Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Թրամփի նախագահության առաջին եռամսյակում դաշնային բյուջեի ծախսերն աճել են»․ Արշալույս Մղդեսյան

«Թրամփի նախագահության առաջին եռամսյակում դաշնային բյուջեի ծախսերն աճել են»․ Արշալույս Մղդեսյան
144
Երեկ, 17:30

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի 100 օրը, կամ ինչպես կրճատել ծասերը՝ ավելացնելով դրանք։
Աշխարհի առաջատար լրատվամիջոցները ամփոփում են Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ շրջանի առաջին հարյուր օրերը։ Պատկերը, հատկապես խնայողության մասով, որի մասին անդադար խոսում է ամերիկյան նոր վարչակազմը, եթե զտենք հնչեղ հայտարարություններից, բավական տխուր է։
Իլոն Մասկի ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը հաճախ կտրուկ ու անզիջում միջոցներ էր կիրառում միլիարդավոր դոլարների ծախսեր կրճատելու համար, հարյուր օրվա ընթացքում կարողացել է խնայել 160 միլիարդ դոլար։ Այս գումարն էապես զիջում է այն հավակնոտ նպատակին, որ Իլոն Մասկն էր դրել մինչ DOGE-ում պաշտոնավարելը։
Նախկինում Մասկը հայտարարել էր շուրջ 2 տրիլիոն դոլար խնայելու հնարավորության մասին, որը կազմում է ԱՄՆ բյուջեի ծախսերի մոտ մեկ երրորդը՝ գերազանցելով պաշտպանության, տրանսպորտի, կրթության, պետական ծառայողների վերապատրաստման և այլ ոլորտների համար նախատեսված ընդհանուր հատկացումները։
Հետագայում Մասկը չափավորեց իր ակնկալիքները՝ իջեցնելով հնարավոր խնայողության թիրախը կիսով չափ՝ մինչև 1 տրիլիոն դոլար՝ առանց հստակեցնելու դրան հասնելու ժամկետները։ Սակայն արդեն հայտնի է դարձել, որ Մասկը, իր բիզնեսում կուտակված խնդիրների պատճառով, որոշել է սահմանափակել իր մասնակցությունը DOGE-ի աշխատանքներում։
Նույնիսկ արդեն իրականացված 160 միլիարդ դոլարի խնայողությունների վերաբերյալ կան լուրջ հարցեր։ «Բի-բի-սի»-ի հրապարակման համաձայն, այդ ծախսակրճատումներից միայն յուրաքանչյուր երկրորդն ունի փաստաթղթային հիմնավորում (պայմանագրեր, համաձայնագրեր և այլն), իսկ խնայված միջոցներից ընդամենը 32,5 միլիարդն է հաստատված անդորրագրերով։ Որոշ փաստաթղթեր չեն հրապարակվի՝ գաղտնիության նկատառումներով։
Շատ դեպքերում խոսքը վերաբերում է միայն թղթի վրա իրականացված խնայողություններին։ Օրինակ՝ որպես խնայողություն են հաշվառվել այն գումարները, որոնք հնարավոր էր հատկացնել նախագծերին մի քանի տարի անց, սակայն դրանք իրականում դեռևս չէին պլանավորվել կամ հաստատվել։
Նույնիսկ եթե անվերապահորեն ընդունենք DOGE-ի հայտարարած խնայողության ցուցանիշները, դա չի նշանակում, որ Մասկն իրապես օգնել է պետությանը կրճատել ծախսերը։
Wall Street Journal-ի վերլուծության համաձայն՝ Թրամփի նախագահության առաջին եռամսյակում դաշնային բյուջեի ծախսերը, հակառակ ակնկալիքների, աճել են 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ նախագահն էր Ջո Բայդենը։ Ավելին՝ այդ ծախսերն աճել են մոտավորապես նույն 150 միլիարդ դոլարով, որը, ենթադրաբար, DOGE-ը խնայել էր մինչ այդ պահը»։