միջնորդությանը՝ կոռուպցիոն սխեմաներում նրա մասնակցության համար: 1992թ․ հոկտեմբերին նա դադարեցրել է պաշտոնավարել, իսկ դեկտեմբերին՝ Սենատում վերջնական քվեարկության նախորդ օրը, նա հրաժարական է տվել։ * 1997թ․ փետրվարին Էկվադորի խորհրդարանը երկրի նախագահ Աբդալա Բուկարամին հայտարարեց կառավարելու համար «մտավոր անկարող» և հեռացրեց իշխանությունից։ Աբդալլա Բուկարամը փախել է Պանամա, որը նրան քաղաքական ապաստան է տվել։ * 2000թ․ նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը քվեարկեց նախագահ Ջոզեֆ Էստրադայի իմպիչմենտի օգտին։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։ Այն ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ և 2001թ․ հունվարի 20-ին Ջոզեֆ Էստրադան հրաժարական տվեց։ * 2001թ․ Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն քվեարկեց նախագահ Վահիդ Աբդուրահմանի իմփիչմենթի օգտին: Նա չկարողացավ հաղթահարել երկրում առկա տնտեսական դժվարությունները և իր դեմ հանեց տարբեր քաղաքական և կրոնական խմբերի, այդ թվում՝ բանակը։ Իշխանության ղեկին մնալու Վահիդ Աբդուրահմանի փորձերը չստացան երկրի բնակչության աջակցությունը։ * 2004թ․ ապրիլի 6-ին Լիտվայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց նախագահ Ռոլանդաս Պակսասին։ Խորհրդարանականները նրան մեղադրում էին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորող գործարարին քաղաքացիություն տրամադրելու, պետական գաղտնիքի պաշտպանությունը չապահովելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել են Սեյմի 137 պատգամավորներից 115-ը։ * 2012թ․ հունիսի 22-ին Պարագվայի Սենատը որոշում ընդունեց երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտի ենթարկելու մասին՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով։ Գործը հարուցվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Կուրուգուատու քաղաքում ոստիկանության և ֆերմերների միջև բախումից հետո: Միջադեպի հետևանքով զոհվել էր 17 մարդ։ Նախագահի հրաժարականին կողմ է քվեարկել 39 սենատոր, դեմ՝ 4։ * 2016թ․օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը քվեարկեց նախագահ Դիլմա Ռուսեֆի վերջնական իմպիչմենտի օգտին: Իմպիչմենտի օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ՝ 20-ը։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ էր 54 ձայն։ * 2016թ․ դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց երկրի նախագահ Պակ Կըն Հեին։ Նախագահին իշխանությունից հեռացնելուն կողմ է քվեարկել Ազգային ժողովի 234, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Պակ Կըն Հեն իշխանությունից հեռացվել է 2017թ․մարտի 10-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։ * 2017թ․ նոյեմբերի 21-ին Զիմբաբվեի խորհրդարանը որոշում ընդունեց երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին իմփիչմենթի ենթարկելու մասին՝ հրաժարականի համար նրան 24 ժամ ժամանակ տալով։ Խորհրդարանի որոշումից հետո Մուգաբեն հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնից։ * 2020թ․ նոյեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը երկրի նախագահ Մարտին Վիսկարային ճանաչեց անգործունակ և քվեարկեց նրա իմպիչմենտի օգտին։ Որոշումն ընդունվեց 105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։ * 2022թ․ դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից լուծարված Կոնգրեսը նրան իմպիչմենտի ենթարկեց։ Պերուում իմփիչմենթը համարվում է կայացած, եթե կողմ քվեարկի խորհրդարանականների երկու երրորդը կամ 87 մարդ»: